Հայաստանը շարունակում է էներգետիկ շահի քաոտիկ ու անարդյունավետ սպասարկումը. փորձագետ

148

Մինչ Հայաստանում զարգացվում է Իրան-Հայաստան-Վրաստան գազային տարանցիկ միջանցքի ձևավորման աշխարհաքաղաքական դիսկուրսը, Վրաստանի էներգետիկայի նախարարությունը արձանագրում է, որ պատրաստ է ավելացնել Ադրբեջանից ներկրվող բնական գազի ծավալներն ու առհասարակ այլընտրանքներ չի փնտրում: Այս մասին գրել է էներգետիկայի ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:


Ըստ փորձագետի, նման մոտեցումը հասկանալի է ու տրամաբանական՝ հաշվի առնելով ադրբեջանական SOCAR-ի ներդրումային ակտիվությունը Վրաստանում: Միայն 2018 թ. ընկերությունը Վրաստանում մոտ 600 կմ գազամուղ է ձեռք բերել (բարեբախտաբար, դեռ գործը չի հասել Հայաստանի համար կենսական նշանակության Մոզդոկ-Թբիլիսի հատվածին):


«Ու չնայած այն հանգամանքին, որ նման՝ ապադիվերսիֆիկացիոն քաղաքականությունը ապագայում լուրջ ռիսկեր կձևավորի Վրաստանի էներգետիկ անվտանգության համար, այնուամենայնիվ, Թբիլիսին հստակ շարունակում է իր էներգետիկայի «ադրբեջանականացումը»:


Իր հերթին, SOCAR-ը արձագանքում է, որ պատրաստ է շուրջ 11%-ով ավելացնել բնական գազի արտահանումը դեպի Վրաստան: Նշված թիվը պատահական չէ, քանի որ գազիֆիկացման արդյունքում հենց այդքանով պետք է ավելանա բնական գազի սպառումը Վրաստանում 2020 թ.: Նման դասավորվածության պարագայում անգամ սվոփային առևտուրը մեծ հարցականի տակ է հայտնվում: Ուստի Հայաստանով գազի տարանցման մասին հռետորաբանության հետ մեկտեղ անրաժեշտ է գործարքի բոլոր շահառու երկրներում նպատակային ու համակարգված լոբբինգ իրականացնել: Սակայն լոբբինգն ընդամենը գործիք է, որն առ ոչինչ է առանց էներգետիկ դիվանագիտության հայեցակարգի:


Նման հայեցակարգ մենք այդպես էլ չձևավորեցինք անկախության տարիներին, հետևաբար, ստիպված ենք շարունակել պետության էներգետիկ շահի քաոտիկ ու անարդյունավետ սպասարկումը»,- Facebook-ի իր էջում գրել է Դավթյանը:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...