Ռուսաստանի էլիտայում կա խնդիր այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել Հայաստանում. Փաշինյան

108

Ռուսաստանի էլիտայում կա խնդիր այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, կա անվստահություն այն մարդկանց հանդեպ, որոնք մինչ հեղափոխությունը աշխատել են հասարակական սեկտորում եւ ֆինանսավորվել միջազգային կազմակերպությունների կողմից։ Այս մասին այսօր «Սիվիլնեթի» տաղավարում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Իր եւ Վլադիմիր Պուտինի հարաբերությունները նա գնահատեց շատ լավ, բայց ասաց՝ առհասարակ հարաբերությունների երկու հարթություն կա․ «Կան իմ և Պուտինի անձնական շփումը և հարաբերությունները, և կան ինստիտուտների միջև հարաբերություններ: Ուզում եմ շատ պարզ խոսել՝ այո, Ռուսաստանի էլիտայում կա խնդիր այն ամեն ինչի հետ, ինչ տեղի է ունեցել Հայաստանում՝ ժողովրդական հեղափոխություն եւ ժողովրդական հեղափոխության միջոցով իշխանության եկած մարդիկ։ Եւ ովքեր են այդ մարդիկ։ Նրանք այն մարդիկ են, որոնք նախկինում եղել են քաղաքական ընդդիմություն, քաղաքական ակտիվիստներ։ Եվ մենք գիտենք, որ այն մարդիկ, որոնք որոշակի սկզբունքներ են ունեցել, չեն ուզեեցլ նախկին իշխանությունների հետ համագործակցել, այդ մարդիկ շատ դեպքերում ստիպված են եղել հասարակական սեկտորում տեղավորվել։


Այդ հասարակական սեկտորը շատ դեպքերում ֆինանսավորվել է միջազգային կազմակերպությունների կողմից, նաև այնպիսի միջազգային կազմակերպությունների կողմից, որոնք լավ չեն ընկալվում Ռուսաստանում և նախկին խորհրդային տարածքում: Ինչու են այդ մարդիկ այնտեղ հայտնվել, որովհետեւ չեն ուզեցել իշխանության հետ համագործակցել, չեն ուզեեցլ իշխանության խաղի կանոններն ընդունել, նրանք ունեցել են սկզբունքներ եւ ուզեցել են մնալ այդ սկզբունքների շրջանակում։ Եվ նրանց պետք է եղել գործունեության որոշակի դաշտ, եղել են քաղհասարակության ներկայացուցիչներ եւ առնչվել են միջազգային կազմակերպությունների հետ եւ նաեւ ֆինանսավորվել են նրանց կողմից»։


Այս պատճառով որոշ պաշտոնյաների նկատմամբ Ռուսաստանում անվստահություն է ձեւավորվել, որը ըստ Փաշինյանի՝ ժամանակի ընթացքում կհաղթահարվի․ «Եվ ահա այս փաստի բերումով շատ դեպքերում մենք տեսնում ենք անվստահություն, և ես համոզված եմ, որ այդ անվստահությունը ժամանակի բերումով կհաղթահարվի։ Ես չեմ կարծում, թե ինձ հետ կապված այդպիսի հարցեր կան Ռուսաստանում։ Բայց քանի դեռ այդ ինստիտուտները բավարար չափով իրար հետ չեն շփվել եւ չեն համոզվել, որ գործ ունեն սուվերեն ինքնիշխան երկրի ինքնիշխան պաշտոնյաների հետ, այդ հարցերը կան, կծագեն։ Ես ողբերգություն չեմ տեսնում»,- ասաց նա:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...