ՀՀ-ում նպաստառու 6 մարդ ամսական 1 մլն դրամ եւ ավելի վարկի գումար է փակում. նախարար

71

Նպաստառու 6 մարդ ամսական 1 մլն դրամ եւ ավելի վարկի գումար է փակում: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:


Անդրադառնալով դեռ մարտին արված ՀՀ վարչապետի հայտարարությանը, որ 11 հազար 281 նպաստառու ամսական 100 հազար դրամ և ավելի վարկ է փակում, նախարարն ասաց. «Եթե հիշում եք վարչապետի գրառման նպատակը քննարկում ծավալելն էր: Այս պահին որեւէ որոշում չունենք, թե ինչ պետք է լինի, բայց աշխատանքային խումբը, որ ձեւավորվել է, նաեւ այս հարցը պետք է քննարկի: Պետք է ունենանք չափանիշներ, համակարգը պետք է վերանայվի: «ԱՌՔԱ» համակարգից տեղեկանքերն ենք հանել, քանի որ այդ տեղեկատվությունը որեւէ կերպ չէր ազդում նպաստների վրա, մենք պարզապես հավաքում էինք այդ տեղեկությունենրը: Մենք այդ տեղեկությունները վերլուծելու հնարավորություն չունենք: Այս պահին ուսումնասիրում ենք խնդիրը եւ մինչեւ սեպտեմբեր վերանայված կլինի ողջ համակարգը, որտեղ կներառվի նաեւ վարկեր ունենալու փաստը եւ կքննարկվի, թե ինչպես կարող է դա ազդել»:


Հարցին, թե իր անձնական մոտեցումն ինչպիսի՞ն է, վարկեր ունեցող նպաստառուները պետք է հանվե՞ն նպաստի համակարգից, Բաթոյանը պատասխանեց. «Ինձ համար կարեւոր է անձնական մոտեցումը. Եթե քաղաքացին վարկը վերցրել է առողջական խնդիրների լուծման համար կամ որեւէ այլ դժվարին վիճակում հայտնվելու պատճառով, դա մի բան է: Բայց եթե կան մարդիկ, որոնք իսկապես չարաշահելով օգտվում են նպաստի համակարգից, միաժամանակ ամսական մեկ մլն դրամից ավելի վարկ են մուծում, դա այլ հարց է: Այսինքն ընդհանուր համահարթ մոտեցում չի լինելու: Դա լինելու է հետազոտությունների, վերլուծությունների արդյունքում»:

Տպել

Загрузка...