Պետք է հարգեին Արցախի գործող և նախկին նախագահների դիմումը. Բալասանյանը դժգոհ է

130

Պետք է հարգեին Արցախի գործող և նախկին նախագահների դիմումը և րոպե առաջ այդ որոշումը կայացնեին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին դիմումին ու դրան ստացված արձագանքին:


«Նրանց դիմումը չէր վերաբերում ընդհանրապես քրեական գործը կասեցնելուն կամ հետապնդումը դադարեցնելուն, այլ վերաբերում էր նրան, որ գոնե այս օրերին բոլոր նախագահները մասնակցեին այս տոներին»,- նշեց Բալասանյանը։


Անդրադառնալով այն տեսակետին, թե Արցախի իշխանությունները միջամտում են Հայաստանի ներքին գործերին, նա հիշեցրեց, որ ունենք երկու հայկական պետություն՝ մեկ հայրենիք։ Այդ դեպքում, հարց հնչեցրեց նա, ինչի՞ մասին է խոսքը։


Ավելի վաղ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել էին ՀՀ գլխավոր դատախազին՝ հիշեցնելով, որ մայիսի 9-ին Արցախում հանդիսավորությամբ նշվող տոնակատարություններին միշտ մասնակցություն են ունեցել բոլոր նախկին ղեկավարները, մարդիկ, ովքեր իրենց հսկայական ավանդն են ներդրել Արցախյան պատերազմում և կերտել են Հաղթանակը.


«Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, խնդրում ենք Ձեզ մայիսի 9-ին ընդառաջ կայացնել համապատասխան որոշում նրա խափանման միջոցը փոխելու մասին։


Մենք պատրաստ ենք հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու եւ կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար»,- ասվում էր դիմումի մեջ։


Սակայն արձագանքը մերժողական էր. Գլխավոր դատախազության հայտարարության մեջ ասվում էր, որ քանի որ քրեական գործն ուղարկվել է դատարան, ապաև այդ միջնորդության քննարկումն իրենց իրավասության շրջանակում չէ։


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...