Նոր արտոնություններ բիզնեսին. շուրջ 4 մլրդ դրամի ներդրումներ են լինելու

94

Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ԳԻՆԱՓ» ՍՊԸ-ին տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի, նյութերի ներմուծման համար:


Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են արհեստական եւ պլաստիկ թաղանթների ֆլեքսո տպագրության, ինչպես նաեւ վակուում տոպրակների, պանրի տոպրակների, սուրճի եւ այլ բազմատեսակ տոպրակների արտադրության մեջ։


Ծրագրի շրջանակներում իրականացված ներդրումները կազմում են 2,5 մլրդ դրամ եւ մինչեւ 2021 թվականը նախատեսվում է հավելյալ 1 մլրդ դրամ ներդրում նոր սարքավորումներ եւ 8,9 մլրդ դրամ ներդրում հումք գնելու նպատակով։


Ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծվել է 56 աշխատատեղ եւ նախատեսվում է ստեղծել եւս 50 նոր աշխատատեղ՝ 180 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմում է 3 մլրդ դրամ, որից 2,5 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 300 մլն դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 200 մլն դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։


Այնուհետեւ կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ին տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ նյութերի ներմուծման համար:


Ներմուծվող սարքավորումը մեկ մարդատար ուղղաթիռ է, որն օգտագործվելու է փոքր ավիացիայի ոլորտում: Ընկերությունն արդեն իրականացրել է 1 միլիարդ 550 մլն դրամի ներդրում, նախատեսվում է կատարել եւս 271 մլն 400 հազար դրամի ներդրում:


Աշխատատեղերի թիվը 13 է, ծրագրի շրջանակներում նախատեսվում է ավելացնել 3-ով՝ 600 հազար դրամ միջին աշխատավարձով։

Տպել

Թեմայի այլ նորություններ