Կառավարությունը պատրաստվում է թանկացնել օղին ու ծխախոտը. նոր նախագիծ է մշակվել

196

Կառավարությունն առաջարկում է անցում կատարել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի։ Իրավական ակտերի հրապարակման e-draft.am կայքում հրապարակվել է ֆինանսների նախարարության նախագիծը։


Նախարարությունն առաջարկում է 2019թ․ հուլիսի 1-ից սահմանել եկամտահարկի միասնական դրույքաչափ՝ 23 տոկոս։ Ներկայում գործում են եկամտային հարկի եռաստիճան՝ 23, 28 և 36 տոկոս դրույ­քա­չա­փեր:


Միաժամանակ, առաջարկ­վում է եկամտային հարկի դրույքաչափերի և ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար վերականգնել կուտակային կենսաթոշա­կային հատկացումների պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավա­սա­րու­թյան սկզբունքը, այսինքն՝ քաղաքացին իր աշխատավարձից ներկայիս 2,5 տոկոսի փոխարեն մուծի 5 տոկոս, պետությունն էլ ավելացնի նույնքան։ Ներկայում աշխատողի աշխատավարձի 2,5 տոկոս գումարին պետությունը ավելացնում է 7,5 տոկոս, գրում է Սիվլինեթը։


«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շահութահարկի գծով հար­կա­­յին բեռը մեր երկրում համեմատաբար բարձր է, ինչը խոչընդոտում է օտարերկրյա ներ­դրում­­ների ներգրավմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը»,- իր առաջարկը հիմնավորում է ֆինանսների նախարարությունը։


Այս գործողություններին զուգահեռ կառավարությունը ցանկանում է մի շարք ապրանքատեսակների գնաճ ապահովել։ Մասնավորապես, ֆինանսների նախարարույթունը նպատակադրված է 2019թ․ հուլիսի 1-ից առավել առաջանցիկ տեմպերով բարձրաց­նել ծխա­խոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքա­­չափերը:


Առաջարկվում է բարձրացնել նաև օղու և էթիլային սպիրտի նվազագույն իրացման գները՝ 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի փոխարեն նախատեսելով 6000 դրամ։ Բարձրացվելու է նաև գարեջրի ակցիզային հարկի դրույքա­չափը։


Կընդլայնվի նաև ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանվում է 100 գրամ ըմպե­լիքի մեջ հինգ և ավելի գրամ շաքար պարունակող ըմպելիքները։


Թանկարժեք մեքենաներ ունեցող վարորդները նույնպես աննկատ չեն մնացել կառավարության աչքից․ ֆինանսների նախարարությունը առաջարկում է 2020թ․ հունվարի 1-ից վերանայել 301 և ավելի ձիաուժ ունեցող մեքենա­ներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքա­չափը մեկ ձիաուժի համար ներկայում նախատեսված 50 դրամի փոխարեն սահմա­նել 150 դրամ։


Նոր մոտեցում է ամրագրվում նաև շահումով խաղերի նկատմամբ, այդ թվում՝ ինտեր­նետ շահումով խաղերի։ Ֆինանսների նախարարությունն առաջարկում է 2020-ից հետո վերանայել նշյալ գործունեության տեսակների շրջա­նակ­ներում ստացվող շահումների հարկման մոտեցումները՝ սահմա­նելով, որ ֆիզի­կա­կան անձանց շահումները հարկվում են եկամտային հարկով, իսկ եկամտա­յին հարկը հաշ­վար­կելու և պահելու պարտավորությունը կրում է շահումով խաղերի գոր­ծու­նեու­թյան կազ­մա­կերպիչը՝ որպես հարկային գոր­ծա­կալ:


Նախագծով նաև պարզեցվում է փոքր ձեռ­նար­կա­տիրության հարկման համակարգը:


Ֆինանսների նախարարության նախագիծը հանրային քննարկման է դրվել նոյեմբերի 15-ին։ Նույն կայքում առկա էլեկտրոնային հարցման արդյունքները ցույց են տալիս, որ նախագծին դեմ է քվեարկողների 92%-ը։


2018-ի հունվարից ուժի մեջ մտավ Հարկային նոր օրենսգիրքը, որով բարձրացվեց ակցիզային հարկը։ Հունվարին այն ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գործընկերների հետ փողոց դուրս եկավ՝ ընդդեմ թանկացումների։ «Մենք պահանջում ենք հարկային դրույքաչափերի իջեցում»,- հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։


 

Տպել

Թեմայի այլ նորություններ