Իսրայելի համար առաջնային է Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցքը

151

Հանրությունը պատշաճ կարգով տեղյակ կպահվի, եթե երկու երկրներում` Հայաստանում և Իսրայելում դիվանագիտական ներկայացուցչություններ բացվելու մասին պայմանավորվածություն ձեռք բերվի։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։


Անդրադառնալով երկու երկրների միջև փոխայցելությունների թեմային և հարցին, թե արդյոք հնարավոր է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելի Իսրայել, Աննա Նաղդալյանը նշեց. «Մենք Իսրայելի հետ ունենք օրակարգ, որի բաղկացուցիչ մաս են կազմում փոխայցելությունները: Երբ հստակություն լինի այդ թեմայի շուրջ, համաձայնեցված կարգով այդ մասին կհայտարարենք»:


Իրանի միջազգային մեկուսացման՝ ամերիկա-իսրայելական փորձերի ֆոնին ՀՀ-ն փորձում է դիվանագիտական կապեր հաստատել և հարաբերությունները խորացնել Իսրայելի հետ:


Իսրայելը տարիներ շարունակ զինում է ՀՀ-ին ու Արցախին պատերազմով սպառնացող Ադրբեջանին ու իսրայելցի մասնագետները վերապատրաստում են ադրբեջանական բանակն ու արդիականացնում այն:


Իսրայելի համար ՀՀ-ն ՌԴ-ի և Իրանի հետ ռազմավարական, դաշնակցային կապեր ունեցող երկիր է, իսկ Իսրայելի համար տարածաշրջանային դաշնակիցներ են Թուրքիան ու Ադրբեջանը` երկու պետություններ, որոնց նպատակն է բնաջնջել հայությանն ու ոչնչացնել հայոց պետականությունը: Իսրայելը բազմամիլիարդանոց ռազմական պայմանագրեր ունի Ադրբեջանի հետ, գնում է ադրբեջանական նավթն ու այնտեղ ունի հրեական զգալի համայնք:


Իսրայելի կովկասյան քաղաքականության մեջ առաջնահերթություն են Վրաստանն ու Ադրբեջանը՝ այդ երկրների լոգիստիկայով Իսրայելը փորձելու է ելք ունենալ դեպի կասպյան նավթն ու գազը, ինչպես նաև դուրս գալ Կենտրոնական Ասիայի տարածաշրջան: Բացի այդ, Իսրայելի համար Ադրբեջանը դիտարկվում է, որպես պլացդարմ՝ Իրանն ապակայունացնելու, այդ երկրում սեպարատիստական շարժումներ հրահրելու համար:


Իսրայելն, ունենալով հզոր տնտեսություն, դժվար թե տնտեսական շահեր ունենա սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում գտնվող ՀՀ-ում: Իսրայելին անհրաժեշտ են բնական ռեսուրսներ՝ նավթ, գազ, որոնց տարածաշրջանում տիրապետում է Ադրբեջանն, որը նաև լոգիստիկ միջանցք է ղազախական, թուրքմենական էներգառեսուրսների համար: Իսրայելի համար տարածաշրջանում կենսական նշանակություն ունի հենց Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցքը:


Իրանը կտրուկ է արձագանքելու ՀՀ-Իսրայել հնարավոր ջերմացմանը` թե՛ Ղարաբաղի հարցով դիրքորոշման, թե՛ տնտեսական նախագծերի առումով։ Մեղրիի ազատ տնտեսական գոտի կարող են այդպես էլ իրանցի ներդրողներ չգալ ու իրանական ապրանքները տարանցվեն ոչ թե ՀՀ-ով, այլ Ադրբեջան-Իրան երկաթգծով ու ավտոմայրուղիներով դեպի Սև ծով` Բաթումի, Փոթի կամ ՌԴ:


Հայ-իսրայելական տնտեսական հարաբերությունները գրեթե զրոյական մակարդակի են: Իսրայելում առկա է հայ համայնք, այդ թվում հայկական մշակութային, կրոնական ներկայություն Երուսաղեմում՝  առանձին թաղամասի տեսքով: Բացի այդ, ԱՄՆ-ում բավականին ուժեղ է հրեական լոբբին, որը սակայն շատ դեպքերում գործում է սպասարկելով Ադրբեջանի, Թուրքիայի և այլ երկրների շահերն ու այդ լոբբին առաջնորդվում է առաջին հերթին Իսրայել պետության ազգային շահերով:


ՀՀ-Իսրայել համագործակցության ճակատն այս պահին, ելնելով գեոպոլիտիկ իրավիճակից,  բավականին նեղ է՝ երկրները կարող են զարգացնել որոշակի տնտեսական կապեր, սակայն քաղաքական կապերի խորացումն ազդելու է հայ-իրանական հարաբերությունների վրա, ինչն Երևանի համար այսօր կենսական նշանակություն ունի:


Պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան չպետք է տեղի ունենա ավանդական բարեկամների, դաշնակիցների ու կարևորագույն հարևանների հետ հարաբերությունների հաշվին։ Իսրայելը շատ հեռու է Հարավային Կովկասից, իսկ Իրանը ՀՀ-ի հարավային դարպասն ու հարևանն է: Այնտեղ առկա է հայ համայնք, ու Իրանի ազդեցությունը տարածվում է ողջ Մերձավոր Արևելքում, որտեղ ամենուրեք հայկական համայնքներ կան:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...