28.03.2024
 Հրազդանի կիրճի ռեստորաններից մեկն է
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՀՀ-ում մտածում են՝ ինչպես բռնագանձել մարդու գույքն առանց դատարանի որոշման

Ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման պարտականության և առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտների ներդրման համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքային խումբ է ձևավորվել: Այս մասին ԿԲ-ն հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.


«Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինական ծագման վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը նախատեսված է Եվրոպայի խորհրդի «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» կոնվենցիայով (այսուհետ՝ Վարշավայի կոնվենցիա), որը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է առանց վերապահման՝ 2008 թ.։ Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:


Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը նախատեսված է ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» կոնվենցիայով, որը ՀՀ կողմից վավերացվել է կրկին առանց վերապահման՝ 2007 թ.։


Բացի այդ, ՖԱԹՖ-ի 4-րդ և 38-րդ հանձնարարականները ևս հստակ սահմանում են երկրների կողմից վերոգրյալ երկու ինստիտուտների ներդրման վերաբերյալ պահանջներ։


Հարկ է նշել, որ նշված ինստիտուտների ՀՀ-ում ներդրմանն են անդրադարձել մի շարք միջազգային գնահատման հաշվետվություններ։


Մասնավորապես՝


· Եվրոպայի խորհրդի կողմից 2016 թ. հաստատվել է Վարշավայի կոնվենցիայի համապատասխանության գնահատման հաշվետվությունը, որով նշվել է, որ ՀՀ-ն պետք է ձեռնարկի համարժեք օրենսդրական քայլեր կոնվենցիայով նախատեսված ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած անձանցից պահանջելու հիմնավորումներ բռնագանձման ենթակա գույքի օրինական ծագման վերաբերյալ:


· Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից 2018 թ. հաստատվել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիային ՀՀ համապատասխանության 4-րդ փուլի գնահատման հաշվետվությունը, որով արձանագրվել է, որ ՀՀ-ում չի ներդրվել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը: Հաշվետվությամբ ՀՀ-ին կոչ է արվում ներդնել Կոնվենցիայով նախատեսված նոր գործիքները, այդ թվում՝ վերոնշյալ ինստիտուտը քրեական գործերի քննության արդյունավետության բարձրացման նպատակով:


· Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից 2015 թ-ին հաստատվել է ՖԱԹՖ-ի հանձնարարականների ներդրման նպատակով 5-րդ փուլի գնահատման հաշվետվությունը, որով ամրագրվել է, որ «ՀՀ-ն հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման պրակտիկան բարելավելու նպատակով պետք է դիտարկի ծանր հանցագործությունների դեպքում եկամուտների կամ բռնագանձման ենթակա այլ գույքի օրինական ծագումը ապացուցելու պարտավորությունը հանցավորի նկատմամբ տարածելու և առանց մեղադրական դատավճռի առկայության բռնագանձման ինստիտուտների ներդրման հարցերը»:


Կարևոր է արձանագրել, որ նշված ինստիտուտները ներդրված են ինչպես եվրոպական, այնպես էլ տարածաշրջանային և մի շարք այլ երկրներում, այդ թվում Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Իռլանդիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Շվեյցարիայում, Լատվիայում, Լիտվայում, Սերբիայում և այլն։


Հաշվի առնելով վերոնշյալը, մասնավորապես միջազգային կառույցների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված հանձնարարականները, դեռևս 2016 թ-ի ապրիլին «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով» Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է միջոցառումների ծրագիր, որի հիման վրա տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի առջև խնդիր է դրվել ներկայացնել այս ինստիտուտների ներդրման միջազգային փորձը և Հայաստանում դրա ներդրման հնարավորությունները, ինչը Հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել սահմանված ժամանակացույցի համաձայն՝ 2018 թ. նոյեմբերին։


Հայաստանի Հանրապետությունում այս ինստիտուտների ներդրման հետ կապված 01.03.2019 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ շահագրգիռ պետական մարմինների մասնակցությամբ քննարկումներ կազմակերպելու և համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ ներկայացնելու նպատակով»:

Դանդաղ գործող ռումբ․ ԿԲ խորհուրդ է տալիս Արփինե Հովհաննիսյանին չհատել կոռեկտության սահմանը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար