Սամվել Բաբայանին զրկել են Արցախի քաղաքացիությունից. նա կդիմի դատարան

283

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը դիմում է դատարան՝ Լեռնային Ղարաբաղի իր քաղաքացիությունը վերականգնելու հարցով:


«Ինձ զրկել են Ղարաբաղի քաղաքացիությունից, այն դեպքում, որ ես որևիցե անգամ ո՛չ դիմում եմ գրել, ո՛չ դրա մասին հայտարարել եմ», - «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց Բաբայանը: - «Այդ հարցով դատարան ենք մտնում՝ դիմում, որ վերականգնեն: Որովհետև դա հակասում է իրենց իսկ Սահմանադրությանը, որովհետև այնտեղ հստակ գրված է՝ որևիցե մեկը, անգամ դիմումի համաձայն, իրավունք չունի ինձ զրկել քաղաքացիությունից: Իրենք իրավունք չունեին ո՛չ զրկեին, որ նման հարց քննեին»:


Բաբայանը, ով փետրվարի սկզբին բարձրաձայնել էր 2020-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին, միայն երեկ է իմացել, որ դեռ տարիներ առաջ՝ 2006 թվականին, իրեն զրկել էն Արցախի քաղաքացիությունից:


«Ես երեկ եմ իմ պաշտպանից իմացել, որ ես զրկված եմ քաղաքացիությունից: Ես մինչև էդ չգիտեի՝ որտեղի՞ց տեղյակ լինեմ, եթե ես դիմում չեմ ներկայացրել, որ ես հրաժարվում եմ քաղաքացիությունից, ո՞վ իրավունք ուներ ինձ քաղաքացիությունից զրկել: Երբ որ մենք ասում ենք, իրանք էլ տրտնջում են, որ օրենքով ամեն ինչ՝ օրենքով, հենց դրա մասինա խոսքը», - ընդգծեց Արցախի հերոսը:


Բաբայանը նաև ահազանգում է՝ Ղարաբաղի իշխանությունները ապօրինի որոշում են կայացրել, փորձելով խոչընդոտել սահմանադրական փոփոխություններ իրականացնելու նպատակով ստորագրահավաք իրականացնելու՝ իր նախաձեռնությունը:


«Ես չէի ցանկանա, որ Ղարաբաղում լինեին ցնցումներ, մարդիկ դուրս գան, սկսի պայքար և այլն, ես ուզում էի օրենքի շրջանակում հանգիստ կարգավորեինք հարցերը, բայց եթե գնաց սրացման, հետ չեմ կանգնելու, որովհետև այլընտրանք չկա», - ասում է նա:


Ի դեպ, Սամվել Բաբայանը փոխանցեց, որ ինքն այս պահին Ղարաբաղում է և անձամբ զբաղվում է այս խնդրով:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...