29.03.2024
Փաշինյանը խոսել է ՀՀ-ում ներդրումների 50%-ով աճի մասին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ստորադասել սեփական վարկանիշը Փաշինյանի կերպարին. Արցախը ստանձնում է սև աշխատանքը

Տարեսկզբից հանրության ամենալայն շերտերի ուշադրությունը սևեռված է նոր կազմավորված Ազգային ժողովի առաջին նիստերին։ Ոմանք լուրջ ակնկալիքներ ունեն արդեն գործող խորհրդարանից, ոմանք էլ, թերևս ավելի իրատեսները, այս կառույցին վերաբերվում են որպես հերթական շոուի նոր հարթակի։ Ամեն դեպքում թեև հանրության ուշադրության կենտրոնում 7-րդ գումարման ԱԺ-ն էր, սակայն իրականում կան գործընթացներ, որոնք շատ ավելի լուրջ ներգործություն են ունենում Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա։ Դրանք թեև ֆոնային տպավորություն են թողնում, սակայն ոչ պակաս ազդեցություն են ունենում ներքաղաքական իրավիճակի ու զարգացումների վրա, քան բուն շոուն։


Այս մասին գրում է irates.am-ը՝ իր Արցախի ղեկավարությունը, սեփական վարկանիշը ստորադասելով Նիկոլ Փաշինյանի կերպարի պահպանմանը, ստանձնում է սև աշխատանքը հոդվածում:


Վերլուծական համայնքը կարծում է, թե տարեսկզբի քաղաքական զարգացումների վրա էական նշանակություն են ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատազրկման թեման և նրա շուրջ իրավական գործընթացների անորոշությունը։ 2018-ի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցից անմիջապես հետո տեղի ունեցող իրադարձությունները, որոնք առնչվում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Քոչարյանին Ամանորի կապակցությամբ շնորհավորելուն և գազի գնի թանկացմանը, այլևս չէին կարող թաքցնել, որ Փաշինյան-Պուտին միջանձնային հարաբերություններում, հայ-ռուսական կապերում ՀՀ երկրորդ նախագահի գործոնը կարևորագույն առանցք է դարձել։ Ակնհայտ դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված ճգնաժամը կարևոր «մանրադրամ» է դառնում բանակցային գործընթացում։ ՈՒշագրավ է, որ այս ճգնաժամը միաժամանակ փորձում են օգտագործել երկու կողմն էլ։ Մասնավորապես, ՌԴ նախագահը, հասկանալով, որ Քոչարյանի ազատազրկումն ու նրա անձի շուրջ ծավալվող քարոզչական գործընթացները Փաշինյանի համար սկզբունքային խաղաքարտ են հայաստանյան ներքաղաքական զարգացումներում, շատ թափանցիկ կերպով հասկացնում է, որ դրանով է պայմանավորված լինելու ոչ միայն էներգակիրների, այլև Ռուսաստանից մոտ 300 միլիոն դոլարի վարկային ռեսուրս ստանալու Փաշինյանի ձգտումների բավարարումն ու նույնիսկ երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության արդյունավետությունն ու Հայաստանի համար ռազմավարական նշանակության այլ խնդիրներ։


Պուտինը, գնահատելով քաղաքական ու քարոզչական առումներով Ռոբերտ Քոչարյանի բացառիկ նշանակությունը ՀՀ վարչապետի վարկանիշի ձևավորման գործում, ձգտում էր ցուցադրական ճնշման միջոցով վերահաստատել, թե այնուամենայնիվ ով է Հայաստանում շարունակում մնալ իրական տերը։ Հատկանշական է, որ պաշտոնական Մոսկվան և Ռուսաստանի ղեկավարն անձամբ պրագմատիկ քաղաքական հաշվարկների հիման վրա են հաշվի նստում Փաշինյանի առայժմ բարձր վարկանիշի հետ, այդուհանդերձ, նրանք չեն դադարեցնում գործուն ճնշումները՝ այդպիսով նաև նվազեցնելով Փաշինյանի վարկանիշը նախ և առաջ Հայաստանի ներսում։


Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա վերջինիս համար նույնպես Մոսկվայի հետ ակնհայտ պրոբլեմատիկ հարաբերությունները շատ զգայուն և ցավագին թեմա են։ Այն առասպելը, թե Ռուսաստանի հետ հարաբերություններում զգալիորեն փոխվել են հայկական կողմի տոնայնությունը, շեշտադրումներն ու ինքնավարության մակարդակը, 2018 թ. վերջին օրերին աստիճանաբար սկսեց հօդս ցնդել։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի երկրպագուների շրջանում ակնհայտորեն երերացին իրենց առաջնորդի նկատմամբ երկաթյա հավատի հիմքերը։ Մասնավորապես, կորցրինք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, թեև Փաշինյանը հետևողականորեն պնդում էր, որ այս պաշտոնը պետք է վերապահված լինի Հայաստանին և վերջ։ Եվ այժմ ոչ միայն փորձագիտական շրջանակների համար է պարզ, որ վարչապետի հայտարարություններն այն մասին, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն այնքան էլ էական չէր Հայաստանի համար, իրականում ընդամենը արդարանալու փորձ էին։


Այս համատեքստում կարելի է դիտարկել նաև գազի գնի թանկացումը։ Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի քարոզչական խաղաքարտերից մեկը հենց գազի գինն էր։ Իշխանության գալուց հետո նրանք շեշտում էին, որ նոր Հայաստանի նոր իշխանություններին կհաջողվի նվազեցնել Հայաստանին մատակարարվող գազի գինը։ Նույնիսկ հասարակական կարծիքի մանիպուլյատիվ հնարք կիրառեցին, թե իբր Պուտինը զարմացած էր, որ Հայաստանի սպառողների համար գազի գինն այդքան բարձր է։ Եվ թեև ՀՀ սպառողների համար գազի սակագինը առայժմ մնում է անփոփոխ, այնուհանդերձ հասարակության լայն շրջանակների համար ակնհայտ է, որ ՀՀ նոր ղեկավարության բանակցություններ վարելու ունակությունները շատ համեստ են ու սահմանափակ։ ՈՒշագրավ է, որ Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ գազի գնի շուրջ բանակցությունների մեկնել էր ոչ թե Փաշինյանի քաղաքական թիմի երիտասարդ ներկայացուցիչ, այլ ֆինանսաբանկային համակարգի համար պատասխանատու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։


Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը և նրա շուրջ ծավալվող իրավական և քաղաքական զարգացումը զուտ ներքաղաքականից վերածվել են հայ-ռուսական հարաբերությունների վրա ազդող գործոնի։ Հանրության մի մեծ հատված կարծում է, որ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները զգալիորեն արգելակում են հայ-ռուսական հարաբերությունները։


Այս երեք գործոնները այսօր առավել քան ակնհայտ են։ Եվ վերլուծական շրջանակները կարծում են, որ Փաշինյանը ինչ-որ կերպ պետք է լուծում տա Ռոբերտ Քոչարյանի քրեաքաղաքական գործին՝ միաժամանակ բավարարելով Կրեմլի պահանջները, ինչպես նաև պահպանելով սեփական դեմքը ներքին ու արտաքին լսարանների համար։ Այս համատեքստում պատահական չէր Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունների՝ Քոչարյանին ազատ արձակելու մասին դիմումը՝ ուղղված Փաշինյանին։ Այն դիտարկվում է նշված խնդիրը լուծելու միջոց։ Հատկանշական է, որ այդ դիմում-կոչին միացել է նաև Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» խմբակցությունը։ Հիշենք, որ հայաստանյան հեղափոխությունից հետո Արայիկ Հարությունյանը դիտարկվում է որպես Նիկոլ Փաշինյանին աջակցող ուժ։ Այստեղ ակնհայտ է, որ Արցախի ղեկավարությունը, իր սեփական վարկանիշը ստորադասելով Նիկոլ Փաշինյանի կերպարի պահպանմանը, ստանձնում է սև աշխատանքը՝ հնարավորություն ընձեռելով ՀՀ վարչապետին ցույց տալու, որ ինքը, զիջելով Քոչարյանի հարցում, ոչ թե բավարարում է Պուտինի նկրտումները, այլ ականջալուր է լինում Արցախի ժողովրդի խնդրանքին՝ դառնալով համահայկական խնդիրները վեր դասող գործիչ։


Որոշ վերլուծաբաններ համոզված են, որ Արցախի նշված դիմումի մասին պայմանավորվածություն ձեռք է բերվել Արցախի նախագահի և ՀՀ վարչապետի միջև Երևանում անցած տարվա ավարտին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Հետաքրքիր է, որ նշված հարցի շուրջ շատ նեղ շրջանակներ են տեղեկացված, թե ի վերջո ինչ է ցանկանում անել Փաշինյանը։ Նույն ՔՊ-ի՝ բավականին ազդեցիկ գործիչներից կազմված առանձին մի թև բավականին կտրուկ է տրամադրված հնարավոր այս տարբերակին և համոզված է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է դատապարտվի։ Սակայն այն շրջանակները, որոնք առավել մոտ են օպերատիվ կառավարմանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ավելի զուսպ են արտահայտվում։


Այնպես որ՝ այս հարցում իշխանության մեջ կա բավականին լուրջ տարաձայնություն։ Ո՞րն է այն գիծը, որից այն կողմ իշխանությունները չպետք է զիջեն Ռոբերտ Քոչարյանի հարցում։ Այս հարցն է, որ դրված է օրակարգում։ Չի բացառվում, որ Փաշինյանն ունի ինչ-ինչ պայմանավորվածություններ և այժմ փորձում է հնարավորինս թանկ վաճառել Քոչարյանին գրավի դիմաց ազատարձակումը։ Ընդ որում, դրա դիմաց դիվիդենդներ են ակնկալում ինչպես ՌԴ-ի հետ հարաբերություններում, այնպես էլ ներքաղաքական դաշտում։ Շատ հնարավոր է, որ քավության նոխազ դառնան ոչ միայն առանձին դատավորներ, այլև ամբողջ դատական համակարգը՝ կանաչ լույս վառելով անցումային արդարադատության համակարգի հաստատման համար։


 

«Նաիրի Ինշուրանս ապահովագրական»-ը պետությանը պատճառել է մոտ 200 մլն դրամի վնաս. ՊԵԿ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար