Պատիժ, պաշտոնանկություն. Մեղրիի գնդի ապստամբած զինծառայողներին տարել են առաջնագիծ

471

ՀՀ Զինված ուժերի Մեղրիի գնդում լարված իրավիճակ է: Օրեր առաջ զորամասերից մեկի զինծառայողները լքել են ծառայության վայրը: Զինծառայողների ծնողների պնդմամբ զինվորներն այդ քայլին գնացել են ի նշան բողքի ընդդեմ սպաներից մեկի վարքագծի, իսկ ՊՆ-ն այլ վարկած է առաջ քաշում:


Ներկայացվում է, որ Մեղրիի զորամասերից մեկում եղած խնդիրն առաջացել է սպայի մեղքով, բայց իրականում այդպես չի եղել, հայտնում է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դեպքն «այդքան էլ ճիշտ չի ներկայացվում մամուլում»:


Մեղրիի զորամասերից մեկում զինծառայողներն ինքնակամ լքել են զորամասը՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը: Դրանից հետո մի խումբ զինծառայողների մարտի 17-ին տեղափոխել են Կապանի, ապա Ստեփանակերտի կարգապահական զորամասեր, որտեղից էլ այնուհետև տարել են առաջնագիծ: Ծնողների հավաստմամբ՝ միջադեպը պատահել է սպայի պատճառով: Ծնողները ու հարազատները պատրաստվում են մարտի 23-ին ժամը 10։00-ին, Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնել։


Մայրերից մեկը, ինչպես հայտնում է epress.am-ը, մի քանի օր լուր չի ունեցել որդուց, որին գտել է կալանքի տակ Ստեփանակերտի Ռազմական ոստիկանությունում։


Երկու օր առաջ կինը հանդիպել է որդուն և պարզել, որ գնդի մի քանի հարյուր զինվորներ դրանից մոտ մեկ շաբաթ առաջ ապստամբել են սպաներից մեկի վարքի դեմ, բոլորով լքել են զորամասը և վերադարձել՝ հետևելով հրամանատարի հորդորներին։ Նույն օրը՝ կեսգիշերին մոտ գունդը շարում են, մեջից ընտրում են 20 զինվորի, պատռում համազգեստները և ավտոբուսով ուղարկում Կապանի Ռազմական ոստիկանություն, որտեղից մի մասին ուղարկում են Ստեփանակերտ։


Ծնողի տվյալներով, նրանց, ովքեր մնացին Կապանում, սպառնում են դատով, մնացածին որպես պատիժ կբաշխեն առաջնագծի զորամասերով։


ՊՆ-ն համամիտ չէ ծնողների վարկածի հետ: «Միջադեպի հետ կապված ամեն ինչ չեմ կարող ասել. կատարվում է քննություն: Բայց հարցը հետևյալն է. մի քանի զինծառայող փորձել են իրենց սեփական վարքն ու բարքը դնել զորամասում: Ազդեցություն են ունեցել ուրիշ զինծառայողների վրա: Այդ մի քանի զինվորն իրենց մասով որոշումները փորձել են բեկանել՝ մյուս զինվորների հետ մասսայական բողոք անելով:


ՀՀ ԶՈւ-երում կարգազնացությունները և անհնազանդությունները անթույլատրելի են և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Նշված դեպքի կապակցությամբ, որը այնքան էլ ճիշտ չի ներկայացվել մամուլում, զորամասի վերադաս հրամանատարության կողմից անցկացվել է համապատասխան ծառայողական քննություն և որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին: Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել», - VERELQ-ի հետ զրույցում նշում է Արծրուն Հովհաննիսյանը:


Նրա խոսքով՝ բոլոր այդ զինծառայողները տարվել են առաջնագիծ, ընդ որում՝ ոչ միայն Արցախի, այլ նաև Տավուշի շրջանի՝ Բերդ, Նոյեմբերյան ու շատ այլ բնակավայրեր:


Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ պատժված զինվորները, ի վերջո, վերադառնան նախկին զորամաս, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ո՛չ»: «Զինված ուժերում նման դրսևորումները տեղ չունեն, և ցանկացած անկարգություն խստիվ պատժվելու է», - կրկնեց նա եւ հավելեց, որ սպաները ևս պատժվելու են:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...