28.03.2024
Դվին համայնքի առաջին դասարանցիները ստացան գունեղ նվերներ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մամուլ. Մարությանը շատ է գոռոզացել, հետն էլ վարչապետի չափ աշխատավարձ է ուզում ստանալ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրպարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, կարծես թե հայտնվել է ծանր իրավիճակում, քանի որ իր պաշտոնավարումից հետո քաղաքապետարանում շատ լարված ու «բուռն» իրավիճակ է: Ավելին՝ ըստ տեղեկությունների՝ Հ. Մարությանին չի հաջողվում իրավիճակն իր «ձեռքում» պահել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Մարությանը քաղաքապետ ընտրվելուց հետո շատ է գոռոզացել, նրա շփումը իր աշխատակիցների հետ գրեթե զրոյական է, շփվելիս էլ այն վերածվում է «լեզվակռվի», ինչին հնարավոր է հետեւի պաշտոնանկությունը: Այս կապակցությամբ «ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, որն ասաց. «Քաղաքապետի հետ աշխատելը դժվար է այն մարդկանց համար, որոնք չեն տիրապետում իրենց աշխատանքին, եւ այն մարդկանց համար, ովքեր չեն տեղավորվում ՀՀ օրենսդրության մեջ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Չորեքշաբթի օրը Երեւանի ավագանու նիստում ուշագրավ հարց է քննարկվելու։ Երեւանի քաղաքապետը որոշել է անակնկալ մատուցել բոլորին եւ անսպասելիորեն բարձրացնել քաղաքապետարանի աշխատողների, այդ թվում՝ իր աշխատավարձը։ Ըստ ներկայացվող նախագծի, Հայկ Մարությանը նախկին 575 հազար դրամի փոխարեն կստանա ամսական 1 միլիոն 200 հազար դրամ, ճիշտ այնքան, ինչքան երկրի վարչապետն է ստանում։ Քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազարի փոխարեն կստանան 641 հազար։ «Ճակատագիրը» բարեհաճ է գտնվել նաեւ վարչական շրջանների ղեկավարների՝ թաղապետերի նկատմամբ․ նրանք 400 հազարի փոխարեն կստանան 773 հազար դրամ։ Նրանց տեղակալները 346 հազարի փոխարեն՝ 668 հազար։ Ի դեպ, քաղաքապետարանի հաստիքացուցակն էլ է աճել՝ նախկին 1998 հաստիքի փոխարեն 2124,5 հաստիք կունենան։ Մենք հարցրինք՝ այս աղքատ երկրում որտեղի՞ց միջոցներ, ասացին՝ «համայնքային բյուջեից»։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հանդիպել են: Ըստ մեր աղբյուրների` Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը նեղացած է, քանի որ Ա. Սարգսյանին նախագահի պաշտոնում «բերեց» իր իշխանությունը, ինքը, բայց նախագահը սատարում է ներկայիս իշխանությունների աշխատելաոճը: Ըստ այդ տեղեկությունների` Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Արմեն Սարգսյանը ստորագրում է ընդունված բոլոր օրենքները: Իսկ Արմեն Սարգսյանն էլ հակադարձել է, թե ինչ անի, եթե չստորագրի, ինչու խանգարի, որեւէ հիմնավորմամբ ինքը չի կարող դրանք մերժել կամ որեւէ իրավական հետեւանքի «պարտադրել»: Արմեն Սարգսյանը նաեւ ակնարկել է հենց Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ սահմանադրությամբ նախագահի լիազորությունները քչացնելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցի շուրջ մեկնաբանություն ստանալ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանից, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից պարզաբանումներ է խնդրել բիզնեսի հետ նրա ունեցած առնչությունների վերաբերյալ: Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանը պատրաստվում է շատ կոպիտ պատասխանել Միրզոյանին՝ նրան ուղարկելով ԱԺ-ում իր վերջերս տված հարցազրույցի տեսագրությունը, որտեղ նա հայտարարում է, որ ինքը անմիջականորեն չի զբաղվում բիզնեսով, իսկ իրեն սեփականության իրավունքով պատկանող ընկերությունները հանձնել է հավատարմագրային կառավարման: Կարճ եւ կոնկրետ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը մեր հրապարակումը շտապել էին հերքել, թե պառլամենտն արձակելու 2 տարբերակ է գործում, եւ ընդդիմության, մասնավորապես՝ ԲՀԿ ողջ ցուցակի մանդատները վայր դնելու դեպքում հնարավոր չէ պառլամենտն արձակել։ «Մենք խնդիրը բարձրացրել էինք սահմանադրականության եւ ո’չ պառլամենտն արձակելու մասով։ Եվ եթե ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները, նրանց ցուցակներում ներգրավված բոլոր անձինք հրաժարվեն պատգամավորական մանդատներից, պառլամենտը բաղկացած կլինի միայն իշխանական պատգամավորներից, ինչն էլ իր հերթին կհանգեցնի պառլամենտի լեգիտիմության խնդրի, այն է` սահմանադրական ճգնաժամի։ Թե հետո այդ ճգնաժամը լուծելու համար ինչ քայլեր կձեռնարկվեն եւ պառլամենտն արձակելու ինչ սահմանադրական եղանակներ կընտրվեն, դա այլ հարց է»,- ասաց մեր զրուցակից սահմանադրագետը: Իսկ հնարավո՞ր է պառլամենտի իշխանական հատվածից նոր ընդդիմություն ձեւավորվի։ «Ոչ»։ Ինչո՞ւ։ «Որովհետեւ պատգամավորը եթե դուրս է գալիս իր ֆրակցիայից, այլ ֆրակցիայի անդամագրվել չի կարող, նա դառնում է ազատ պատգամավոր, իսկ ընդդիմություն լինելու մասին կարող է հայտարարություն անել միայն ֆրակցիան»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի՝ ԱԺ աշխատակազմի աղբյուրը տեղեկացնում է, որ ԱԺ նոր ղեկավարությունը ուղիներ է փնտրում ԱԺ ներկայիս աշխատակազմից ազատվելու և այն յուրայիններով համալրելու համար: Հիմնական խոչընդոտն այն է, որ ԱԺ աշխատակիցները պետծառայողներ են և նրանց առանց հիմնավորման հնարավոր չէ հեռացնել աշխատանքից: Բայց հնարամիտ իշխանությունները մի ելք կգտնեն: Ամենահավանական տարբերակը, այսպես կոչված, կառուցվածքային փոփոխություններն են, երբ գործող վարչությունները լուծարվում են, և դրանց փոխարեն ստեղծվում են նոր վարչություններ: Իսկ երբ վարչությունը լուծարվում է, աշխատակիցներն էլ ինքնաբերաբար ազատվում են աշխատանքից»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն հարուցված քրեական գործի շրջանակներում պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու համար մեղադրանք է առաջադրել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին: Իսկ ԴԱՀԿ-ն, ինչպես հայտնի է, ՀՀ արդարադատության նախարարության ենթակա կառույցներից է: Ու տրամաբանությունը ենթադրում է, որ տեղի ունեցածի համար պատասխանատվության իրենց բաժինն ունեն նաեւ Միհրան Պողոսյանի պաշտոնավարման տարիներին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած անձինք: Այդ նախարարների մեջ, ի դեպ, առանձնանում է այն ժամանակ ՀՀԿ անդամ Հրայր Թովմասյանը՝ ՀՀ Սահմանադրական դատարանի ներկայիս նախագահը: Բանն այն է, որ Միհրան Պողոսյանին առաջադրված մեղադրանքի դրվագներից մեկն էլ վերաբերում է հենց իր հիմնադրած «Քեթրին գրուպ» ընկերությունից 2011-2016թթ. ընթացքում շուկայականից թանկ գնով «ԲԻԴ» մակնիշի մեքենա գնելուն եւ այդպես պետությանը 20 մլն դրամի վնաս պատճառելուն: Եվ երբ դեռ 2013թ. ԴԱՀԿ կարիքերի համար հենց ԴԱՀԿ պետի հիմնադրած ընկերությունից մեքենաներ գնելու հարցը բարձրացվեց խորհրդարանում, այն ժամանակ նախարար Հրայր Թովմասյանը շտապել էր պաշտպանել` հեգնելով կոռուպցիոն ռիսկերի մասին խոսող պատգամավորին: Թովմասյանը «զարմանք էր հայտնել» այդ պատգամավորի «իրավաբանական գիտելիքների ցածր մակարդակի վրա»: Ասել է թե` հենց Հ. Թովմասյանը հրապարակավ փորձել էր արդարացնել բացահայտ կոռուպցիոն դրսեւորումները: Հետաքրքիր է` հիմա էլ է այդպես մտածում, թե ինչ-որ բան է փոխվել նրա մեջ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայությունը տեւական ժամանակ ստուգումներ էր անցկացնում ջրօգտագործման ոլորտում։ Նախօրեին ՊՎԾ պետի ԺՊ Արգիշտի Քյարամյանը հայտնեց, որ «ջրային ոլորտի ուսումնասիրությունները դրական արդյունքներ են տվել, ինչի արդյունքում 2 քրեական գործ կա հարուցված»։ Մեր տեղեկություններով, գործ դեռեւս հարուցված չէ, նյութերն ուղարկվել են իրավապահներին, սակայն դրանցից մեկը վերաբերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին․ ստուգումների արդյունքում պարզել են, որ նրան պատկանող գինու-կոնյակի գործարանը տարիներ շարունակ ջուր է օգտագործել ու չի վճարել դրա դիմաց, նախնական հաշվարկով՝ խոսքը շուրջ 2 միլիարդ դրամի մասին է։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դեռ մարտին ԱԺ-ում՝ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, ջրօգտագործողների միությունների վերաբերյալ հայտարարություն էր արել՝ ասելով, թե առաջիկայում բոլոր ՋՕՄ-երում ստուգումներ են կատարվելու։ «Պարզենք, թե ովքեր են գողացել, հետո չասեք՝ բոլոր ջրօգտագործողների միություններին լցնում եք բանտերը: Էս ի՞նչ սովորություն է՝ նստեն իրենց տեղը, թալանեն, ուտեն, վերջում գան ասեն՝ աշխատավարձ չենք ստացել, կառավարություն, դե՛ վճարի: Ամենաշատ թալանված ոլորտն է, հեսա հերթով հետեւներից գնալու ենք»,- ասել էր նա»:


«Փաստ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ առաջիկայում Թուրքիայում բավականին լուրջ զարգացումներ են սպասվում՝ կապված ՀՀ քաղաքացիների զանգվածային դեպորտացիայի հետ։ Ինչպես հայտնի է, բավական մեծ թվով հայեր միգրացիոն աշխատանքի են մեկնում Թուրքիա, ի դեպ՝ աշխատանքները հաճախ սեզոնային չեն լինում, այլ տեւում են մի քանի տարի։ Թուրքիայի կողմից այս հարցով մի քանի անգամ ուղիղ տեքստով բարձրաձայնվել է, իսկ հիմա նման ընդգծված պետական քաղաքականության առաջնային պատճառներից մեկը 2018-ի հունիսին Սիրիա ուղարկված հայկական խաղաղապահ կորպուսի ուժերն են։ Նշենք, որ այս հարցը ՀՀ-ում նույնպես բավականին քննարկումների առիթ հանդիսացավ, մասնավորաբար նշվում էր, որ այդ ուժերն ուղարկվել էին «գաղտնի», խորհրդարանում ոչ մի քննարկում չի ծավալվել եւ այլն։ Եթե այս տեղեկությունները հաստատվեն, ապա առաջիկայում ՀՀ-ն եւս մեկ լուրջ խնդրի առջեւ կկանգնի՝ տարբեր հաշվարկներով 70-100 հազար ՀՀ քաղաքացի, ովքեր աշխատում են այնտեղ եւ գումար են ուղարկում Հայաստան, ստիպված են լինելու վերադառնալ»:


 

«Սպայկա»-ի գլխավոր տնօրենը վճարել է 1 մլրդ դրամ. նրա խափանման միջոցը փոխվել է. ՊԵԿ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար