Перейдем սուրճի սենյակ. Փաշինյանը՝ Մեդվեդևի հետ հումորային երկխոսության մասին (տեսանյութ)

628

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին իր եւ ՌԴ վարչապետ Դիմիտրի Մեդվեդեւի միջեւ տեղի ունեցած կարճ հումորային երկխոսությանը, որը լայն արձագանք է ստացել հայկական մեդիադաշտում ու համացանցում:


«Նոր մի պահ մտնում եմ ֆեյսբուք ու աչքերիս չեմ հավատում, որ կոռուպցիոն համակարգի մնացորդները այսքան հեշտությամբ կարող են փոթորիկ առաջացնել սոցիալական ցանցերում։


ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ոչ միայն ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, այլեւ մենք բոլորս հույս ունեինք, որ րոպե առաջ перейдем սուրճի սենյակ, որովհետեւ բոլորս ահավոր հոգնել էինք ու սուրճ էինք ուզում։ Աշխատանքները նախատեսվածից երկուսուկես ժամ ավել տեւեցին։


Իսկ նախորդ օրվա մեր շփումը բոլոր հիմքերը տվել էր ոչ աշխատանքային հատվածին անհամբեր սպասելու։ Էս ամենը պիտի ասվի՞, չեմ հասկանում», - ասված է Նիկոլ Փաշինյանի Facebook-յան գրառման մեջ։


Այս երկխոսությունը բուռն արձագանք էր ստացել համացանքի հայկական տիրույթում: Մի մասը քննադատում ու չարախնդում է Նիկոլ Փաշինյանի ռուսերենի իմացությունը՝ նշելով, որ այն հեգնանքի տեղիք է տալիս: Իսկ մյուսների համար այն առիթ է եւս մեկ անգամ հակառուսական ալիք բարձրացնելու ու խոսելու Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումների մասին: 



Հատկանշական է, որ Փաշինյանի քաղաքական զինակից եւ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը կատարել Նիկոլ Փաշինյանին պաշտպանող գրառում Facebook-ի իր էջում: Սակայն նրա գրառումը, ըստ էության, հակասում է ՀՀ վարչապետի հայտարարությանը: Սիմոնյանը Մեդվեդեւի հայտարարությունն «անտակտ» է որակել:


«Դուխը հենց այն է, որ դու քեզ տիրապետում ես նույնիսկ այն ժամանակ, երբ քո դիմացինն անտակտ կատակ է անում` փորձելով ավելի լավը թվալ: Հասկացող մարդու համար ինքն իրեն դնում վատ վիճակի մեջ, իսկ դու իրեն օգնում ես այդ իրավիճակից դուրս գալ:


Դուխը այն է, երբ դու քո «վիպենդրյոժը» կամ «լավ տղա» երևալը չես գերադասում երկրիցդ կամ քեզնից: Դուխը այն է, երբ քո հյուրի սխալը տեսնում ու ժպտում ես, քանզի վստահ ես ուժիդ և ինքդ քեզ վրա:


Իսկ հետագան տեխնիկայի և ժամանակի հարց է», - ասված է Սիմոնյանի գրառման մեջ:


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...