Արտաքին ուժերը փորձում են Վրաստանում ազգամիջյան հակամարտություն հրահրել․ պատգամավոր

123

Վրաստանի խորհրդարանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ Ռուսլան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել Վրաստանում հանդուրժողականության ու ազգամիջյան հարաբերությունների թեմայով, հայտնում է jnews.ge-ն։


Պատգամավորը նշում է, որ Վրաստանը միշտ տարբերվել է իր էթնիկ բազմազանությամբ, և երկրի կայունությունն ու զարգացումն այլ կարևոր գործոնների հետ հիմնականում կախված է ազգամիջյան հարաբերությունների ընթացքից, որտեղ բոլոր քաղաքացիները պետական հաստատությունների հետ միասին իրենց ներդրումն ունեն:


«Ցավոք, վերջին շրջանում Վրաստանի հարևան երկրների միջև տասնյակ տարիներ շարունակվող հակամարտությունը որոշ չափով անդրադարձել է մեր համաքաղաքացիների մի մասի վրա՝ նրանց մեջ էլ սերմանելով էթնիկական հողի վրա հակամարտության գաղափարը: Տարբեր ազգերի ներկայացուցիչներ, հնարավոր է, որոշակի զգացական կապ ունեն իրենց էթնիկ երկրների հետ, սակայն միևնույն ժամանակ պետք է հիշենք, որ մեր էթնիկ պատկանելությունից զատ բոլորս Վրաստանի զավակներն ենք և մեր գործողությունները պետք է բխեն Վրաստանի պետության և հասարակության շահերից», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուսլան Պողոսյանը:


Վերջինս երկրի բոլոր քաղաքացիներին, անկախ ազգային պատկանելիությունից, կոչ է անում պատասխանատվություն ստանձնեն և կատարեն իրենց ներդրումը Վրաստան պետության զարգացման ու առաջընթացի համար:


«Վրաստանի բոլոր էթնիկ խմբերի ներկայացուցիչները պետք է հասկանան, որ որևէ մեկը չունի ո՛չ գաղափարական, ո՛չ էլ իրավաբանական իրավունք մեր երկիրը անհարմար իրավիճակում դնելու և միտումնավոր կամ ակամա Վրաստանը որևէ հակամարտության մաս դարձնելու: Տպավորություն է ստեղծվում, որ արտաքին ուժերը փորձում են Վրաստանում ազգամիջյան հակամարտություն հրահրել: Էթնիկ հակամարտության համար բնորոշ է նաև, որ տասնյակ տարիների ընթացքում չի արձանագրվել արդեն սկսված էթնիկ հակամարտության կարգավորման դեպք», – գրել է «Վրացական երազանք» կուսակցության անդամը:


Ռուսլան Պողոսյանը Վրաստանում ապրող բոլոր էթնիկ խմբերի ներկայացուցիչներին կոչ է անում հզորացնել հայրենիքը և միասնաբար ստեղծել ժամանակակից, զարգացած պետություն ու հասարակություն:


«Չտրվել միջէթնիկ լարվածության սադրանքներին, ամեն ինչ անել, որ մեր երկրում քաղաքացիական համաձայնություն, ազգամիջյան խաղաղություն, բարեկեցություն և համագործակցություն տիրի»,- եզրափակել է պատգամավոր Ռուսլան Պողոսյանը:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...