Որքա՞ն թանկացնել ծխախոտը․ Առողջապահության նախարարն արձագանքել է վարչապետի դիտողությանը

272

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքում գրառում է արել ծխախոտային արտադրատեսակների հարկերի բարձրացման վերաբերյալ՝ անուղղակի արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն արված դիտողությանը։


Հինգշաբթի կառավարության նիստին Հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթը քննարկելիս առողջապահության նախարարը դժգոհություն էր հայտնել, որ ծխախոտի ակցիզային հարկը նախատեսվածից քիչ է բարձրացվում։ Փաշինյանը նախարարին դիտողություն էր արել և ասել․


«Իրեն չի հետաքրքրում բյուջեի մուտքը, իրեն հետաքրքրում է՝ էնքան թանկ լինի, որ ոչ ոք չծխի: Պարո՛ն Թորոսյան, մենք կառավարություն ենք, չենք կարող լինել միայն առողջապահության նախարարություն: Հիմա պետք է հարկային եկամուտների, առողջապահության, գյուղացիների գյուղմթերքի մթերման մասին էլ մտածենք»,- ասել էր վարչապետը, հիշեցնում է Սիվիլնեթը։


Թորոսյանն իր գրառման մեջ նշել է ծխելու վնասները՝ ներկայացնելով Հարվարդի համալսարանի հետազոտությունը։


«Երբ ես խոսում եմ ապացուցողական քաղաքականության մասին, նկատի ունեմ նաև նման հետազոտությունները։ Այն կատարվել է 2017թ․ ապրիլին Հարվարդի համալսարանի, Վաշինգտոնի համալսարանի և Համաշխարհային բանկի փորձագետների կողմից։ Ցավոք այս պահին հայերեն տարբերակը չունենք, բայց կունենանք մոտ ապագայում։


Հետազոտության անվանումն է՝ Ծխախոտային արտադրատեսակների հարկերի բարձրացման բաշխիչ ազդեցության գնահատումը Հայաստանում․ ծախս արդյունավետության ընդլայնված վերլուծության արդյունքները։


Ներկայացնում եմ տվյալ վերլուծության հիմնական արդյունքը մինչև ամբողջական հայերեն տեքստի լինելը։


Ծխախոտի գնի բարձրացումը 45%-ով կկանխարգելի մոտավորապես 88,000 վաղաժամ մահ ծխելը թողածների և չսկսածների շրջանում։


Անգլերեն ամբողջական տարբերակը։


Շուտով կներկայացնեմ նաև բազմաթիվ երկրների փորձը, թե ինչպես է ծխախոտի ակցիզային հարկի բարձրացումը բերում հարկային եկամուտների աճի՝ ի պատասխան հակառակի մասին պնդողների»։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...