Ծեծկռտուք Երևանում. քաղաքացու պնդմամբ իրեն ծեծի են ենթարկել ԱԺ պատգամավորն ու նրա հայրը

190

Երեւանում, մայիսի 5-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. Ժամը 17։40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ Երեւանի 1-03 շտապօգնության 03 հերթապահ խումբը Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկոից իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երեւան քաղաքի Պուշկինի փողոցի բնակիչ՝ 63-ամյա Սերգեյ Միխիթարյանն է։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 15։00-ի սահմաններում Պուշկինի փողոցի 60 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի մոտ ինչ-որ խնդիրների շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Սերգեյ Մ.-ի եւ Երեւան քաղաքի բնակիչներ՝ 32-ամյա Արսեն Ջուլֆալակյանի եւ 55-ամյա Լեւոն Ջուլֆալակյանի միջեւ, որի ժամանակ, ըստ Սերգեյ Մ.-ի հայտարարության, վերջիններս ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել իրեն։


Աղբյուրի տեղեկություններով՝ ժամեր անց ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում Ա. եւ Լ. Ջուլֆալակյանները ինքնակամ ներկայացել են ոստիկանության կենտրոնական բաժին եւ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություններ տվել։


Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, փաստի առթիվ էլ նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ Լ. եւ Ա. Ջոլֆալակյանները հայր ու որդի են, Ա. Ջուլֆալակյանն էլ ՀՀ Ազգային ժողովի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է։


Հատկանշական է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հերքել է, որ ինքն ու հայրը՝ ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, մարդ են ծեծել:


"Ինչպե՞ս կարող է լինել, որ ես ցանկացած պարագայում դեմ եմ ծեծին, ուժ գործադրելուն, 2-րդ, եթե նույնիսկ դրան հասներ, ինչպե՞ս կարող էինք 63 տարեկան մադրուն ես ու հայրս ծեծեինք, 2 հոգով ինչպե՞ս կարող էինք 1 հոգու ծեծել: 3-րդ, նույնիսկ չգիտեմ՝ ինչպես մեկնաբանել", - ասել է նա ՀԺ-ի հեր զրույցում:


 


 

Տպել

Загрузка...