28.03.2024
Հայաստանում գրանցվել է երրորդ մահը «խոզի գրիպից»
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հայաստանը շարունակում է դասվել մասնակի ազատ երկրների շարքին. Freedom House

Freedom House հրապարակել է տարեկան իր զեկույցը աշխարհում ժողովրդավարության զարգացման մասին, որտեղ անդրադարձ կա նաև Հայաստանին: Կազմակերպության եվրասիական տարածաշրջանի գծով տնօրեն Մարկ Բեհրենդըթն իր մեկնաբանությունները տրամադրեց այս առիթով Ամերիկայի Ձայնին:


Ամերիկյան Freedom House կազմակերպությունը հրապարակել է տարեկան իր զեկույցը, ուր տեղ են գտել նաև Հայաստանում անցած տարվա զարգացումները: Ըստ Freedom House-ի, Հայաստանը մի շարք այլ երկրների հետ 2018 թվականին արձանագրել է անսպասելի առաջընթաց ժողովրդավարացման տեսանկյունից: Կազմակերպության Եվրասիական տարածաշրջանի գծով տնօրենն ընդգծում է Հայաստանում տեղի ունեցածի ներքաղաքական բնույթը:


«Այն ինչ տեղի ունեցավ ամբողջապես Հայաստանի ներքին զարգացում էր: Այն անսպասելի էր և որևէ կերպ հրահրված չէր դրսից: Նրանք խուսափեցին ուրիշների կատարած սխալներից»,- նշում է Freedom House կազմակերպության եվրասիական տարածաշրջանի գծով տնօրեն Մարկ Բեհրենդըթը:


Կազմակերպության դասակարգմամբ, Հայաստանը շարունակում է դասվել մասնակի ազատ երկրների շարքին՝ անցած տարի գրանցելով դրական միտում դեպի ժողովրդավարացում: Տարածաշրջանի երկրներից Հայաստանի հետ մեկտեղ նաև Վրաստանն է որն ունի, ըստ Freedom House-ի, մասնակի ազատ երկրի կարգավիճակ: Տարածաշրջանի այլ երկրները, մասնավորապես Թուրքիան, Իրանը և Ադրբեջանը, ինչպես նաև Ռուսաստանը, դասվում են ոչ ազատ երկրների շարքին:


Freedom House զեկույցն առանձին վերնագրով ընդգծել է Հայաստանում արձանագրած փոփոխությունները՝ դրանք որակելով առաջընթաց, ըստ որի, Հայաստանում տեղի ունեցած զանգվածային ոչ բռնի բողոքի ալիքը ստիպեց նախկին իշխանություններին արձագանքել հանրային պահանջին: Արդյունքում` իշխանությունն անցավ, ըստ Freedom House, դեպի բարեփոխումներ հակված ուժին վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ:


Մարկ Բեհրենդըթը դրական միտումների հետ մեկտեղ, սակայն, ընդգծեց քննադատական մոտեցման և իշխանության պատասխանատվության անհրաժեշտությունը:


«Շատ կարևոր է, որ քաղաքացիական հասարակությունը, որը երկար տարիներ իշխանությունից դուրս էր, այժմ հնարավորություն է ստացել համագործակցել կառավարության հետ, սակայն դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է, որ այն լինի քննադատող և ստիպի իշխանությանը լինել պատասխանատու»,- նշում է Բեհրենդըթը


Զեկույցը գտնում է, որ Հայաստանն ու այն երկրները, ուր 2018 թվականի ընթացքում արձանագրվել են անսպասելի փոփոխություններ, արժանի են հատուկ ուշադրության 2019 թվականի ընթացքում: Կազմակերպությունը կոչ է անում օտարերկրյա դոնորներին առաջնահերթ տեղ տալ երկրների այս ենթախմբին:


7-13 «Իհարկե անհրաժեշտ է աջակցել Հայաստանին, քանի որ այդ փոփոխությունների համար պետք են դրամական միջոցներ, և անհրաժեշտ է դրանք անել համահունչ այնտեղ ընթացող գործընթացների: Անվտանգության հետ կապված իրավիճակը Հայաստանի համար ծանր է և դա շարունակում է մեծ խնդիր հանդիսանալ»,- նշում է Բեհրենդըթը:


Անդրադառնալով տարածաշրջանի մյուս երկրներին՝ զեկույցը նշում է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին հաջողվել է նոր նախագահական ժամկետներ ապահովել բռնաճնշումների, պետական միջոցների վատնման և քաղաքական ընդդիմախոսների ճնշման միջոցով: Հարևան Վրաստանում ևս այն արձանագրում է ժողովրդավարության անկում:


Զեկույցը հատկապես մեծ տեղ է տալիս Միացյալ Նահանգներում ժողովրդավարության հետ կապված իրադրությանը: Այն մտահոգություն է հայտնում ԱՄՆ-ում ժողովրդավարության նահանջի կապակցությամբ՝ ընդգծելով, որ ամերիկյան ժողովրդավարության մարտահրավերները սպառնում են խարխլել քաղաքական իրավունքներն ու քաղաքացիական ազատություններն ամբողջ աշխարհում:


 

Վարչապետը փոխնախարար է նշանակել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար