Զարթոնք գյուղում տեղի ունեցած խուլիգանության դեպքով երկու անձ ձերբակալվել է

132

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, ձերբակալվել է նույն գյուղի երկու բնակիչ:


Նախնական տվյալներով՝ 2019թ. ապրիլի 13-ին` ժամը 08:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի երեք բնակչի միջև փողոցում վիճաբանություն է ծագել՝ նախօրեին մասնակիցներից մեկի եղբորը մարմնական վնասվածք պատճառելու միջադեպի կապակցությամբ: Վիճաբանության ձայները լսելով` հավաքվել են նաև Զարթոնք համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջող, ինչպես նաև նրա կողմնակից մի խումբ համագյուղացիներ, որոնց միջև ևս վիճաբանություն է առաջացել: Վիճաբանության ընթացքում կողմերը մետաղյա ձողերով, քարերով, ձեռքերով հարվածներ են հասցրել միմյանց, հայհոյանքներ հնչեցրել, իսկ համայնքի ղեկավարի թոռը՝ ծնված 1990թ., «Վալտեր Մ-13» տեսակի, 12 մմ տրամաչափի որսորդական հրացանից երեք անգամ կրակել է իրենց տան կողմ առաջացող համագյուղացիների ուղղությամբ: Միջադեպի արդյունքում մի շարք անձինք ստացել են մարմնական վնասվածքներ, վնասվել են ավտոմեքենաներ, խախտվել է հասարակական կարգը:


Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:


Իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2019թ. ապրիլի 12-ին` ժամը 14:10-ի սահմաններում, Զարթոնք համայնքի միջնակարգ դպրոցում Արմավիրի մարզպետարանի կրթության բաժնի աշխատակիցների կողմից տեսչական ստուգում անցկացնելու ժամանակ դպրոցի մոտ հավաքվել են համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջող մի խումբ համագյուղացիներ, որոնց մուտքը դպրոցի բակ արգելվել է դպրոցի պահակի կողմից: Ընդդիմանալով ցուցաբերված արգելքին՝ համագյուղացիները վիճաբանել են պահակի հետ, որի ընթացքում հարվածներ են հասցրել նրա եղբոր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք:


Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:


Որոշում է կայացվել նշված քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու վերաբերյալ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են բազմաթիվ անձինք, կատարվել են առերես հարցաքննություններ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:


Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ՝ համայնքի ղեկավարի թոռը՝ ծնված 1990թ, և նույն գյուղի ևս մեկ բնակիչ՝ ծնված 1993թ.:


Նախաքննությունը շարունակվում է:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...