Սկսում եմ կոնսուլտացիաներ. Բալասանյանը մտադիր է պայքարել Արցախի նախագահի աթոռի համար

386

Առաջիկա օրերին քաղաքական կոնսուլտացիաներ կսկսեմ 2020թ.-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին որպես նախագահի թեկնածու առաջադրվելու նպատակով: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում այսօր հայտարարել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:


«Առաջիկա օրերին պատրաստվում եմ հանդիպումներ սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ակտիվ անհատների հետ, ինչպես նաև այցելել համայնքներ և հանդիպել մեր քաղաքացիների հետ՝ նրանց հետ քննարկելու 2020թ.-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին՝ որպես նախագահի թեկնածու իմ առաջադրվելու նպատակահարմարությունը: Ես արդեն հայտարարել եմ, որ առաջադրվելու դեպքում պետք է ունենամ ժողովրդի լայն հավանությունը, ուստի տրամաբանական եմ համարում նախևառաջ հանրային այսօրինակ քննարկումների ծավալումը»,- ասել է Վ. Բալասանյանը:


Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ մասնակցելով 2012թ.-ին նախագահական, ապա և 2015թ.-ին խորհրդարանական ընտրություններին՝ ինքը ներկայացրել է երկրի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական և անվտանգությանը վերաբերող բազմաթիվ ծրագրեր, որոնց մի մասը այսօր էլ կենսական ու հրատապ են:


«Հանրային քննարկումների ընթացքում կներկայացնեմ ինչպես այդ, այնպես էլ նոր ծրագրեր ու գաղափարներ: Ժողովրդի կողմից կլինի՞ լայն հավանություն և աջակցություն, ուրեմն անկասկած կառաջադրվեմ ու կպայքարեմ նախագահական մրցապայքարին»,- իր խոսքը եզրափակել է Բալասանյանը:


Հիշեցնենք, ավելի վաղ արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը եւս հայտարարեց Արցախի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին նշելով, որ շուտով սկսելու են ստորագրահավաք:


Այսպիսով Արցախում 2020 թ-ի նախագահական ընտրություններին երեք հիմնական թեկնածու է նշմարվում: Մեկը՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, որին նախագահական ընտրությունների ֆավորիտ տեսնում են շատերը (Դաշնակցական Արթուր Աղաբեկյանն վերջերս դրա մասին բացահայտ հայտարարեց), երկրորդը՝ Վիտալի Բալասանյանը, իսկ երրորդը՝ նախկին ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը:


 


 


 

Տպել

Загрузка...