29.03.2024
Սահմանի Նախիջևանի հատվածում Ադրբեջանի զինված ուժերը տարածքներ չեն գրավել. Տոնոյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մամուլ. Սերժ Սարգսյանը խոստացել է` քարը քարին չեն թողնելու

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրը մոտ 4 ժամ տեւած ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը մանրամասն ծրագրային ելույթ է ունեցել, որի հիմնական թեզը՝ ընդդիմություն դառնալու մասով, հետեւյալն է եղել․ իրենք կեղծ ընդդիմությունից տարբերվելու են նրանով, որ իշխանությունների ցանկացած ասածին չեն հակադրվելու․ «Եթե երկրի շահի տեսանկյունից իշխանությունը քայլ է անում, միանշանակորեն պաշտպանվելու է մեր կողմից, եթե՝ ոչ, քարը քարին չի թողնվելու»։ «Քարը քարին»-ը հիմնականում առնչվել է ղարաբաղյան խնդրին։ «Էստեղ մենք լինելու ենք անզիջում, պայքարելու ենք մինչեւ վերջ»,- շեշտել է Սերժ Սարգսյանը։ «Ինչի արտացոլումը Դավիթ Շահնազարյանի ներկայությունն է մեր ցուցակում․ հիշենք, որ նա եղել է ղարաբաղյան հարցով հատուկ դեսպան»,- ասաց մեր աղբյուրը։ Ի դեպ, Դավիթ Շահնազարյանը ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում է լինելու։ Երեկվա դրությամբ եւս դեռ բաց էր առաջին կին թեկնածուի հարցը․ Արփինե Հովհաննիսյանը բոլոր դեպքերում պնդել է, որ պատրաստ չէ ռեյտինգային կարգով առաջադրվելու, ցուցակը ղեկավարող Վիգեն Սարգսյանը վերջինիս առաջարկել է կարգը չխախտել, առաջադրվել, սակայն ընտրարշավի ժամանակ ասել, որ շատ զբաղված է շտաբային աշխատանքներով եւ նպատակահարմար է համարում, որ իր ընտրողներն իրենց ձայնը տան Երեւանի կենտրոնում առաջադրված ՀՀԿ ռեյտինգային մյուս թեկնածուին։ Ի դեպ, նույն պատճառով համամասնական ցուցակում չի լինի նաեւ Դավիթ Հարությունյանը․ նա կղեկավարի ՀՀԿ նախընտրական շտաբը։ Երեւանի շտաբը կղեկավարի Արման Սահակյանը՝ Գալուստ Սահակյանի որդին։


«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների համար տասնյակ և նույնիսկ հարյուրավոր ԱՁ-ներ է գրանցում: Նախընտրական շրջանում այդ ՍՊԸ-ները աշխատանքի կընդունեն կուսակցության համակիրներին, որոնք ԲՀԿ-ի օգտին քվեարկելու դիմաց աշխատավարձ կստանան: Ընտրություններից անմիջապես հետո այս ԱՁ-ները, բնականաբար, կլուծարվեն: Սա ընտրակաշառքը շրջանցելու օրինական տարբերակ է համարվում, քանի որ մարդը փող է ստանում ոչ թե քվեարկելու, այլ ԱՁ-ում աշխատելու դիմաց, կարևոր չէ, որ նրա կատարած միակ աշխատանքը լինելու է ԲՀԿ-ի օգտին քվեարկելը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի պատգամավոր երկու փեսաներն էլ՝ Դավիթ Մանուկյանը և Արգամ Աբրահամյանը կառաջադրվեն ռեյտինգային ընտրակարգով: Ինչպես 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Մանուկյանը կառաջադրվի Կոտայքի, իսկ Աբրահամյանը Արարատի մարզում: Եթե անգամ ԲՀԿ-ն հաղթահարի անհրաժեշտ 5 տոկոսի շեմը, հենց նա և իր երկու փեսաները կլինեն խորհրդարանում, որովհետև Ծառուկյանն ինքն է գլխավորելու ցուցակը, իսկ փեսաները՝ որպես ռեյտինգային ընտրատարածքներում ամենաշատ ձայն ստացած թեկնածուներ: Մյուսներն աշխատելու և ձայներ են բերելու Ծառուկյանի ու իր փեսաների մուտքը խորհրդարան ապահովելու համար»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ավան, Քանաքեռ-Զեյթուն և Նոր Նորք վարչական շրջանները ընդգրկող ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Արա Ճորուխյանը: Նա, ըստ էության, Տարոն Մարգարյանի հովանավորյալն է: Վերջինս Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի սանիկն է և հորաքրոջ փեսան. Մարգարյանը եղել է նրա հարսանիքի քավորը: Ճորուխյանը Մարգարյանի քաղաքապետ աշխատած տարիներին եղել է ապօրինի շինարարության դեմ պայքարի վարչության պետը և աշխատանքից ազատվել է հոկտեմբերի 10-ին»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն որոշել է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին, իսկ ընտրացուցակը գլխավորելու է պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը: Վերջինս չի առաջադրվելու ռեյտինգային ընտրակարգով, փոխարենը դա կանեն համամասնական ընտրացուցակում ընդգրկված մյուս թեկնածուները: Ու պետք է նկատենք՝ ՀՀԿ այդ որոշումը Նիկոլ Փաշինյանի իշխանության համար լուրջ գլխացավանք է դառնալու. սա ոչ թե այն պատճառով, որ ՀՀԿ-ն Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի համար մրցակից է, այլ որովհետեւ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու մասին հայտարարած ՀՀԿ-ական թեկնածուներից ոմանք հասարակության համար այնքան անընդունելի են, հասարակության կողմից այնքան մերժված, որ իշխանությունները քարոզարշավի ժամանակ լրացուցիչ ջանքեր պետք է գործադրեն նրանց անվտանգությունն ապահովելու եւ ֆիզիկական բռնություններից զերծ պահելու համար: Բարեբախտաբար, ի տարբերություն հերթական ընտրությունների, արտահերթի ժամանակ քարոզարշավը կարճ է տեւելու»:


«Ժողովուրդ» թերթը գրում է.  Ինչպես արդեն հայտնի է, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատված Յուրի Խաչատուրովը նախօրեին վերադարձել է Հայաստան: Հիշեցնենք, որ Յուրի խաչատուրովի նկատմամբ մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել վերջինիս հետ պարզելու համար, թե նա մարտի մեկի հետ կապված ինչ ելք է կանխատեսում եւ ըստ նրա` Հայաստանը ՀԱՊԿ-ում նախագահող երկիր կմնա արդյոք: Սակայն Խաչատուրովը հրաժարվեց որեւէ հարցի պատասխանելուց` ռուսերեն ասելով. «Я не буду говорить, всё»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փոխադարձ լսել են տարբերվող կարծիքներ ու համապատասխան հիմնավորումներ, որոշել են միառժամանակ վերցնել դադար վերլուծելու եւ որոշելու համար, թե որ տարբերակը լավագույնս կծառայի Կազմակերպությանը»,- մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը` «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը` պնդելով, որ նման դեպքում կա իրավական բաց: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելու պարագայում մեր կողմից կառույցում մեր գտնվելու նպատակահարմարության հարցը բարձրացնելուն, Վիրաբյանն ասել է. «Որքանո՞վ է ճիշտ խոսել գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելու մասին, երբ մենք փաստում ենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցումը նախաձեռնվել է հենց հայկական կողմից Կազմակերպության հեղինակությունը ներքին իրավական գործընթացներից զերծ պահելու համար»:


 


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը շարունակում է ուսումնասիրել իր թիմակիցների ռեյտինգը։ Հայտնի է, որ նման գործիքակազմի տիրապետում է ԱԱԾ-ն, դեռ նախկին իշխանությունների շրջանից։ Պարբերաբար հարցումներ են արվում՝ ովքեր ինչ հեղինակություն ունեն երկրում, ինչ ռեյտինգ ունի երկրի թիվ մեկ պաշտոնյան, որ կուսակցությունն է վայելում հանրության համակրանքը, ով շանս ունի անցնելու խորհրդարան եւ այլն։ Մեր տեղեկություններով, վերջերս հարցում է անցկացվել նաեւ գործադիր իշխանության հետ կապված՝ կառավարության որ անդամներն ինչ հեղինակություն ունեն։ Պարզվել է՝ առաջատարների եռյակն այսպիսի տեսք ունի․ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյան եւ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԱԾ-ում ԱԻՆ-ում չարաշահումների վերաբերյալ քրեական գործ է քննվում: Ընդ որում, չարաշահումները կատարվել են, երբ նախարարը այժմ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էր: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ իրեն հարցաքննության հրավիրել են, թե ոչ, Տոնոյանը բացասական պատասխան է տվել: «Այդ դեպքերի հետ կապված մի ամբողջ կոպլեքս է, որով նախաքննությունը ներկայումս իրականացվում է, ես չէի ուզենա որեւէ մեկնաբանություն անել դրա հետ կապված»,- ասել է նա: Ինչ վերաբերում է կոռուպցիոն բացահայտումներին, ըստ Տոնոյանի, թավշյա հեղափոխությունից հետո ավելացել են բացահայտման դեպքերը: «Եթե հիմա որեւէ բան կատարվել է իմ պաշտոնավարման ժամանակահատվածում եւ ունեցել է հետեւանքներ, կարող ենք խոսել այդ մասին, բայց ես հիմա գիտեմ, որ պաշտպանության նախարարությունում իրականացվում է բազմաթիվ ծառայություններ ու բազմաթիվ քննություններ»,- ասել է նա:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ շաբաթ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Հայաստանից ավելի քան 250 մլն դրամի ոսկի, պղինձ, արծաթ արդյունահանվելու դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: Ըստ դատախազության` այդ ամենը տեղի է ունեցել էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության պաշտոնատար անձանց լիազորությունների չարաշահման պայմաններում, ինչի արդյունքում խախտվել են ընդերքի օգտագործման կանոնները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հանքարդյունաբերող ընկերությունը «Վայքգօլդ» ՍՊԸ-ն է: Այժմ այս ընկերությունը դադարեցրել է ընդերքաօգտագործումը: Պատճառը բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ստուգումներն են: Բայց ուշագրավն ընկերության սեփականատիրոջ անունն է: Ըստ ՀՀ պետական ռեգիստրի` «Վայքգօլդ» ընկերությունը 2012 թվականին հիմնադրել է ԱԺ նախկին պատգամավոր, ԲՆ նախկին նախարար ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը: Նշենք, որ «Վայքգօլդ» ՍՊԸ-ն արդյունահանման իրավունք ստացել է 2012 թվականին, իսկ գործողության ժամկետը մինչեւ 2037 թվականն է»: 


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը վաճառքի է հանել իր ընտանիքին պատկանող Գյումրիում գործող Անուշարան հրուշակեղենի ֆաբրիկան: Ըստ մեզ հասած տեղեկությունների, Բալասանյանը հրուշակեղենի ֆաբրիկան վաճառում է 800 հազար դոլարին համարժեք դրամով: Թե որն է բիզնեսը վաճառելու պատճառը, պարզ չէ, մանավանդ, երբ հրուշակեղենի ֆաբրիկան տեւական ժամանակ է՝ գործունեություն է ծավալում: Մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս լուրը ճշտել հենց Սամվել Բալասանյանից, սակայն վերջինս, լսելով հարցը, անմիջապես անջատեց հեռախոսը: Իսկապես, Բալասանյանը չի կարող ինտեգրվել նոր Հայաստանին, որպեսզի պատասխանի նաեւ լրագրողների հարցերին, թեկուզ եւ՝ իր համար անցանկալի:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերությունում կադրային նոր փոփոխություններ են սպասվում: Առաջիկայում «Լուրեր» լրատվականը նոր տնօրեն կունենա: Վահագն Թեւոսյանը, որ չորս ամիս առաջ էր նշանակվել «Լուրերի» ղեկավար, նոյեմբերի 14-ին կմեկնի արձակուրդ եւ, ըստ մեր աղբյուրի, 99 տոկոս հավանականությամբ չի վերադառնա: Բանն այն է, որ Վահագն Թեւոսյանը «ՔՊ» ցուցակով պատգամավորի թեկնածու է առաջադրվել, ամենայն հավանականությամբ՝ ցուցակի անցողիկ համարում: Մեր աղբյուրն ասաց, որ «Լուրեր»-ի նոր տնօրենի երկու թեկնածություն կա: Շրջանառվում է Պետրոս Ղազարյանի անունը, որն օրերս է «Կենտրոն»-ից տեղափոխվել Հ1, եւ մի թեկնածություն էլ «Ազատություն» ռադիոկայանից է: Թե ում մասին է խոսքը՝ դեռ չգիտեն: Վերջին տասը տարում հինգ տնօրեն փոխած լրատվականի աշխատակազմը նախկին տնօրեններից առանձնացնում է Գեւորգ Ալթունյանին։ «Հաճույքով կաշխատեինք նրա հետ, եթե վերադարձնեին»,- ասում են նրանք»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հարկային տեռորի հերթական զոհերը գիշերային ակումբների, բարերի և ռեստորանների սեփականատերերն են: Հարկայինի աշխատակիցները, խախտելով օրենքը, հանկարծակի ստուգումներ են սկսել այս օբյեկտներում և հարկային օրենսդրության խախտումներ արձանագրել: Հիմա այդ օբյեկտների տերերը սպասում են, թե ստուգումների արդյունքում իրենց ինչ տուգանքների պետք է ենթարկեն: Հայաստանում փող հավաքելու ամենահուսալի ճանապարհը շարունակում է մնալ բիզնեսը տուգանելը, որովհետև հարկերն այնքան բարձր են, որ մարդիկ չեն կարողանում աշխատել օրինական դաշտում և ստիպված են շրջանցել օրենքը: Քանի դեռ աշխատում ես, պետք է տուգանվես. ահա այս կարգախոսով են աշխատում Հայաստանի հարկային մարմինները»:


 


«Ժողովուրդ» թերթը գրում է. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն «պայքարի» մեջ է մտել «Վահրամ Առաջին» ընկերության հետ: «Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ ՊԵԿ-ը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում ներառելու պահանջով: Ըստ ՀՀ պետական ռեգիստրի` «Վահրամ Առաջին» ընկերությունը ստեղծվել է 2014 թվականին, իսկ հիմնադիրն է Վալերիկ Վարդանյանը: Ըստ որոշ տեղեկությունների` ընկերությունը մի քանի անգամ մասնակցել է պետական գնումների գործընթացներում:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ՀՀ Գյուղատնտեսական նախարարության Երկրագործության Գիտական Կենտրոն ՊՈԱԿ-ի 18 աշխատակից դիմել են դատարան` պահանջելով աշխատավարձները: Այս գործը քննելու է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանը: Հավելենք, որ դատարանում որպես երրորդ անձ է ներգրաված ՀՀ Ֆինանսների նախարարությունը:

Տոնոյանի մեսիջը` ռուս սահմանապահները չեն հեռանալու Հայաստանից
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար