29.03.2024
ՀՀ-ԵՄ համաձայնագիրը հսկայական նշանակություն ունի մեր բարեփոխումների համար. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մամուլ. Սերժ Սարգսյանը հարցազրույց կտա Վլադիմիր Սոլովյովին, որը կցուցադրվի ապրիլի 23-ին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին Սերժ Սարգսյանը մեկնել է Արցախ` մասնակցել Արցախի պաշտպանության նախկին նախարար Լեւոն Մնացականյանի որդու հարսանիքին, մի քանի օր էլ որոշել է անցկացնել մոր` տիկին Նորայի մոտ: Հարսանիքը կայացել է Ստեփանակերտի «Արարատ գոհար» ռեստորանում, մասնակցել է մոտ 400 մարդ, Երեւանից մեծ թվով հյուրեր են եղել։ Մեզ ասացին, որ ներկա է եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ իր տեղակալներով, նախկին Պնախարար Վիգեն Սարգսյանը եւ այլք։ Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ` առաջիկայում Հայաստան է ժամանելու իրեն հայերի մեծ բարեկամ համարող հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը։ Նա հարցազրույց է անցկացնելու Սերժ Սարգսյանի հետ, որը, մեր աղբյուրների վկայությամբ, ռուսական 2-րդ հեռուստաալիքով կցուցադրվի ապրիլի 23-ին` Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, որը նոր իշխողները ցանկանում են «Քաղաքացու օր» ճանաչել եւ դարձնել ոչ աշխատանքային»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Բանաստեղծ Արմեն Դավթյանը, ով դեռեւս 1998 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալուց հետո, նշանակվել էր ՀՀ նախագահի ռեֆերենտ, ապա հետագայում մնացել նույն պաշտոնին Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ, հետագայում՝ Սերժ Սարգսյանի վարչապետ նշանակվելուց հետո, տեղափոխվել կառավարություն եւ նշանակվել ՀՀ վարչապետի ռեֆերենտ, օրերս ազատվել է պաշտոնից եւ շուտով կնշանակվի ԱԱԾ տնօրենի խորհրդական։ Մենք տեղեկացանք, որ ԱԱԾ-ում եւս Արմեն Դավթյանն աշխատելու է տեքստերի վրա»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին Մոսկվայում տեղի է ունենալու հայտնի «Լազարյան ակումբի» հերթական հավաքը: Մեր տեղեկություններով՝ այդ պրոռուսական և Հայաստանի ներկա իշխանությունների դեմ ուղղված նախագծի ստեղծումն ու ֆինանսավորումը կատարվում է անմիջականորեն Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների կողմից: Քոչարյանը այդ ակումբի միջոցով աշխատում է Ռուսաստանի իշխանական էլիտայի վրա՝ նպատակ ունենալով ցույց տալ, որ Հայաստանում իշխանության են եկել բացահայտ հակառուսական ուժեր»:


«Իրատես» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը հետաքրքիր վերափոխումների մեջ է: Խորհրդարանական ընտրությունների շեմին իրար բզկտած, նախկին ու ներկա մեղքերը հասարակությանը ներկայացնելու պատրաստ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն այս օրերին մերձեցման երեկոներ են կազմակերպում: «Բազմավեկտոր» քաղաքական խաղերի մեջ է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Մի կողմից Նիկոլ Փաշինյանի «ցավն է տանում» ու վաստակում սեփականատիրոջ համբավ, մյուս կողմից էլ ԼՀԿ-ի հետ է սկսում հարաբերությունները հարթել: Մեր տեղեկություններով, վերջերս Գագիկ Ծառուկյանը և ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը հանդիպել են: Ծառուկյանը նախ դժգոհել է Նիկոլ Փաշինյանից, հատկապես սեփական գազալցակայանների ու ցեմենտի գործարանում ստեղծված իրավիճակի համար, հետո «սիրտը բացել» է ու ասել, թե ինչ ունեն երկու խորհրդարանական ընդդիմադիր ուժերն իրար դեմ, ճիշտ կլինի միավորվեն ու համատեղ գործեն Նիկոլ Փաշինյանի դեմ: Սակայն սա չի եղել խոսակցության միակ թեման: Գագիկ Ծառուկյանը նաև խոսել է իր երբեմնի թիկնապահ, այսօր պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործի մասին: Ըստ տեղեկությունների, Արման Բաբաջանյանը վստահեցրել է, որ եթե հարցը հասնի ԱԺ, ԼՀԿ-ն կհայտարարի, որ դա քաղաքական հետապնդում է: Ի դեպ, նույն տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը վերջերս մի քանի անգամ հանդիպել է նաև Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի հետ: Ասել է` ԲՀԿ առաջնորդը փորձում է բոլորի հետ կառուցել «և-և»-ի քաղաքականություն, բայց չգիտես ինչու, այն միշտ հանգում է «կամ-կամ»-ի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ սկսվել է նրա հայտարարությամբ, որ լինելու է շատ անկեղծ, պատասխանելու է բոլոր հարցերին։ Այդ պահին նրան է մոտեցել ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցը, ինչ-որ բան շշնջացել։ «Տպավորություն էր, որ Մակունցը զգուշացնում էր ոստիկանապետին, որ «ուտեչկաներ» են լինում մեր մոտից, եւ շատ անկեղծ պետք չէ լինել»,- ասաց երիտիմքայլականը: Ընդ որում, դա առաջին դեպքը չէ, երբ Մակունցը նման զգուշացում է անում․ օրինակ, տրանսպորտի եւ կապի նախարարին եւս զգուշացրել է «ուտեչկայի» մասին: Զգուշացրել է, որ փետրվարի 31-ից էլ չխոսի՞: «Ի դեպ, Հակոբ Արշակյանի մասին կարծես սխալ պատկերացում կա, առկա նախարարներից նրա պատասխաններն ամենակոմպետենտն ու սպառիչ էին»,- ասաց պատգամավորը: Իսկ ճի՞շտ է, որ շատ «հուզված» եք եղել Սուրեն Պապիկյանի պատասխաններից ու քիչ է մնացել վերջում ծափ տաք։ «Ծափ չենք տվել, սակայն փոխըմբռնումը մեծ էր Պապիկյանի ու ֆրակցիայի միջեւ։ Նա շատ մանրակրկիտ ներկայացրեց ոլորտի խնդիրները եւ դրանց լուծումները․ ադեկվատ մարդ է»,- պատմեց մեր աղբյուրը: Ի դեպ, Օսիպյանին ուղղված հարցերից ամենահետաքրքիրը եղել է «սորոսականներից»։ Հարցրել են` Դուք երբեմն խախտում եք անմեղության կանխավարկածը, ձեր հաղորդումների ժամանակ պաթետիկ ձայնով են խոսում, երաժշտություն կա, հայտարարում եք` կոռուպցիա չկա ձեր համակարգում, բայց կա»։ «Ոչ, չկա»,- արձագանքել է Օսիպյանը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստ, որը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, տեւել է հազիվ 10 րոպե: Ենթադրվում է` այսօր մեկնարկող նստաշրջանը եւս ամենակարճն է լինելու, եւ այսօրվա բուն նիստը կարող է տեւել ընդամենը մի քանի ժամ, որին կհաջորդեն ելույթները, իսկ վաղն էլ կառավարության հետ պատգամավորների հարցուպատասխանը: Այնինչ նախկինում ԱԺ նիստերը կարող էին անընդմեջ 3-4 օր տեւել: Ստեղծված իրավիճակի պատճառը, թերեւս, պատահական չէ. ԱԺ խորհրդի հաստատած օրակարգը բավական աղքատիկ է, իսկ պատգամավորների կողմից ներկայացված հինգ նախագծերից երեքն էլ մերժվել են: Սա նշանակում է, որ խորհրդարանում այդ նախագծերը նույնիսկ չեն էլ քննարկվի: Այսինքն` մնում է երկու օրենսդրական նախաձեռնություն, մեկ զեկույց եւ մեկ հաղորդում, ինչը շատ ժամանակ չի խլի»։


«Իրատես» թերթը գրում է. «Նոր իշխանությունները որոշել են նախկին պաշտոնյաների զավակներին «լավություն անել»` առանց սովորելու գնահատականներ չբաշխել։ Մասնավորապես մի ուշագրավ դրվագ մեզ հայտնի դարձավ։ Մինչ այդ հիշեցնենք, որ ժամանակին մեծ աղմուկ բարձրացրեց նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Նրա համար հատուկ «պայմաններ» էին ստեղծվել, որ ոչինչ չխանգարի քաղաքապետի` գիտության թեկնածու դառնալուն: Սակայն գնաց ՀՀԿ-ն, ու հիմա ՀՊՏՀ-ում շատ բան է փոխվել, ոչ մի միջնորդություն, շատերը դուրս են մնում, չեն կարողանում քննությունները հանձնել: Ավելին, նույնիսկ Տարոն Մարգարյանի որդին ստիպված է սովորել, որ քննություն հանձնի: Մեր տեղեկություններով, դասախոսներին