24.04.2024
Ցեղասպանության ճանաչումը պետք է բերել Թուրքիայի խորհրդարանի օրակարգ. Կարո Փայլան
prev Նախորդ նորություն

Հայաստանում լրատվական սադրանքներ են հայ-ռուսական հարաբերությունների դեմ. Անդրանիկ Քոչարյան

Անհեթեթություն է հայկական որոշ լրատվամիջոցներից ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված այն հրապարակումները, թե իբր ես Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը վերագրել եմ ՌԴ հատուկ ծառայություններին եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:


Նման հայտարարությամբ հանդես է եկել Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:


Քոչարյանի խոսքով՝ նմանատիպ հոդվածները սադրանքներ են, որոնք միտված են հայ-ռուսական հարաբերությունները փչացնելուն, այն պարագայում, երբ սկսվել է հարաբերությունների առողջացման գործընթաց։ «Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները պարզապես չի ստացվի փչացնել»,- ասաց Քոչարյանը:


«Հոկտեմբերի 27-ի բացահայտումն անհրաժեշտ է մեր երկրի անվտանգության տեսանկյունից, բայց դրա ապագա ուսումնասիրությունները բացարձակ իրավական դաշտում պետք է լինեն, ու նախաքննական մարմնի կողմից ձեռքբերված ապացույցների շրջանակում կարող է որեւէ մեկը որեւէ հայտարարություն անել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:


ԱԺ պատգամավորի կարծիքով՝ ինքը հստակ գիտի, թե «որտեղից և ում պատվերով են նման լուրեր սպրդում լրատվական դաշտ»:


«Այս հոդվածը, որն արդեն վերցրել են ադրբեջանական լրատվամիջոցները, հեռուն գնացող նպատակներ ունի: Բայց չի հաջողվի: Ով-ով, բայց ես 90-ականների սկզբից հայ-ռուսական ռազմավարական, ամուր ու փոխվստահելի հարաբերությունների համոզված կողմնակից եմ: Ինչ վերաբերում է 27-ի գործին, ապա, եթե առաջանան նոր հանգամանքներ, պետք է միանշանակ լինի քննություն: Այ սա ես ասել եմ: Բայց մնացյալը ստի ու պատվերի դաշտից է», - հավելեց նա:


Քոչարյանը նշեց, որ Հոկտեմբերի 27-ի հետ կապված իր մեղադրանքները միշտ հնչեցրել է Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ, քանի որ իր համար մինչ այժմ անհասկանալի է, թե ինչ են քննարկել Ռոբերտ Քոչարյանն ու Նաիրի Հունանյանը՝ փակ դռների հետեւում։


Քոչարյանի խոսքով՝ հայկական որոշ կայքերի միջոցով նման տեղեկատվության տարածման թիրախում ոչ միայն ինքն է, այլ նաեւ Հայաստանի իշխանությունները։ «Այն, ինչ վերաբերում է երկրի անվտանգությանը, պետք չէ մտնել խարդավանքների մեջ։ Եթե այդպես է, ապա դրան պետք է միջամտեն երկրի անվտանգությունն ապահովող մարմինները»,- ասաց Քոչարյանը։


Նա նշեց, որ պաշտոնական Մոսկվայից որեւէ արձագանք չի ստացել նման հրապարակումներին, հավելելով, որ «պաշտոնական Մոսկվան կարողանում է ֆիլտրել տեղեկությունները»։


Վերջերս լուր տարածվեց (հիմնականում Քոչարյանամերձ ԶԼՄ-ների կողմից) այն մասին, որ տեղի է ունեցել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստ։ Այդ նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, շոշափվել է նաև 1999թ. հոկտեմբերի 27–ին տեղի ունեցած ահաբեկչության թեման։ Ներկաները հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ու Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվել են, թե արդյոք լինելո՞ւ է բացահայտում Վազգեն Սարգսյանի ու մյուսների սպանության պատվիրատուների մասով։


Անդրանիկ Քոչարյանն այդ հարցին սենսացիոն պատասխան է տվել։ Նա, ըստ մամուլի հրապարակումների, հայտարարել է, որ «Հոկտեմբերի 27»–ի գործը պատվիրատուների մասով բացահայտված է։ Ըստ Փաշինյանի թիմակցի՝ դա արել են ռուսական հատուկ ծառայությունները՝ Վլադիմիր Պուտինի հրահանգով:


 


 

Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այցով ապրիլի 13-14-ը կայցելի Սամցխե-Ջավախեթի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին