ՀՀ-ն Եգիպտոսին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրում իր մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը

393

Փետրվարի 15-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում կայացավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Հասան Շուքրիի հետ:


Ինչպես հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը և սերտացումը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում:


Զոհրաբ Մնացականյանը և Սամեհ Հասան Շուքրին բարձր գնահատեցին ավանդական բարեկամական կապերի վրա հիմնված հայ-եգիպտական հարաբերությունները և ընդգծեցին փոխադարձ պատրաստակամությունը համատեղ ջանքեր գործադրելու երկկողմ օրակարգի առավել հարստացման, քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական փոխգործակցության խթանման ուղղությամբ: Այս առումով զրուցակիցները կարևորեցին բարձրաստիճան փոխայցերի իրականացումը, ինչպես նաև տնտեսական հարցերով հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը:


ԱԳ նախարարներն առանձնահատուկ շեշտեցին հարուստ պատմություն և ուրույն դերակատարություն ունեցող եգիպտահայ համայնքի կարևորությունը և կամրջող դերակատարությունը երկու երկրների հարաբերություններում:


Ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումերը՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ կառավարության առաջնահերթություններից է նորարարության և բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսության զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Այս համատեքստում նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի նախապատրաստական աշխատանքները:


Կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ հարցերի շուրջ:


Նախարար Մնացականյանը եգիպտացի գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...