հրահանգել են ոչ մի դեպքում չնշանակել նախկին քաղաքապետի որդուն, եթե պատրաստ չէ: Ստիպված Տարոն Մարգարյանը դասախոսներ է վարձել, որ որդուն պատրաստեն քննությունների: Ի դեպ, Մարգարյանի որդին միակը չէ, որ ստիպված է սովորել, որպեսզի բուհից դուրս չմնա»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, Արցախի հերոս, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը կմասնակցի Արցախի Հանրապետության նախագահի՝ 2020 թ. կայանալիք ընտրություններին: Արցախի մեր աղբյուրները նշում են, որ առաջիկայում տեղի կունենա «Արդարություն» կուսակցության համագումարը, որի ժամանակ էլ Վիտալի Բալասանյանը կառաջադրվի նախագահի թեկնածու: Հիշեցնենք, որ դեռեւս մեկ ամիս առաջ Բալասանյանը հայտարարել էր, որ վերջնական որոշում դեռ չունի: «Պատրաստվում եմ հանդիպումներ սկսել խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ակտիվ անհատների հետ, ինչպես նաեւ այցելել համայնքներ եւ հանդիպել մեր քաղաքացիների հետ՝ նրանց հետ քննարկելու 2020թ. հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին՝ որպես նախագահի թեկնածու իմ առաջադրվելու նպատակահարմարությունը»,-ասել էր նա»:


«Փաստ» թերթը գրում է. «Դավիթ Սանսարյանի եւ ՊՎԾ շուրջ ծավալվող զարգացումները փաստացի վկայում են ոչ միայն կոռուցիոն խնդիրների առկայության, այլեւ ոչ պակաս խորքային ուրիշ խնդիրների մասին: «Փաստ» թերթի տեղեկություններով, հարցն այն է, որ իշխանության ներսում իրականում առկա են ընդգծված բեւեռներ, եւ ներիշխանական դիրքավորումների հարցն ավելի է սրվել: Խոսքը, այսպես կոչված, բուն հեղափոխականների եւ հ/կ սեկտորի (այսպես կոչված՝ «սորոսականների») ներքին պայքարի մասին է: Սանասարյանն, ըստ էության, տարիներ շարունակ դիտարկվել եւ համարվում է հ/կ սեկտորի կարեւորագույն դերակատարներից մեկը, եւ այս գործընթացը կատարվում է այդ թեւին իր տեղը ցույց տալու համար, որպեսզի չանցնեն սահմանները: Հ/կ սեկտորի ներկայացուցիչները բավական շատ են հատկապես օրենսդիրում՝ «Իմ քայլը» խմբակցությունում՝ թվով 18 պատգամավոր: Թերթի ներիշխանական աղբյուրի փոխանցմամբ, այս հատվածի մոտ դժգոհության ալիք է հասունանում, քանի որ հասկանում են, որ բուն հեղափոխական թեւն իրենց թիմին ուղղակի ցանկանում է «քցել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանը տեղափոխվեց Բաղրամյան 26՝ ազատելով Մաշտոցի պողոտայի վրա գտնվող նախագահական նստավայրը, որը մինչ այդ կառավարության ընդունելությունների տունն էր: Մեր տեղեկություններով՝ այդ տարածք է տեղափոխվելու Դավիթ Սանասարյանի գլխավորած Պետական վերահսկողական ծառայությունը և հնարավոր է՝ նաև Հաշվեքննիչ պալատը: Հետագայում այս երկու կառույցները կարող են միավորվել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հաճախ է իր հրապարակային ելույթներում առանց կոնկրետացնելու, առանց անուններ հնչեցնելու անդրադառնում նոր Հայաստանի տրամաբանության մեջ չտեղավորվող պաշտոնյաներին: Այս առումով հատկանշական էր Փաշինյանի հայտարարությունը Իրան այցի շրջանակներում Սպահանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: Խոսելով ազգային ինքնությունն ամուր պահելու եւ օտարամոլությանը տուրք չտալու մասին` նա ասել է. «Թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ»: Թե ում նկատի ունի Փաշինյանը, չի կոնկրետացրել: Պարզ չէ` նա խոսել է նախկին դեպքերի մասին, թե նաեւ հիմա կան նման պաշտոնյաներ: Բայց որ Հայաստանի համար սա տարիներ ի վեր եղել է ամենաառանցքային խնդիրը, փաստ է. քաղաքական գործիչների (ավելի ճիշտ` գործիքների) մի մասն իրականում ղեկավարվել են ոչ այնքան հայրենիքի, որքան այս կամ այն պետության շահերով: Ու հիմա հայտարարություններից զատ նաեւ այս առումով գործնական քայլեր ձեռնարկելու, այդպիսի անձանց լյուստրացիայի ենթարկելու ժամանակն է մանավանդ նոր Հայաստանում, որի ղեկավարն ունի բացարձակ լեգիտիմություն ու վայելում է հասարակության զգալի մասի աջակցությունը: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին՝ հետաքրքրվելով, թե ում նկատի ունի վարչապետը, ինչ կասկածներ կան, ովքեր են օտարերկրյա գործակալ քաղաքական գործիչները: «Վարչապետը ասաց այնքան, որքան նպատակահարմար գտավ»,- նշեց նա»:


«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում իշխանափոխությունից հետո ոչ մեկ անգամ է հայտարարվել, որ վերջ է տրվել մենաշնորհներին, շուկան այլեւս ազատ է։ Փետրվարի սկզբներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի՝ շուկայի կենտրոնացվածության (մոնոպոլիզացվածության) աստիճանը բնութագրող ցուցանիշով 2018 թվականին Հայաստանը ռեկորդային առաջընթաց է գրանցել՝ 9 կետով, եւ հայտնվել 19-րդ հորիզոնականում: «Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը ճանաչում է, որ 2018 թվականին մենք լրջագույն հաջողությունների ենք հասել մենաշնորհների դեմ պայքարում: Նշված ցուցանիշը կարեւորագույն ազդակ է պոտենցիալ ներդրողների համար, ովքեր կարող են տեսնել, որ Հայաստանը հակամենաշնորհային առումով աշխարհի լավագույն 20-յակի մեջ է»,- գրել էր վարչապետը: Նախորդ իշխանությունների օրոք Հայաստանի կարկառուն մենաշնորհատերերից մեկը համարվում էր բոլորին քաջ հայտնի Սամվել Ալեքսանյանը։


«168 ժամ»-ը նրան պատկանող ընկերությունների օրինակով փորձեց դիտարկել շուկայում փոփոխությունները։ Պատկերը զարմանալի էր՝ Ալեքսանյանը գրեթե չի զիջել դիրքերը։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից մեր հարցմանն ի պատասխան ստացված վիճակագրությունը փաստում է, որ, եթե մի շուկայում նրա մասնաբաժինը նվազել է, ապա մյուսում ավելացել է։ Այսպես. շաքարավազի շուկայում 2017 թ. գործել է 85 տնտեսվարող, եւ Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ընկերության մասնաբաժինը կազմել է 97 %, 2018 թ. այս շուկայի խաղացողների թիվը կրճատվել է 10-ով, իսկ «Ալեքս Հոլդինգի» մասնաբաժինը դարձել է 92 %։ Շուկայի կենտրոնացվածությունը, կարելի է ասել, նվազել է, սակայն խիստ աննշան չափով, եւ Ալեքսանյանը շարունակում է կրել «շաքարի արքա» «պատվավոր» տիտղոսը։ Ցորենի շուկայում տնտեսվարողների թիվը 2017 եւ 2018 թվականներին նույնն է եղել՝ 84, իսկ «Ալեքս Հոլդինգի» մասնաբաժինն ավելացել է՝ 49 %-ից դառնալով 53%։ Բուսական յուղի շուկայում նշված ժամանակահատվածում մասնակիցների թիվն ավելացել է՝ 77 տնտեսվարողների փոխարեն՝ գործել է 91-ը, «Ալեքս Հոլդինգի» մասնաբաժինը 27%-ից դարձել է 22%։ Բրնձի շուկայում 2017-ի 58-ի փոխարեն՝ 2018 թ. գործունեություն է ծավալել 69 ընկերություն, եւ «Ալեքս Հոլդինգի» մասնաբաժինը 21%-ից նվազել է 17%։ Կարագի շուկայում տնտեսվարողների թիվը չի փոփոխվել՝ 44 ընկերություն, սակայն «Ալեքս Հոլդինգի» հետ միաժամանակ՝ 2018-ին կարագ է սկսել ներմուծել Ս.Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Ալեքս ընդ Հոլդինգ» ՍՊԸ-ն։ Այս երկուսի մասնաբաժինը շուկայում 2017-ի 56%-ի փոխարեն՝ 2018-ին դարձել է 46%։ Ի դեպ, «Ալեքս ընդ Հոլդինգ» ՍՊԸ-ն բոլորովին նոր է, հիմնադրվել է հեղափոխությունից հետո՝ 2018-ի մայիսի վերջին։ Կարելի է արձանագրել, որ Սամվել Ալեքսանյանի կյանքում «տնտեսական հեղափոխություն» դեռեւս չի եղել»:

Նոր ներդրումային ծրագիր ՀՀ էներգետիկ համակարգում. Երևանում ջերմաէլեկտրակայան կկառուցվի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար