Բաքուն բլուրներ է կառուցում. Շահնազարյանը բացահայտում է Դուշանբեի հանդիպման “գաղտնիքը”

186

Ադրբեջանի եւ Արցախի շփման գծում փոփոխություններ են եղել: Ադրբեջանական կողմը կառուցում է հարձակողական նշանակության բլուրներ, իսկ շին աշխատանքների անխափան իրականացման պայմանավորվածություն է ձեռք բերվել Դուշանբեում: Այս մասին հայտարարել է ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրված Դավիթ Շահնազարյանն այսօր հրավիրած ասուլիսում:


«Դեռեւս մայիս ամսից փորձ էր արվել ինչ-որ բլուրներ կառուցել այնտեղ, բայց անընդհատ արգելափակող կրակով այդ շինարարական աշխատանքները դադարեցվում էին: Շփման գծից 1300-1700 մետր հեռավորության վրա, իրարից մինչեւ 5 կմ հեռու եւ փաստացի ամբողջ շփման գծի երկայնքով բլուրներ են դրանք: Սեպտեմբերի 27-ից հետո մեծ թափով իրականացվում են այդ շինարարական աշխատանքները, բլուրների մի մասն արդեն պատրաստ է, մյուս մասում շինաշխատանքներ են»:


Դավիթ Շահնազարյանը ցուցադրեց այդ բլուրների նկարները, ասաց, որ ավելի մեծ խտություն կա այնտեղ, որտեղ լրիվ հարթավայրային է ռելիեֆը, զրահատեխնիկայի համար շատ վտանգավոր հարձակման մասում: Բլուրների բարձրությունը 11-ից մինչեւ 15 մետր է: Նա հորդորեց մեկնել Արցախ ու սեփական աչքերով տեսնել այդ ամենը: Շահնազարյանը ներկայացրեց ռազմական փորձագետների կարծիքն այս բլուրների մասին, թե ինչի համար են դրանք.


«Նման տիպի շինությունները ընդհանրապես ունեն կրկնակի նշանակություն ե՛ւ պաշտպանվելու, եւ հարձակվելու համար: Հաշվի առնելով, թե՛ հայկական կողմերի քաղաքականությունը այն իմաստով, որ հարձակում չի նախատեսվում եւ թե՛ Ադրբեջանի քաղաքականությունը, որը գիշեր-ցերեկ խոսում է նոր պատերազմի մասին, այսքան ծախսատար բլուրներն ունեն բացարձակապես հարձակողական նշանակություն:


Կիրթ մարդը, ինչպես Ալիեւին անվանել է գործող վարչապետը, շարունակում է իր նույն հռետորաբանությունը, շարունակում է «կառուցողական», «շինարարական» քաղաքականությունը եւ եթե Նախիջեւանում իքս պահին այս բլուրները հարվածներ են հասցնելու մեզ, ապա Արցախում սրանք բացարձակապես հարձակման նախապատրաստվելու համար են: Կիրթ մարդու վերաբերյալ որեւէ հայտարարություն չի արել մեր վարչապետը, ընդհանրապես չի խոսել: Սեպտեմբերի 27-ի վերելակային իր հանդիպումից հետո որեւէ քննադատական խոսք Ադրբեջանի քաղաքականության մասին չի ասում»:


Շահնազարյանի խոսքով՝ Ալիեւը նախապատրաստում է հարձակում Արցախի վրա իր կողմից, իսկ Փաշինյանը սկսել է քաղաքական հարձակում Արցախի ռազմական ղեկավարության վրա այս կողմից. «Ես հեռու եմ այն մտքից, որ սա, այսպես կոչված, անփորձության հետեւանք է: Սա քաղաքականություն է, ինչի համար եւ որոշ ուժեր նպաստել են, որպեսզի նա գա իշխանության»:


Նա ասաց, որ Դուշանբեի պայմանավորվածությունը դրա համար էր, որ Ադրբեջանը շարունակի այդ աշխատանքները:

Տպել

Загрузка...