29.03.2024
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը ՀՀ գլխավոր առաջնահերթությունն է. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մամուլ. Քոչարյանի նպատակը Նիկոլ Փաշինյանից ու Սերժ Սարգսյանից վրեժխնդրությունն է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կալանավորված Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, այս օրերին ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական գործիչների հետ և պատրաստակամություն հայտնում ֆինանսավորել նրանց ընդդիմադիր գործունեությունը: Հետաքրքիրն այն է, որ Քոչարյանը այդ հանդիպումների ժամանակ շեշտում է, որ իր հայրը խնդիր չի դնում վերադառնալ իշխանության և զբաղեցնել նախագահի կամ վարչապետի պաշտոնը, ուղղակի իրենք խնդիր են դրել վրեժխնդիր լինել Նիկոլ Փաշինյանից և որքան էլ տարօրինակ չհնչի՝ Սերժ Սարգսյանից»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկվա ասուլիսի ժամանակ բավական անկեղծացել է` բացահայտելով մի քանի ուշագրավ փաստ: Նա խոստովանել է, որ Սանկտ Պետերբուրգում օրերս կայացած ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ ներողություն է խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում արած կտրուկ հայտարարությունների համար: Միաժամանակ Լուկաշենկոն արդարացել է, թե ինչու է Ադրբեջանին զենք վաճառում: Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը նաև այս հարցում էր մեղադրել Բելառուսին՝ պահանջելով պարզաբանումներ, թե ինչու ՀԱՊԿ անդամ պետություններից մեկն իր դաշնակցի հակառակորդին զենք է վաճառում: Լուկաշենկոն արդարացել է, թե այդ քայլին գնացել են իրենց վարկը փակելու համար, ավելին՝ նման զենք առաջարկել են ՀՀ-ին, բայց պաշտոնական Երևանը մերժել է, և վերջապես, նա հիշեցրել է, որ Ադրբեջանին զենք վաճառելու հարցում առաջինը ՌԴ-ն է, այլ ոչ թե իրենք: Իրադարձությունների նման շրջադարձը թերևս ուշագրավ է, և կարելի է աննախադեպ երևույթ համարել: Վերջին քսան տարում դժվար է հիշել մի դեպք, երբ որևէ պետության ղեկավար Հայաստանի նկատմամբ սխալ պահվածք ցուցաբերելուց հետո ներողություն խնդրեր, հետո այդ մասին բարձրաձայներ լրատվամիջոցներով: Ընդհակառակը, նախկինում տարբեր առիթներով ականատես ենք եղել, թե ինչպես ԵԱՏՄ կամ ԱՊՀ երկրների ղեկավարները հրապարակայնորեն անհարմար դրության մեջ էին դնում Սերժ Սարգսյանին, իսկ նա էլ ամեն ինչ «կուլ էր տալիս»: Պատահական չէ, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ականները պնդում էին, թե Նիկոլ Փաշինյանն էլ պետք է զգուշավորություն ցուցաբերի և միջազգային գործընկերների հետ կտրուկ չխոսի: Պարզվեց՝ Փաշինյանի գործելաոճը լավ էլ արդարացնում է իրեն. ի վերջո, միջազգային հանրությունը հաշվի է նստում այն անձանց հետ, որոնք արժանապատվություն ունեն, կարող են հետամուտ առաջ տանել իրենց երկրի շահը, այլ ոչ թե կուլ տալ վիրավորանքները»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հասարակական հիմունքներով խորհրդական Մեսրոպ Առաքելյանը չգիտենք, թե ինչ խորհուրդներ է տալիս, սակայն սոցցանցերում զբաղված է ներկա տնտեսական քաղաքականության ակտիվ քարոզով և շարունակ տեղեկացնում է, որ ՀՀԿ-ն է թալանել երկիրը, ՀՀԿ-ի պատճառով են ցածր աշխատավարձ ստանում, ՀՀԿ-ն է խորացրել սոցիալական անարդարությունը։ Պարզվում է, Առաքելյանը շուրջ 2 տարի՝ դեռ ՀՀԿ-ի ժամանակից, զբաղեցնում է Հայաստանում ամենաբարձր տոկոսով ավտովարկեր տրամադրող կազմակերպության տնօրենի պաշտոնը: Լատվիական կապիտալով աշխատող ՄՈԳՈ վարկային կազմակերպությունն ավտովարկեր է տրամադրում 120 տոկոսով, այսինքն՝ 2 հազար դոլարին համարժեք վարկի դիմաց քաղաքացին վերադարձնում է 4 հազար 500 դոլար: ՄՈԳՈ-ն վարկառուներին գրավում է 1 օրում վարկ ձևակերպելու խոստումով, արդյունքում մարդիկ ընկնում են ծանր վարկային լծի տակ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ, ամենայն հավանականությամբ, նոր խորհրդարանի ձևավորումից հետո կավելանա ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը: ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի համաձայն` մշտական հանձնաժողովների թիվը չի կարող 12-ից ավելի լինել: 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո 6-րդ գումարման ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կրճատվել էր` 12-ից դառնալով 9-ը: Այն ժամանակ պատգամավոր Հրայր Թովմասյանը նշել էր, թե հանձնաժողովների թիվը պետք է կրճատել՝ հաշվի առնելով պատգամավորների թիվը՝ 105 հոգի: Մինչդեռ հիմա նոր խորհրդարանում պատգամավորների թիվը 27-ով ավելի է լինելու՝ 132 հոգի: Թե որ հանձնաժողովը որ քաղաքական ուժին կհասնի, վերջնականապես որոշված չէ. այս դեպքում գործելու է ԱԺ կանոնակարգ օրենքում նախատեսված «դոնթի բանաձևը»: Միաժամանակ, նկատենք, որ ԱԺ պատգամավորների թվի ավելացումն իր հերթին հանգեցնելու է պետական բյուջեից ծախսերի աճի՝ պատգամավորների, նրանց օգնականների աշխատավարձեր, գումարած դրան՝ գրասենյակային ծախսեր, գործուղման ծախսեր և այլն: Նշենք, որ միայն գործուղման ծախսերը նվազագույնը 2 հազար դոլար է մեկ անձի համար»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ուզում է դառնալ նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության սպասարկուն, ինչպես ՀՀԿ-ինն ու Սերժ Սարգսյանինն էր։ Երեկ նա չցանկացավ ասել, թե երբ է խորհրդարանը համարվում կազմավորված՝ երբ ԿԸՀ-ն ամփոփում է արդյունքները և որոշո՞ւմ կայացնում, թե՞ երբ բաժանվում են մանդատները։ «Երբ կգա ժամանակը, այդ մասին կիմանաք»,- մեր խաչաձև հարցերին ի պատասխան ասաց նա։ Հարցին՝ իսկ մինչ ժամանակը գա, օրենքն ի՞նչ է ասում այդ մասին, կրկնեց նույն պատասխանը։ Մենք գրել ենք, որ «ԱԺ առաջին նիստը դեկտեմբերի 24-ի՞ն, թե՞ հունվարի 7-ին» վեճը շարունակվում է, և օրը պետք է հայտարարի ԿԸՀ նախագահը, սակայն Մուկուչյանը չի շտապում դա անել, քանի որ Փաշինյանի թիմում հակված են հունվարի 7-ին անել առաջին նիստը, չնայած անկախ իրավաբանները դեկտեմբերի 24-ն են նշում»։


«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները հայտնաբերել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկինում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի դեմ խոշոր չափերի կաշառք վերցնելու համար հարուցված քրեական գործով հետախուզվողին: Մասնավորապես, այս գործով հետախուզման մեջ էր գտնվում Սևանի հոգեբուժարանի կլինիկայի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանը: Այս գործի շրջանակներում տրվել է նաև Կարապետյանի անունը, քանի որ նա Արամ Հարությունյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է: Ու ցուցմունք կա այն մասին, որ գործարար Սիլվա Համբարձումյանը 8 մլն դոլարը փոխանցել է Դուբայի իրեն տված հաշվեհամարին՝ Արաքս Դիլանյանի հաշվին: Իսկ ահա Արաքս Դիլանյանը հենց նույն օրն արդեն իր հաշվից փոխանցել է Արամ Հարությունյանի 3 հայտնի գործընկերներին՝ Վիկտոր Մարտիրոսյանին, Արմեն Խաչատրյանին ու Գագիկ Կարապետյանին: Եվ ահա մեզ երեկ հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինն արդեն հայտնաբերել է Գագիկ Կարապետյանին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ ամանորյա տոներից հետո Հայաստանը կարող է բախվել լուրջ ֆինանսական խնդիրների, և դեֆոլտը, որի մասին արդեն տևական ժամանակ կանխատեսում են տարբեր փորձագետներ, այլևս հնարավոր չի լինի հետաձգել: Մեր աղբյուրը չի բացառում, որ իշխանությունները գնան դրամի կուրսի արժեզրկման, մոտավորապես 20 տոկոսի չափով»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացրել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում, հայտնաբերել բազմամիլիոնանց չարաշահումներ: Այս բացահայտումներին առայժմ հանրային հնչողություն չի տրվում: Իշխանությունները սպասում են նոր կառավարության ձևավորմանը, երբ այս նախարարությունը կլուծարվի և կմիանա մշակույթի նախարարությանը, և նախարար Գաբրիել Ղազարյանը կդառնա շարքային քաղաքացի: Այդ դեպքում քրեական գործի հարուցումը չի ազդի կառավարության հեղինակության վրա»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական սահմանապահ ծառայությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ օրեր առաջ ռուս սահմանապահների կողմից Արարատի մարզում կալանավորվել է քաղաքացիությունը չպարզված սահմանախախտ: Վերջինս պնդել է, որ ինքը Վրաստանի քաղաքացի է, սակայն ազգությամբ ադրբեջանցի: Թե ինչ նպատակով է նա խախտել սահմանը և Հայաստանի տարածքում հայտնվել, անհայտ է»:


 

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար