Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը անհեթեթ է ու անհասկանալի. Օհանյան

431

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը անհեթեթ և անհասկանալի է համարում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը։ Այս մասին նա հայտարարել է տեսաուղերձում, որը հրապարակվել է Facebook-ի իր էջում:


Նա հայտարարել է, որ ոչ միայն անհեթեթ ու անհասկանալի է համարում մեղադրանքը, այլև չի ընդունում այն։ Ճիշտ չի համարում նաև հետապնդումները իր գործընկերների նկատմամբ: Նշենք, որ այս պահի դրությամբ թվով նախկին վեց պաշտոնյայի է մեղադրանք առաջադրվել, այդ թվում և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:


«Միթե՞ ճիշտ է խափանման միջոց կալանավորում ընտրել Յուրի Խաչատուրովի նկատմամբ, երբ դեռևս կանխավարկածներ են և որևէ ապացույց չկա: Կամ միթե՞ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ավելի քիչ երաշխիք է, քան 3-5 մլն գումարը և այս գործընթացների շրջանակում բարձրացված աղմուկը։ Չեմ հավատում նաև, որ նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը  խուսափում է, նա պարզապես վիրավորված է և չի հավատում ընթացող քրեադատավարական գործընթացին: Կարծում եմ, բոլորի համար հասկանալի է, որ պատերազմով անցած, այս պետությունը կերտած իսկական մարդիկ չեն կարող փախչել հայրենիքից», - ասել է Ս.Օհանյանը։ 



Օհանյանը նաև սխալ է համարել Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը։


«Ես բացահայտ սխալ եմ համարում նաև հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը, նրան կալանավորված պահելը։ Մարդը, որը ինքնակամ մի քանի անգամ ներկայացել է քրեադատավարական բոլոր գործողություններին, այդպիսի վերաբերմունքի արժանի չէ։ Այդպիսի մարդիկ երբևիցե չեն խուսափում պատասխանատվությունից», - նշել է Ս.Օհանյանը։


Նա նաև երկու նկատառում է առաջ քաշել. «Նախ, եթե քննում ենք 2008 թ. մարտի 1-ի գործը՝ պետք է հասկանանք, որ ՀՀ նորագույն պատմության ընթացքում մեր բնականոն ընթացքը մի քանի անգամ խաթարվել է՝ սկսած 1995-1996 թվականներից։ Ինչու՞ չենք քննում այդ գործը։՚ Այդ կարծիքը արտահատում եմ ոչ միայն ես, այլ նաև շատ շատերը։ Եվ երկրորդը՝ եթե ուզում ենք քննել 2008 թ. մարտի 1-ի գործը, ապա այն հենված է միանշանակ նախագահական եռանկյունու վրա:


Մի կողմից նախագահն է, որն ընտրվել էր, մյուս կողմից՝ նախագահը, որը չէր ընդունում ընտրությունների արդյունքները, և մյուս կողմից նախագահը, որը պետք է, կայունություն ապահովելով, փոխանցեր մեր երկրի կառավարման համակարգը:


Այս իրավիճակում ՀՀ երկրորդ նախագահը գտնվում է անհավասար պայմաններում, անազատության մեջ գտնվելով, մենք, կարծում եմ, խախտում ենք վերաբերմունքը մեր երկրի կառավարման համակարգում մեծ դերակատարություն ունեցող մարդկանց նկատմամբ։ Չէ՞ որ այսօր նաև քրեադատավարական միջազգային փորձը հումանիստական տարբեր ձևեր և մեթոդներ է մտածում և կիրառում։ Կարելի է ազատ թողնել և ազատության մեջ շարունակել այդ քննարկումը։


Մենք պետք է չափազանց հարգանքով մոտենանք ՀՀ նորագույն պատմության ընթացքում դերակատարություն ունեցող բոլոր երեք նախագահներին։ Չէ՞ որ նրանց ղեկավարության ընթացքում ենք մենք անկախություն ձեռք բերել, ազատության մասին մտածել, կերտել մեր պետությունը, բանակ ստեղծել, ապահովել որոշակի առաջընթաց և նաև ստեղծել այն պայմանները, որ այսօր մեր երկրի նորագույն պատմության ընթացքում ղեկավարությունը ապահովի երկրի շարունակական զարգացումը», - հավելել է Սեյրան Օհանյանը։


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...