Քննարկվում է 500 մլն դոլարի ներդրման ծրագիր, կառուցվելու է մի քանի գործարան. Փաշինյան

298

Այս պահի դրությամբ տարբեր կարգավիճակներով քննարկման եւ իրականացման փուլում են մոտավորապես հինգ հարյուր միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր՝ ՀՀ-ում հիմնականում արտադրության ոլորտում: Այս մասին Արագածոտնի մարզում համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետը հայտարարեց, որ մի քանի գործարան է կառուցվելու:


«Եթե այն պայմանավորվածությունները, որոնք այսօր արդեն ձեռք ենք բերվել՝ նոր գործարանների կառուցման առումով, իսկ դրանք արդեն հստակ պայմանավորվածություններ են, ես ներդրողների հետ հանդիպել, զրուցել եմ, ձեռք ձեռքի ենք տվել, խոստացել ենք, երդում ենք կերել, եւ հույս ունենամ՝ մյուս տարվա ընթացքում բարեհաջող իրականանան, հենց մյուս տարի մեր երկրի կերպարը` տնտեսական առումով, 180 աստիճանի շրջադարձ է կատարելու: Հիմա վախեցած եմ մի քիչ այս թեմայով խոսում, աչքով չտանք, էլի»,- ասաց վարչապետը եւ նշեց, որ խանդաղատանքով է վերաբերում այդ նախագծերին եւ հույս ունի՝ դրանք իրականություն կդառնան:


Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գյուղատնտեսությունը ռազմավարական ճյուղ է լինելու եւ առաջնահերթությունը` աշխատանքի խրախուսումը: «Իմ խորին համոզմամբ՝ երկար տարիներ ՀՀ-ում խրախուսվել է աղքատությունը, քանի որ գործող քաղաքական համակարգին ձեռնտու է եղել, որ մարդիկ լինեն աղքատ, քանի որ աղքատ մարդկանց ընտրակաշառքով շատ ավելի հեշտ է ուղղորդել կոնկրետ ընտրության: Մենք ուզում ենք, որ ՀՀ-ում մարդիկ լինեն հարուստ»,- ասաց նա:


Վարչապետը նշեց, որ, իհարկե, շատ են ուզում մարդիկ իրենց ընտրեն, բայց իրենց նպատակն այն է, որ իշխանության լինի նա, ում ուզում է տեսնել ժողովուրդը:


«Մենք նպաստների համակարգը պետք է փոխենք այնպես, որ այն ոչ թե մարդկանց հետ պահի աշխատելուց, այլ խրախուսի աշխատել»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թեեւ իրեն ասում են՝ Աստվածաշնչից մեջբերումներ պետք չի անել, սակայն նշեց, երբ Աստված եդեմական այգուց Ադամին եւ Եվային վռնդեց եւ կարդաց դատավճիռը եւ ասաց` քո քրտինքով պետք է վաստակես քո հացը: «Սա ինչ-որ տեղ դատավճիռ էր, բայց ինչ-որ տեղ մարդկության առաջընթացի բանաձեւն էր, որովհետեւ եթե մինչեւ հիմա եդեմական այգում լինեինք, տերեւներով ծածկված կլինեինք եւ երջանիկ վազվզելիս կլինեինք ծառերի արանքում»,- ասաց նա:


Արագածոտնի մարզպետարանում վարչապետի եւ համայնքապետերի հանդիպումն ավարտվեց: Քիչ անց Աշտարակի հրապարակում նա կհանդիպի բնակիչների հետ:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