29.03.2024
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը երկկողմ հանդիպումներ է անցկացրել ԱՊՀ գործընկերների հետ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մամուլ. Կառավարությունը չեղյալ կհայտարարի Սերժ Սարգսյանի հորդորով ստեղծված բանկը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է չեղյալ հայտարարել Համահայկական բանկի մասին օրենքը, որն ընդունվել է դեռեւս 2008 թվականի դեկտեմբերին նախագահ Սերժ Սարգսյանի ԱԺ-ում հնչեցրած ուղերձից հետո: Այսպիսի բանկ իրավաբանորեն ստեղծվեց, բայց իրականում այն այդպես էլ չկարողացավ դառնալ գործող կառույց: Եվ հիմա նոր իշխանությունը վերացնում է նաեւ այդ ֆորմալ կառույցը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական թիմում արշալույսները խաղաղ չեն։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախօրեին գրած ստատուսը՝ ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամների դեմ, սրել է պայքարը, որի կիզակետում ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն է, իսկ «փարդի ետեւից» վեճին հետեւում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով շատ մտերիմ է Զեյնալյանի հետ, ինչն ավելի է հունից հանում նախարարին։ «Խնդիրն այն է, որ Նարեկ Զեյնալյանը, որը մեծ պրակտիկա ունեցող բժիշկ է եւ փորձում է իր համքարության թասիբը պահել, մարտի 22-ին հանդիպում է նշանակել բժիշկների հետ, որոնք լուրջ անհանգստացած են Թորոսյանի բարձրաձայնումից, թե իշեմիկ ինսուլտի բուժումն անվճար է, իրականում անվճար է այդ հիվանդության որոշ տեսակների բուժումը. հիվանդը գնում է բժշկի մոտ, իրեն ասում են` վճարի, վերջինս էլ` «թաղեմ ձեզ, նախարարն ասել ա` ձրի ա»։ Հիմա Զեյնալյանն ուզում է իրավիճակը հասկանալ, ինչի մասին տեղյակ են պահել Թորոսյանին, ինչն էլ դուր չի եկել նրան եւ անմիջապես արձագանքել է»: Թիմում կա՞ն մարդիկ, որոնք առողջապահության նախարարի աթոռին տեսնում են Զեյնալյանին։ «Չեմ կարծում։ Չնայած` օբյեկտիվորեն եթե նայենք, հանձնաժողովի նախագահի կարգավիճակը նախարարի կարգավիճակին հավասար է` հետն էլ պատասխանատվություն չկա։ Բայց դե ո՞վ գիտի»,- ասաց «Իմ քայլի» պատգամավորը: Այսօր «Իմ քայլը» խմբակցության նիստ է հրավիրված, քննարկելու են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի աղմկահարույց հայտարարությունը եւ ոչ միայն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իմքայլական պատգամավոր Գեւորգ Պապոյանին իր ժեստիկուլյացիայի, խոսքի առոգանության, ձեռքի շարժումների եւ այլ հատկանիշների պատճառով շատերն են նմանեցնում Նիկոլ Փաշինյանին, ավելին՝ ոմանք անգամ նրան կնքել են «փոքրիկ Նիկոլ» անունով։ Դուք հատո՞ւկ եք նմանակում Փաշինյանին՝ հարցրել է մեր լրագրողը։ Պապոյանը ծիծաղել է․ «Այն մարդիկ, որոնք ինձ գիտեն վաղուց, իմ ուսանողները հատկապես կփաստեն, որ այդպես չէ, ես բացարձակապես չեմ նմանակում, այն ժեստիկուլյացիան, որ կա, իմն է, այդպես եղել է, այդպես էլ կմնա՝ անկախ իմ կարգավիճակից։ Մարդը, կարծում եմ, իր ամպլուայից պիտի դուրս չգա»։


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակից Արմեն Խաչատրյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել Օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքում: Գործող օրենսդրությունը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման իրավունք է վերապահում բացառապես Ազգային անվտանգության ծառայությանը, իսկ Խաչատրյանը առաջարկում է նման լիազորություն տալ նաեւ Ոստիկանությանը: Բայց ինչու միայն այս լիազորությամբ. Ոստիկանությանը կարելի է օժտել հարկահավաքման, բժշկական ծառայությունների մատուցման եւ այլ բազմաթիվ լիազորություններով»:


«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը բավականին տարօրինակ հայտարարություն է արել՝ կապված վերջին շրջանում պարբերաբար շեշտվող «հասարակություններին խաղաղության պատրաստելու» գաղափարի վերաբերյալ։ Մեկնաբանելով Փաշինյանի այն թեզը, թե Երեւանը պետք է մասնակցի նաեւ Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելուն, Գրիգորյանն ասել է, որ Ադրբեջանի ժողովուրդը պատրաստ է խաղաղության։ Սա առաջացրել է քաղաքագետների, քաղաքական դաշտի խաղացողների եւ ընդհանրապես հասարակության սթափ դատող մասի տարակուսանքը: Հատկանշական է, որ Գրիգորյանը Արցախյան հարցի հետ կապված բավականին հաճախ է «լյապեր» տալիս եւ անհասկանալի ու բավականին ռիսկային մեկնաբանություններ ու արտահայտություններ է անում: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս առիթով վարչապետի աշխատակազմից նրան զգուշացրել են, որ Արցախի հետ կապված գնահատականներ ու մեկնաբանություններ այլեւս չհնչեցնի: Թերթն արդեն իր հրապարակումներից մեկում նշել էր, որ իշխանության «սորոսական» թեւի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանի նկատմամբ այդքան էլ բարեհաճ չեն, եւ նա Դավիթ Սանասարյանից հետո երկրորդ ռիսկայիներից է»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս անդրադարձել էինք ՊԵԿ Արմավիրի օպերատիվ-հետախուզության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Օհանյանի նշանակմանը։ Գրել էինք, որ նա նշանակվել է Շենգավիթի հարկային տեսչության պետի տեղակալ եւ պաշտոնով հավասարվել որդուն` Սինոդ Օհանյանին, որը Արաբկիրի հարկայինի պետի տեղակալն է։ Մեզ ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան Օհանյանի նշանակումից։ Բանն այն է, որ Արմեն Օհանյանը Շենգավիթի հարկային տեսչության պետի տեղակալ նշանակվելուց առաջ՝ այս տարվա փետրվարի 1-ին մասնակցել է Արմավիրի բաժնի պետի համար հայտարարված մրցույթին, սակայն հաղթող չի ճանաչվել։ Մրցույթում հաղթել է Վահան Սողոմոնյանը։ Բայց որքան էլ զարմանալի է, պարտվելուց հետո նա ընդամենը 20 օր անց՝ փետրվարի 21-ին նշանակվել է Շենգավիթի հարկայինի պետի տեղակալ։ Նույնը կրկնվել է Գերասիմ Մկրտչյանի դեպքում, ով նույն ժամանակահատվածում մասնակցել է ՊԵԿ օպերատիվ հետախուզական վարչության 6-րդ բաժնի պետի պաշտոնի համար հայտարարված մրցույթին, սակայն հաղթող է ճանաչվել կրկին Վահան Սողոմոնյանը։ Բայց կարճ ժամանակ անց Գերասիմ Մկրտչյանը, ով շատ հին կոռուպցիոներ է, նշանակվեց ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ-հետախուզության վարչության բաժնի պետի տեղակալ։ Փաստորեն, երկուսն էլ մրցույթներում պարտվելուց հետո ավելի բարձր պաշտոն են ստացել»:


«Ժողովուրդ» թերթը գրում. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննվել է ՀՀ պաշտպանության նախարարի` թիկունքի գծով տեղակալ Գագիկ Մելքոնյանը, որն իր ցուցմունքում խոսել է մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ԱԺ մի խումբ նախկին պատգամավորների ու պաշտոնյաների թիկնազորին զինվորական համազգեստ հատկացնելու մասին: Ի դեպ, այդ ցուցակը ժամանակին հրապարակվել է, փաստահավաք խումբն էլ փորձել է ուսումնասիրություններ կատարել: Եվ, ահա, Մելքոնյանն իր ցուցմունքում պատմել է, որ ցուցակը իրեն է ներկայացրել ՀՀ ՊՆ իրային ծառայության պետի տեղակալ Վարդան Պողոսյանը: «Վարդան Պողոսյանը զանգահարել է ինձ եւ զեկուցել, որ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից բանավոր հրաման է տրվել այն մասին, որ ԱԺ մի խումբ պատգամավորների թիկնազորի անդամներին զինվորական համազգեստով ապահովենք: Ես չէի կարող առարկել, քանի որ զինվորական կանոնագրքով վերադասի հրամանները չեն քննարկվում: Դա ընդունելով ի գիտություն` Վարդանին ասացի` տվե՛ք»:


«Հրապարակ» թերթը գրում է. «4 օր առաջ «Լիդիան ինթերնեյշնլ լիմիթեդ» ընկերությունը՝ Ամուլսարի հանքը շահագործող, հայտարարեց միջազգային արբիտրաժ դիմելու մտադրության մասին, որը կիրականացնի ծանուցումից 3 կամ 6 ամիս անց։ Դեռ ամառվանից ճանապարհների փակման պատճառով ծրագրի իրականացումը կասեցված է, եւ «Լիդիանի» դիմումները՝ ուղղված ՀՀ կառավարությանը, անարձագանք են մնացել։ Կառավարությունը որոշել է նոր փորձաքննություն իրականացնել, որի համար բյուջեից 400 հազար դոլար է հատկացվելու։ Մեր աղբյուրներն ասացին, որ վերջին ամիսներին արդեն տարբեր իրավաբաններ էին աշխատում «Լիդիանի» համար, եւ նրանք վստահեցրել են, որ հաղթելու շանսերը մոտ են 100 տոկոսին։ Ինչ վերաբերում է վնասների գնահատմանը, ապա թեեւ դեռ թվեր չեն հրապարակում, բայց խոսվում է 1,5 միլիարդ դոլարի մասին, որի մեջ մտնում են ներդրված 400 միլիոնը, վերջին 8 ամիսների վնասները եւ այն հավանական եկամուտը, որը կարող էր ունենալ ընկերությունը հանքը շահագործելու դեպքում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը շրջանառության մեջ է դրել Տիեզերական գործունեության մասին օրենքի նախագիծը: Նախագծի առաջաբանում ասվում է, որ տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտումը ու շահագործումը հանդիսանում են ՀՀ պետական շահի կարևորագույն առաջնահերթությունը: Ափսոս նախագծում նշված չէ, թե երբ է Հայաստանը սկսում Լուսնի շահագործումը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մամուլում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի համար Արցախ այցելած Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաեւ այսպես ասած՝ ներքաղաքական թեմայով, մասնավորապես Արցախի նախագահի թեկնածուի հավակնորդ, Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ: Ինչպես հայտնի է, Արցախի նախագահի ընտրությունը տեղի է ունենալու 2020 թվականին, եւ այդ իրադարձությունն անշուշտ կարեւոր է թե՛ ներարցախյան, թե՛ նաեւ Հայաստանի ներքաղաքական իրողությունների տեսանկյունից: Այդ հարցը հատկապես առանձնահատուկ նշանակություն է ստանում Հայաստանում թավշյա հեղափոխության, եւ միեւնույն ժամանակ արցախյան հարցում Հայաստանի իշխանության նոր քաղաքականության համատեքստում: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը վարում է Արցախի սուբյեկտությունը բարձրացնելու քաղաքականություն: Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է ձգտի չմիջամտել Արցախի իշխանության ձեւավորման գործընթացին: Միեւնույն ժամանակ հասկանալի է, որ Հայաստանի իշխանությունը չի կարող իր հետաքրքրությունը չունենալ դրանում, եւ Երեւանի համար չի կարող միեւնույն լինել Արցախի ներքին քաղաքական գործընթացների տրամաբանությունը: Որովհետեւ, ինչպես, օրինակ, Հայաստանի դատական համակարգում, չմիջամտելու դեպքում բավական շոշափելի է դառնում նախկին համակարգի ազդեցության հնարավորությունը: Իսկ այն, որ արցախյան գործընթացում կա Հայաստանի նախկին իշխող համակարգի տարբեր թեւերի շահագրգռությունների հանգամանքն ու նաեւ որոշակի ազդեցությունը, այդ թվում՝ Արցախի ներկայիս իշխանության տարբեր թեւերի հետ սերտ կապերի առումով, աներկբա է: 


Ըստ այդմ ուրվագծվում է որոշակի հնարավոր հարաբերակցություն եւ հարցադրում՝ արդյո՞ք Արցախի նախագահի ընտրությունը Հայաստանի նախկին իշխող համակարգը կփորձի վերածել Հայաստանում տապալման կամ մերժման ռեւանշի, Արցախի իշխանության շահագրգիռ շրջանակների օգնությամբ օգտագործելով նաեւ այդ միջոցով եղած ազդեցությունն Արցախում: Թե՞ 2020 թվականի ընտրությունը Արցախի համար կօգտագործվի որպես թե՛ նոր Հայաստանին, թե՛ Հայաստանի արցախյան նոր քաղաքականությանն ու մոտեցումներին համարժեք արցախյան քաղաքական իրականություն եւ իշխանություն ձեւավորելու հնարավորություն:


Արդյո՞ք Փաշինյանի արցախյան այցի ընթացքում քննարկվել են այդօրինակ հարցեր, եւ արդյո՞ք եղել է Վիտալի Բալասանյանի հետ հանդիպում, ու ի՞նչ համատեքստում: Ի վերջո, հանդիպման փաստը ինքնին տարօրինակ լինել չի կարող, սակայն փաստն էլ ինքնին չի կարող նշանակել, որ քննարկվել է Բալասանյանին Երեւանի աջակցության հարցը: Այն, որ Արցախի նախագահի գրեթե բոլոր թեկնածուները կփորձեն ամեն կերպ որեւէ թել գտնել այսպես ասած՝ Երեւանի աջակցության մասին ակնարկներ անելու, կամ ամեն մի թելը այդպիսի աջակցության վկայության խողովակ ներկայացնելու առիթ կամ հնարավորություն, անկասկած է: Եվ այստեղ ակնառու է, որ Երեւանը չպետք է թույլ տա այդպիսի շահարկումների առիթ, հատկապես երբ խոսքը վերաբերում է շրջանակների եւ գործիչների, որոնք ուղղակի ասոցացվում են Հայաստանի նախկին համակարգի հետ, անկախ, իհարկե, նրանց պատերազմական վաստակից: Վերջին հաշվով, ժամանակն է նաեւ այդ իմաստով տարբերակել մեկը մյուսից՝ քաղաքական ապագայի հարցերը հերոսական անցյալի վաստակից: Հայաստանում եւ Արցախում նախորդ շրջափուլի էական խնդիրների արմատներից մեկը եղել է նաեւ հենց այդ հասկացությունների անհարկի, իսկ հաճախ նաեւ մանիպուլյացիոն շաղախումը, որից պետք է ձերբազատվել թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, հերոսական անցյալը դնելով իր տեղում, քաղաքական ապագայի հարցերը՝ իրենց: Այդ դեպքում ամեն ինչն իր տեղում ստանում է շատ ավելի մեծ էֆեկտիվություն հանրային ու պետական շահի, անվտանգության ու ապագայի համար»:

ԱԳ նախարարը ԵԽԽՎ համազեկուցողներին ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերությունները
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար