Մարտական հերթապահությունը կիրականացվի նախկինի պես. գործադիրը մերժեց ԲՀԿ-ին
Կառավարությունը մերժեց ԲՀԿ-ի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում էր օրենքով ամրագրել, որ մարտական հերթապահություն կարող են կատարել միայն առնվազն մեկ տարի շարային ծառայություն անցնող զինվորները:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ զինված ուժերում զինծառայողների պատրաստվածության գործընթացն իրականացվում է ուսումնական փուլերով, որի շրջանակներում պաշտպանության նախարարի հրամանով հաստատված մարտական պատրաստության ծրագրով նախատեսված է պարտադիր զինվորական ծառայության առաջին հինգ ամիսների ընթացքում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողի համապատասխան պատրաստության և զինվորական մասնագիտության ուսուցման, ստորաբաժանման կազմում ներդաշնակման և գործելու ամբողջական ցիկլը, որի արդյունքում զինծառայողը ստանում է անհրաժեշտ պատրաստվածություն՝ մարտական հերթապահությունում ընդգրկվելու համար:
«Այսինքն, որևէ պարտադիր զինծառայող առանց հնգամսյա պատրաստության չի ներգրավվում մարտական հերթապահության մեջ: Իսկ նախագծով առաջարկվող մարտական պատրաստության ծրագիրը ևս 7 ամսով երկարաձգելը կհանդիսանա ուսուցման ծրագրի չհիմնավորված ընդլայնում, ինչն էլ ոչ բարենպաստ ազդեցություն կունենա թե՛ զինվորական ծառայության կազմակերպման նպատակային գործընթացի, և թե´ մարտական հերթապահություն իրականացնող զորամասի մարտական խնդրի կատարման վրա», - նշեց նա։