Քեյթ Ռայան. «Կհանդիպենք մեծն Շառլ Ազնավուրին նվիրված բացառիկ երեկոյին»

136

«Voyage Voyage» երգով մեծ ճանաչում ձեռք բերած ֆրանսիացի երգչուհի Քեյթ Ռայանը մեծ ակնկալիքներ ունի լեգենդար Շառլ Ազնավուրին նվիրված երեկոյից: Հիշեցնենք, որ հայազգի լեգենդ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծամասշտաբ երեկո կանցկացվի, որին, ի թիվս այլ արտիստների, հանդես կգա նաև Ռայանը:

Մինչ Հայաստան ժամանելը՝ Ռայանը հանդես է եկել տեսաուղերձով, որում մասնավորապես նշված է. «Ողջո՜ւյն Հայաստան: Ես Քեյթ Ռայանն եմ, և ձեզ հետ կհանդիպեմ մայիսի 26-ին Երևանում՝ մեծն Շառլ Ազնավուրին նվիրված բացառիկ համերգին: Շուտով կտեսնվենք»:

Տեղեկացնենք, որ բացի Քեյթ Ռայանից «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող երեկոյի ընթացքում հանդես կգան համաշխարհային ճանաչում վայելող սիրված ֆրանսիացի երգիչներ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանը, Րաֆֆի Արտոն և այլք: Ֆրանսիացի արտիստներին կնվագակցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Այս մեծամասշտաբ գլխավոր հովանավորը, կազմակերպիչը և աջակիցը ArmCenter ընկերությունն է, աջակիցներն են Աննա Կարոլինա պրոդաքշնը, Ֆրանսիայի «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնը, vorak.am-ը: Համերգի տոմսերը հնարավոր է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:




Քեյթ Ռայանը սկսել է իր կարիերան 2001-ին, իսկ 2006-ին «Je t’adore» ստեղծագործությամբ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ներկայացրել է Բելգիան: Ծնվել է երաժշտական ընտանիքում, 8 տարեկանից նվագում է դաշնամուր, կիթառ: 16 տարեկանում դարձել է Melt խմբի անդամ: Խումբը գոյություն է ունեցել երկու տարի, սակայն ոչինչ չի թողարկել: Ծանոթանալով պրոդյուսեր Էնդի Ջանսենի հետ՝ Քեյթ Ռայանը լքում է Melt խումբը և սկսում նրա հետ երաժշտություն գրել: Նրանց դեբյուտային «Scream For More» սինգլը, որը թողարկվեց 2001-ին, միանգամից մեծ հաջողություն ունեցավ, և բելգիական հիթ շքերթների առաջատար էր շուրջ 17 շաբաթ:

2002-ին Քեյթ Ռայանը պայմանագիր է ստորագրում EMI Belgium-ի հետ և թողարկում է իր առաջին՝ Different ալբոմը: Վաճառվել է այդ ալբոմի ավելի քան 250 000 օրինակ: Նրա հաջորդ ալբոմները ևս հաջողված էին: Իսկ Ռայանին մեծ ճանաչում բերած «Voyage Voyage»/«We All Belong» հիթը լույս տեսավ 2007-ին:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...