29.03.2024
ԼՂ հակամարտության կարգավորման հարցը ՌԴ-ն ժամանակային շրջանակի մեջ չի դնում. Զախարովա
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մամուլ. Ինչո՞ւ է Դավիթ Սանասարյանը աչքաթող արել ԲԷՑ-ի վաճառքը Սամվել Կարապետյանին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Դավիթ Սանասարյանի ղեկավարած Պետական վերահսկողության ծառայությունը ամռանը ստուգումներ էր իրականացրել Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ընկերությունում: Ստուգումների արդյունքում Սանասարյանը հայտարարեց, որ պետբյուջե կվերադարձվի 140 մլն դրամ: Մեր տեղեկություններով՝ ստուգումները վերաբերել են ԲԷՑ-ը Սամվել Կարապետյանի «Տաշիր գրուպին» վաճառելուն նախորդած շրջանին, իսկ բուն վաճառքին և դրան հաջորդած շրջանը աչքաթող է արվել: Թե ինչու է Սանասարյանի ղեկավարած հիմնարկը նման երկակի մոտեցում դրսևորել, դեռևս անհայտ է»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Քոչարյանի կալանավորվելուց հետո «ՄՏՍ Արմենիայում»՝ նախկին «Վիվա Սելլ», վատ վիճակ է։ Ըստ մեր աղբյուրի՝ ՄՏՍ-ում նրա բաժնեմասը և անձնական մասնաբաժինը «ՄՏՍ Արմենիայում» և «Ղ-Տելեկոմում» առաջիկայում ենթարկվելու է լայնամասշտաբ աուդիտի: Դրանց արդյունքում պետությունը նոր կարգավորումներ է կատարելու բջջային կապի շուկայում, որոնք վերջապես վերջ են դնելու «ՄՏՍ Արմենիա» ընկերության գրեթե մենաշնորհային դիրքին բջջային կապի շուկայում: Գուցե այդ ստուգումների արդյունքում հնարավոր լինի վերացնել Հայաստան-Արցախ ռոումինգը, որի միջոցով Քոչարյանը տասնյակ տարիներ մտնում էր Արցախը պաշտպանող հայ զինվորների և նրանց ծնողների գրպանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը խանդավառված է․ բոլորն անխտիր ստացել են 2-ական աշխատավարձ՝ որպես նախատոնական պարգևատրում։ Մարությանը խտրականություն չի դրել՝ ստացել են ոչ միայն քաղաքապետի մերձավորները, ինչպես անցյալում էր։ Ի դեպ, դա օրենքի պահանջն է․ «Համայնքային ծառայության մասին» օրենքի համաձայն, յուրաքանչյուր տարի ծառայողական պարտականությունները պատշաճ և որակյալ կատարելու համար քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներին հատկացվում է միանվագ դրամական պարգևատրում` 1 ամսվա աշխատավարձի չափով: Բացառություն են կազմում այն աշխատակիցները, որոնց նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ»։


 


«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ եթե «Բարգավաճ Հայաստանը» եւ «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանի փոխխոսնակի համար թեկնածուներ առաջադրեն, «Իմ քայլը» կքվեարկի ԲՀԿ թեկնածուի օգտին: Որպես ֆորմալ բացատրություն կնշվի, թե դա արվում է, որովհետեւ ԲՀԿ խմբակցությունը թվաքանակով մեծ է ԼՀԿ խմբակցությունից: Այս հիմնավորումը ոչ մի քննադատության չի դիմանում, եթե նկատի ունենանք, որ Սահմանադրությունը նախապատվություն չի տալիս ընդդիմադիր խմբակցություններից որեւէ մեկին: Բացի այդ, «Լուսավոր Հայաստանի» թեկնածուն հայտնի է՝ Մանե Թանդիլյան, իսկ ԲՀԿ-ն ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել: Ամենահավանական թեկնածուն Արթուր Գրիգորյանն է՝ ձախողված ու փողոցում հեռացված էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախկին նախարարը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր տեղի կունենա Փաշինյան-Պուտին հանդիպումը, որից սպասելիքները շատ են: Բայց քանի որ Լուկաշենկո-Պուտին 4 ժամ տեւած հանդիպման ընթացքում կողմերը որեւէ համաձայնության չեն հանգել, այսօրվա հանդիպումից եւս սպասումները մեծ չեն: «Հանդիպումը կանցնի նորմալ՝ Փաշինյանը չի արել որեւէ քայլ, որը կարող էր շարժել Ռուսաստանի մտահոգությունը, ինչպես, ասենք` 2008-ին, երբ Սերժ Սարգսյանն օգոստոսյան բլից-կրիգից հետո մեդալով պարգեւատրեց Սահակաշվիլուն, իսկ դրանից առաջ էլ Քոչարյանն էր Մեղրու տարբերակի շուրջ բզբզում»,- ասաց ԱԳՆ մեր աղբյուրը: Բայց Լավրովի, Կարասինի հայտարարություններն այլ բան են հուշում։ «Կա պոտենցիալ եւ իրական մտահոգություն։ Ռուսաստանի միակ մտահոգությունն է, որ Հայաստանում քաղաքական կուրսի փոփոխություն չլինի, ինչն այս պահին չկա»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ակնալճի իր առանձանատանը գտնվող ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին տեսակցելու ցանկություն են հայտնում բազմաթիվ հանրապետականներ, սակայն վերջինս նրանց սկզբունքորեն չի ընդունում։«Իրեն չեմ հարցրել՝ ուղղակի տեսել եմ, որ իրենց չի ընդունում»,-ասաց մեր զրուցակիցը։ Իսկ հարցին, թե զանգահարող հանրապետականներն ովքե՞ր են, ասաց՝ «մինչեւ ամենաբարձր»։ Շատերն էլ ոչ թե անձամբ են զանգել, այլ միջնորդավորված, սակայն Մանվել Գրիգորյանն ասել է՝ լավ չեմ։ Ինչ վերաբերում է երկրապահներին, ապա նրանց Մանվելը չի մերժում ու այս ընթացքում, ըստ մեր զրուցակցի ահագին մարդ է եկել, այնքան, որ մեր զրուցակիցը զարմացել էր։ «Արա Կետիկյան, տարածքայիններից շատերը՝ Արմավիրին Աշոտը, Կենտրոնի նախագահը, (ԵԿՄ) Դավթաշենի, Շիրակի մարզի նախագահը, Շիրակի Յուրան»,-մանրամասնեց մեր զրուցակիցը։ Ըստ որում, այս այցելությունները կոնֆիդենցիալ չեն, Մանվել Գրիգորյանին այցելողներն էլ որեւէ բան չեն ուզում թաքցնել, քանի որ ոստիկանությունը 24 ժամ Մանվել Գրիգորյանի առանձնատան մոտ հսկողություն է իրականացնում։ Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին նորից կալանավորելու պահանջով բողոքի ակցիաներ անողները անընդհատ հայտարարում են, որ Մանվել Գրիգորյանը ստում է իր առողջության վերաբերյալ, որ խղճահարություն հարուցի։ Մեր զրուցակիցը նշեց, որ արդեն 1-2 անգամ եղել է նրա մոտ, ու թեպետ Գրիգորյանը փորձել է ցույց տալ, որ լավ է, «դուխն» էլ տեղը, բայց 25 րոպե հետո ուղղակի սկսել է շնչահեղձ լինել։ Ինչ վերաբերում է քաղցկեղի տարածմանը, ապա ասաց, որ եթե օնկոմարկերներով նախկինում եղել է 2, ապա հիմա հասել է 4-ի»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո միաժամանակ, սակայն տարբեր քրեական գործերի շրջանակներում կալանավորվեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանն ու գործարար Արթուր Ասատրյանը` դոն Պիպոն: Ասատրյանը, որ կալանավորվեց ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով, որոշ ժամանակ անց ազատ արձակվեց: «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում Ասատրյանը նշել է, թե իրեն մեղավոր չի համարում: Ավելին` նա հիշեցրել է, որ իր դեմ էին ժամանակին մահափորձ կազմակերպել: Ըստ այն ժամանակվա մամուլի հրապարակումների` մահափորձը պատվիրել էր Արտյոմ Կանեւսկոյ անունով հայտնի քրեական հեղինակությունը: «Ես հանցանք չեմ գործել: Մարդիկ են եկել, ուզել են սպանել ինձ: Էդպես ասում են: Ամեն ինչ պարզ, արդար ձեւով գրված է, ժողովուրդը տեսել է: Տեսաք` ինչ արձագանք ունեցավ: Մարդիկ ասում էին` եթե նույնիսկ ինքը` այսինքն ես, նման բան եմ արել, սխալ չեմ արել. չէ՞ որ եկել էին ինձ սպանելու: Համենայնդեպս, չեմ արել նման բան: Եթե արած էլ լինեի, դա էլ հանցանք չէր լինի, որովհետեւ ես ընդամենը կանխած կլինեի սպանությունը»,- ասաց նա»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության նախկին պետ Վահագն Հարությունյանին առաջադրված նոր մեղադրանքները անմիջականորեն կապված են քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի գործի հետ: Որոշ ժամանակ առաջ գրել էինք, որ Վահագն Հարությունյանը լուրջ շահագրգռվածություն ունի Ալավերդցի Վահագի գործով: Վահագն Հարությունյանը տևական ժամանակ գաղտնալսել է Ալավերդցի Վահագի հեռախոսազանգերը, որոնց ժամանակ իր հասցեին հայհոյանքներ է լսել, որի արդյունքում նրա նկատմամբ անձնական վրեժխնդրությամբ էր լցվել և որոշել էր իր դիրքն օգտագործել այդ վրեժը լուծելու համար»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդից դժգոհությունները չեն դադարում։ Դատական համակարգում կարծում են, որ շարունակվում է «խնամի-ծանոթ բարեկամ» եղանակով նշանակումների պրակտիկան: Դեռ շատ ժամանակ չի անցել ԲԴԽ այն որոշումից, որով Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով համարվում է քրեական դատավարության լավագույն մասնագետներից մեկը, բավարար ձայներ չստացավ։ Անցյալ շաբաթ էլ դատավորների թեկնածուների հավակնորդների հետ հրապարակային հարցազրույցներ են անցկացվել, սակայն որոշումները տրամաբանությանը հակառակ են եղել։ Հատկապես տարակուսանքի տեղիք է տվել վարչական դատավորների ընտրությունը։ Օրինակ, ԲԴԽ-ն անհրաժեշտ ձայներ չի տվել իրավական հանրությանը հայտնի իրավաբան գիտնականին, ով վարչական իրավունքի լավագույն մասնագետներից է համարվում, դասախոսում է 10 տարուց ավելի, ավելին՝ վերապատրաստում է վարչական դատարանի դատավորներին: Մինչդեռ գիտնականի հարցազրույցն աչքի է ընկել բացահայտ առավելությամբ։ Իսկ հարցազրույցը դեռ չավարտված՝ բոլոր հավակնորդներն իմացել են, որ ընտրվելու է ՍԴ իրավաբանական վարչության պետի տեղակալը, քանի որ վայելում է հենց Գագիկ Հարությունյանի հովանավորչությունը: Մյուս ընտրվածը եղել է վերաքննիչ դատարանի դատավորի օգնական, ում հարցազրույցը, ներկաների գնահատմամբ, վատագույններից է եղել, իսկ գրավոր քննությունից նրանից բարձր միավորներ ստացած հավակնորդն ավելի լավ է պատրաստված եղել, քան նա: Այսինքն, կամայականությունը դատավորների ընտրության հարցում ավելի է մեծացել։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Սվիթուեյ տրանս» ընկերությանը պարտավորեցրել է պետական բյուջե վճարել 296 հազար դրամ պարտքը: Պարզվում է` այս ընկերությունը դեռեւս 2010 թվականից ունի ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն, բայց մինչ օրս չի կատարել դրա վճարումը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տաքսի ծառայությունը պատկանում է Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության նախկին պետ Հրայր Անտոնյանին, որը «Զիբիլիքս» գործի շրջանակներում մեղադրվում է 2017թ. Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի եւ Տարոն Մարգարյանի օգտին ընտրակաշառք բաժանելու մեջ: Անտոնյանն ունի մի քանի հատ տաքսի ծառայություն: Նրան են պատկանում ոչ միայն Երեւանում «Սվիթ ուեյ տրանս», այլեւ Վանաձորում «Կառուզո տրանս» տաքսի ծառայությունները: Ըստ ՀՀ պետական ռեգիստրի` «Սվիթ ուեյ տրանս» տաքսի ծառայության հիմնադիրը Քրիստինե Անտոնյանն է` Հ. Անտոնյանի կինը, իսկ «Կառուզո տրանս»-ի հիմնադիրը Համեստ Առաքելյանն է` Անտոնյանի մայրը:

Հայաստանի բանկերը ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ են ներել. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար