29.03.2024
Լուրերը, թե Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը պայմանավորվել են, վատ նախադեպ է. Մելիքյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մամուլ. Մանվել Գրիգորյանի դռանը հերթեր են գոյացել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Զանգե՞լ է Մոսկվայում բուժման կուրսեր անցնող Սեյրան Սարոյանն իր երբեմնի ընկերոջը՝ Մանվել Գրիգորյանին՝ հարցրինք գեներալի օգնական Գեւորգ Ստեփանյանին։ «Ոչ, չի զանգել»։ Իսկ առաջիկայում Սարոյանը կվերադառնա՞ Հայաստան։ «Պարոն Սարոյանը բուժման ընթացքի մեջ է, եւ հայտնի չէ, թե երբ կավարտի ու կվերադառնա»։ Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի կալանքից հետո նրա վաղեմի ընկեր Սեյրան Սարոյանն առաջին դատապարտողներից մեկն էր, ինչի համար հետագայում, ըստ լուրերի, զղջում էր, ու նաեւ դա էր պատճառը, որ մոտ մեկ ամիս առաջ Հայաստան էր եկել եւ Նիկոլ Փաշինյանից հանդիպում խնդրել, որ բարեխոսի Մանվել Գրիգորյանի ազատ արձակման հարցով։ Սակայն այդ օրերին խոսում էին, որ հանդիպումն անպտուղ է անցել։ Ի դեպ, Մանվել Գրիգորյանն ազատ արձակվելուց հետո մինչեւ երեկ գտնվում էր Արշալույսի իր կալվածքում, որը խոստացել է նվիրաբերել պետությանը։ Նրա մտերիմները վստահեցնում են, որ նրա տան դռանը հերթեր են գոյանում՝ տեսակցելու են գալիս թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից, թեեւ խուսափում են անուններ տալ»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուրբաթ օրը, դատարանի որոշմամբ, փոխվել է ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը՝ կալանքը, եւ նա 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Որպես պաշտոնական պատճառ` նշված է նրա առողջական վիճակը. դատարան են ներկայացվել բժշկական փաստաթղթերը, որոնց համաձայն՝ Գրիգորյանի առողջական վիճակը անհամատեղելի էր նրան կալանքի տակ պահելու հետ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գրիգորյանին ազատ արձակելը եւս մեկ հանգամանքի հետ է կապված. նրա դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունը արդեն մոտեցել է ավարտին, եւ առաջիկայում նախաքննական մարմինն այն կուղարկի դատարան: Մինչ այդ տեղեկացնենք, որ դատախազությունը վերաքննիչ դատարանում բողոքարկել է Գրիգորյանին ազատ արձակելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մեկնաբանմամբ՝ Գրիգորյանը կխոչընդոտի նախաքննության իրականացմանը, բայց հաշվի առնելով փաստը, որ նախաքննությունը գրեթե ավարտվել է` այս պնդումը հիմնավոր չէ: Լավագույն դեպքում նա կարող է որոշակի ազդեցություն ունենալ դատավարության մասնակիցների՝ վկաների վրա, բայց այս ողջ աղմուկից հետո հազիվ թե Գրիգորյանը նման փորձեր անի:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե կառավարությունում մինչ այս պահը «գորշ կարդինալի» տիտղոսին հավակնում է առանձնապես շատ «չցցվող», իրականում կառավարությունում «ասող»-գործ անող Տիգրան Ավինյանը` յուր խարիզմատիկ խորհրդական Ժորիկի` Հովիկ Արգամիչի երբեմնի օգնական Գեորգի Մուրադյանի ջերմ օժանդակությամբ: Ասում են նաեւ` բավականին լուրջ մրցակցություն է եղել Արարատ Միրզոյանի եւ Ավինյանի միջեւ գործադիրում ազդեցության դաշտերը կիսելու առումով, եւ Ավինյանի իդեա-ֆիքսերից մեկն էլ Արարատին գործուղելն է եղել խորհրդարան` թեկուզ առաջին դեմքի մակարդակով: Ինչպես մեծն Կոմանդորի հանգույն կասեր Վանո Սիրադեղյանը` «կատարվեց ապուշիս երազանքը». Արարատ Միրզոյանը խիստ բարեհաջող տարհանվեց կառավարությունից եւ «վայրեջք» կատարեց խորհրդարանի «հողին վրա»»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ կառավարությունը այդպես էլ չի կողմնորոշվում կառուցվածքային փոփոխությունների հարցում՝ մտավախություն ունենալով, որ հապճեպ ընդունված որոշումների հետեւանքով կարող են կազմաքանդել ամբողջ պետական կառավարման համակարգը: Մասնավորապես՝ մեծ մտավախություն կա առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարարությունների միավորման հարցում, քանի որ այլ երկրների փորձը ցույց է տվել, որ դա գրեթե միշտ հանգեցրել է սոցիալական քաղաքականության տապալման»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ուրբաթ օրը ԱԺ ՀՀԿ նախկին խմբակցությունը, թերեւս, իր վերջին քեֆն է արել «Օջախ» ռեստորանում․ նշել են ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հերթական թոռան ծնունդը: Տխո՞ւր էիք, թե՞ ուրախ՝ հարցրինք մեր զրուցակցին։ «Մի հավաքույթում, որի թամադան Գալուստ Գրիգորիչն է, հնարավո՞ր է տխրել։ Նորմալ, մեր ավանդույթով, ի դեպ, ՀՀԿ-ից դուրս եկածներն էլ էին եկել, ասեցինք-խոսեցինք, խմեցինք ՀՀԿ-ի, Սերժ Ազատիչի կենացը, իհարկե՝ Վահրամի թոռան կենացից հետո։ Կյանքը շարունակվում է` դուք մեր փոխարեն մի տխրեք»: Համագումարից խոսեցի՞ք։ «Չէ, դեռ շատ ժամանակ ունենք»: Գարնանը կլինի՞։ «Դեռ չենք որոշել, էնքան ջուր կհոսի մինչեւ գարուն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Մոսկվայում տեղի ունեցող Լուկաշենկո-Պուտին (այդ թվում եւ ընդլայնված կազմով) հանդիպումը Հայաստանի համար շատ կարեւոր է թե՛ գազի գնի, թե՛ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասով: «Վիճակը միանշանակ չէ։ Անկախ նրանից, որ Բելառուսը հասել է նրան, որ ՀԱՊԿ մյուս երկրներն իրենց աջակցությունն են հայտնել ու անգամ ստորագրություն են դրել Բելառուսի թեկնածության ներքո, Ռուսաստանը Բելառուսին դեմ է տվել 1999-ին ստորագրված ու այդպես էլ կյանքի չկոչված միութենական համաձայնագիրը եւ շատ ուղիղ ասում է նրան՝ եթե ցանկանում ես ՀԱՊԿ քարտուղարություն, գազի գնի իջեցում, 10 միլիարդ վարկ, ապա բարի եղիր կատարել համաձայնագրի դրույթները` նույնականացրու արժույթդ, անձնագրերդ` Ռուսաստանի հետ, ինչին, բնականաբար, Լուկաշենկոն համաձայն չէ։ Լարվածությունն առկա է, այսօրվա հանդիպումից կախված կլինի շատ բան, այդ թվում եւ 1 օր հետո Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքները»: Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Ռուսաստանի հետ պայմավորվածությունը գնում է դեպի գազի գնի անփոփոխ վիճակ. «Գինը եւ 10 տոկոս` Ռուսաստանից տրվող սուբսիդիայի հարցը քննարկվում է։ Մեզ բոլորիս արգելված է այդ առնչությամբ կարծիք հայտնել։ Խնդիրը բացառապես Փաշինյանի եւ նրա առաջին խորհրդական Արսեն Գասպարյանի տիրույթում է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի պետական բժշկական համալսարանում վերահսկողական ծառայությունն արդեն 20 օր է՝ ստուգումներ է անում։ Հայտնի չէ, թե երբ կավարտվեն։ Չնայած մեր աղբյուրները բացառում են, որ վերահսկողականն «աղմկահարույց» խախտումներ բացահայտի, սակայն զուգահեռ ակտիվացել են լուրերը, թե մտադիր են փոխել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին, ինչպես փոխեցին Թատերական ինստիտուտի, Կոնսերվատորիայի եւ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորներին։ Մամուլում անուններ են շրջանառվում, այդ թվում՝ Արա Բաբլոյանի, սակայն դա քիչ հավանական են համարում՝ հաշվի առնելով տարիքը»։


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի և Արցախի զորամասերում ծառայող մեր զինվորներն իրենց կենցաղում արդեն զգում են թավշյա հեղափոխության արդյունքները: Մասնավորապես՝ զինվորներն արդեն ստացել են նոր սպիտակեղեն, որը իր որակական հատկանիշներով դրականորեն տարբերվում է նախորդից: Փոփոխություն է տեղի ունեցել նաև սննդակարգում. զինվորներին տրվում է բարձրակարգ մսամթերք, այդ թվում՝ երշիկ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԵԽ-ի և ՄԻԵԴ-ի ներկայացուցիչները վերջերս հանդիպում են ունեցել հայաստանցի մի քանի դատավորի հետ: Քննարկումները հիմնականում վերաբերել են դատական համակարգի խնդիրներին, բացթողումներին և արդար դատաքննությանն առնչվող նման այլ հարցերի: Միաժամանակ, ՄԻԵԴ ներկայացուցիչները հստակ ուղերձ են հղել դատավորներին՝ ասելով, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ի նկատմամբ ԵԽ-ի և ՄԻԵԴ-ի վերաբերմունքը չի փոխվել, ու իրենք նույն անաչառությամբ շարունակելու են հետևել ՀՀ-ի դեմ ներկայացված հայցերում համապատասխան ընթացակարգերի ու օրենքների պահպանմանը` անկախ նրանից, թե ով է լինելու հայցվորը: Ասել է թե` եվրոպացիները հստակ հասկացրել են՝ իրենց չի հետաքրքրում թավշյա հեղափոխությունից հետո ինչ որոշում կկայացնի դատական համակարգը, ում կկալանավորի ու չի կալանավորի, միևնույն է, իրենք հետևելու են օրենքի տառի պահպանմանը: Սա, իհարկե, հետևությունների տեղիք պետք է տա, որպեսզի կայացված որոշումները հետագայում շուռ չգան ՀՀ-ի դեմ: Եվ հուսանք` դատական համակարգը սրանից հետևություններ կանի, քանի որ այս օրերին ՄԻԵԴ-ում իրար են հաջորդում մարտի 1-ի գործով որոշումները. Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ շինծու մեղադրանքներով դատական գործերի հետևանքը եղավ այն, որ մարդիկ դիմեցին ՄԻԵԴ և հիմա հերթով հաղթում են: Պարզապես ժամանակին քաղաքական գործընթացների ընթացքում որպես մահակ ծառայած դատավորների փոխարեն պատասխան է տալիս կառավարությունը՝ պետական բյուջեից որպես փոխհատուցում մեծ գումարներ տրամադրելով քաղաքացիներին»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հասմիկ Տոլմաջյանը դեսպան է նշանակվել 2018թ. մայիսին: Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է բնակարան և առանձնատուն: Շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Նորանշանակ դեսպանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 60 000 շվեյցարական ֆրանկ: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 1,828 շվեյցարական ֆրանկ, որը գոյացել է աշխատավարձից: Հավելենք, որ 2014 –2018թթ. Հասմիկ Տոլմաջյանը եղել է Շվեյցարիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, ինչպես նաև եղել է ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալը: Ավելի վաղ՝ 2008-2014թթ., նա եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի օգնականը, իսկ 2004-2008թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության երկրորդ, այնուհետև՝ առաջին քարտուղար: Դիվանագիտական կորպուսում է 1995թ.-ից»:

Փաշինյան. Կառավարություն-գործարար համայնք հարաբերությունները նոր մակարդակի կբարձրանան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար