Հետախուզման մեջ գտնվող Հայաստանի «բանանային արքան» չի ընդունում մեղադրանքները

62

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, որին, ըստ ԶԼՄ-ների, պատկանում էր բանանին ներմուծման մոնոպոլիան, չի պատրաստվում քննչական գործողություններին մասնակցել, անվանում է դրանք շոու, որոնց նպատակը շինծու մեղադրանքների միջոցով արհեստական դիվիդենտներ շահելն է։


Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրը ապրիլի 15-ին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին կալանավորելու որոշում է կայացրել: Դատարանն այսպիսով բավարարել է ՀՀ հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:


ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ Միհրան Պողոսյանն Օֆշորի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Պողոսյանը գտնվում է հետախուզման մեջ: Նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը դատարան է ներկայացվել ապրիլի 13-ին: ԴԱՀԿ նախկին պետը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մասին ՀՔԾ-ն այսօր է տեղեկացրել:


Ըստ մեղադրանքի` Միհրան Պողոսյանը, 2008թ. հունիսի 11-ից զբաղեցնելով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, իր անձնական անվտանգությունն ապահովող անձին նշանակել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատուի, իսկ անձնական վարորդին` նույն բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնին: Նրանք, որպես նշված բաժնի աշխատակիցներ, փաստացի աշխատանքի չեն հաճախել և համապատասխան պաշտոններից բխող պարտականություններ չեն իրականացրել, այլ կատարել են Միհրան Պողոսյանի անձնական բնույթի հանձնարարությունները, սակայն վերջինիս հանձնարարությամբ ստացել են աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ՝ ընդհանուր՝ 44.199.463 ՀՀ դրամի չափով:


Արդյունքում` Միհրան Պողոսյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գումար` 44.199.463 ՀՀ դրամ:


Պողոսյանը չի ընդունում այդ մեղադրանքները եւ նշում է, որ պայքարելու է իր իրավունքների համար: «Ամիսներ շարունակ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գործունեության հետ կապված իրականացվում են քննչական գործողություններ՝ այդպես էլ չտալով «ինչ-որ բան գտնելու» որևէ արդյունք։


Որպես ասվածի ապացույց՝ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը Միհրան Պողոսյանի գործով ստուգումների արդյունքում էական ոչինչ չհայտնաբերելով՝ իր մտերիմ շրջապատում բառացի ասել է հետևյալը․ «Պողոսյանի մասով որևէ բան չկա, բայց դե հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում շեֆի հետ լավ չի խոսել»։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանին իրականությունը բացարձակապես չի հուզում։


Հաջորդը՝ Միհրան Պողոսյանը բազմիցս հայտարարել է իր պատրաստակամությունը համագործակցել քննչական մարմինների հետ՝ ինչը փաստել է նաև ՀՔԾ-ն։ Այդ դեպքում ինչո՞ւ է մերժվել վկայի կարգավիճակ ունեցող պրն Պողոսյանի առաջարկը՝ բոլոր հարցերին տեսակապի միջոցով պատասխանել ՀՀ դեսպանատանը», - ասված է Պողոսյանի գրասենյակի հայտարարության մեջ։


Հայտարարության մեջ ասվում է, որ նման նախադեպ կա՛։ «Այն կիրառվել է քննչական և դատավարական բազմաթիվ գործընթացների շրջանակներում (Տես` կից փաստաթուղթը): Եթե նպատակը՝ բացատրություն ստանալն է, ապա ինչո՞ւ իրվապահ մարմինները չեն անում դա: Կարծում ենք պատասխանը, ավելի քան, ակնհայտ է՝ նպատակը այլ է։


Սույնով հայտարարում ենք, որ Միհրան Պողոսյանը չի պատրաստվում այդ շոուների մասնակիցը լինել՝ որոնց նպատակը շինծու մեղադրանքների միջոցով արհեստական դիվիդենտներ շահելն է։


Միհրան Պողոսյանը, ինչպես որ 2018թ․ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում հայտարեց, որ վախեցողները վաղուց վախեցել են, նույնը կրկնում է այսօր։ Նույնիսկ այն պարագայում, երբ ուժային կառույներին հրապարակավ ուղղորդում են։


Մասնավորապես, նշված դեպքերի հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պրն Պողոսյանին առնչվող հերթական բեմականցված հարցին՝ ԱԺ ամբիոնից բացահայտ ուղղորդեց ուժայիններին՝ հայտարարելով, թե «Չե՛ք կատարել իմ այն հրահանգը, որ մարդկանց պետք է պառկեցնել ասֆալտին»։ Վերահաստատում ենք Միհրան Պողոսյանի արձագանքը՝ «Փռվողը՝ թո՛ղ փռվի։ Ես իմ իրավունքները շատ լավ գիտեմ»։


Այսօր մի կողմ դնելով Հայաստանի զարգացումն ապահովելու և արտաքին լրջագույն մարտահրավերներին դիմագրավելու խնդիրները՝ իշխանությունը շարունակում է կեղծ օրակարգերով ու անհաջող տեսարաններով զբաղեցնել հասարակությանը։


Կորսված էյֆորիան կվերականգնվի միայն ազնիվ փոխըմբռնումով․ վայր դրե՛ք արհեստական ասպետությունը», -ասված է հայտարարության մեջ։

Տպել

Загрузка...