Արհեստական է ՀՀ օրակարգ ներքաշել Արցախում ԱՄՆ ռազմաբազայի տեղակայման հարցը. Պողոսյան

491

Նախօրեին ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեևը Россия1-ի ուղիղ եթերում հայտարարել է, թե ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը Երևանում ՀՀ իշխանություններին առաջարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրենց սցենարը, որի իմաստը կայանում է «Ադրբեջանի օկուպացված տարածքներում ամերիկյան ռազմաբազայի տեղակայման մեջ»՝ Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով:

Ռուս քաղաքագետը նշել է, թե սա ամերիկացիների սցենարներից մեկն է, որի էպիկենտրոնում Հարավային Կովկասում իրենց ներկայության ամրապնդումն է և որ սա վտանգավոր է Հայաստանի համար: Հասկանալի պատճառներով, ադրբեջանական ԶԼՄ-ները տիրաժավորել են այս հայտարարությունը: Մինչդեռ Երևանում կոչ են անում ավելի սառը դատել, հաշվի առնելով այն, որ Հայաստանը տեղեկատվական պատերազմի մեջ է ներքաշված, իսկ Իրանը մեր լավագույն բարեկամներից է: Մասնավորապես, այդ մասին հորդորում է հիշել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախագահի խորհրդական, քաղաքագետ Թևան Պողոսյանը:

«Հայաստանը ցանկացած իր քայլում և գործողություններում պետք է առաջնորդվի իր սեփական շահերով և վերջին ժամանակահատվածում այդ մասին մենք ավելի շատ ու ավելի վստահ ենք բաձրաձայնում: Բայց կոնկրետ այդ հարցում խնդիրը նրանում է, որ եթե նույնիսկ նման հարց քննարկման առարկա դառնա, ՀՀ իշխանությունները հայտարարելու են, որ խոսքը Արցախի Հանրապետության մասին է, իսկ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամներ արդեն ասել է, որ ինքը չի պատրաստվում Արցախի անունից որևէ խնդրի մեջ ներգրավվել: Իսկ կոնկրետ այս դեպքում խոսքը Արցախի տարածքներում ինչ-որ գործողություն իրականացնելու մասին է»,- VERELQ-ի հետ զրույցում ասաց նա:

Մեր զրուցակիցը նաև մատնանշեց այն, որ եթե ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը տարածաշրջանային այցի շրջանակում այցելեր նաև Ստեփանակերտ, ապա կարելի էր ենթադրել, որ նմանատիպ գաղափարներ կարող է լինեին կամ քննարկվեին: Բայց այս դեպքում մենք գործ ունենք «մատից հոտ քաշելու կամ սուրճի բաժակով գուշակությունների հետ»: Թևան Պողոսյանը նաև նշեց, թե նման տեղեկատվության դեպքում նախ պետք է հասկանալ, թե արդյոք դա ռուսական տեսակետի դաշտն է, թե գործ ունենք երևույթի հետ, որտեղ հնարավոր է պատվեր լինի Հայաստանի հակառակորդ երկրի կողմից: Փորձագետի խոսքով, չմոռանանք, որ Հայաստանը գտնվում է պատերազմում ոչ միայն առաջնագծում, այլև տեղեկատվական հարթակում.

«Բոլթոնը Արցախում չի եղել և չի հանդիպել Արցախի իշխանությունների հետ: ՀՀ վարչապետը ամեն անգամ բաց տեքստով ասում է, որ Ստեփանակերտի փոխարեն որոշում չի կայացնելու, չի բանակցելու և Բոլթոնի այցից հետո էլ Ազգային ժողովում նման հարցերի անդրադարձել է: Այս ամենը հաշվի առնելով հասկանալի է դառնում, որտեղ մեր հակառակորդները փորձում են ամեն ինչ անել, որ Հայաստանի շահերը դնեն հարվածների տակ: Այն իմաստով, որ նման լուրերի շահարկումը հարվածի տակ է դնում հայ-ռուսական հարաբերությունները, քանի որ Մոսկվան այս ամենի ֆոնին իրեն պետք է վատ զգա, թե ՀՀ-ն իր հետ այս հարցը չի քննարկել, իսկ բացի դրանից տարածաշրջան է մտնում ԱՄՆ ռազմաբազա: Սա, մի կողմից, փորձ է հարված հասցնել հայ-ռուսական հարաբերություններին, իսկ մյուս կողմից հայ-իրանական հարաբերություններին, որոնք Հայաստանը շատ է կարևորում և գիտակցում, որ պետք է շատ նրբորեն վերաբերվենք դրանց մանավանդ պատժամիջոցների ժամանակ: Այստեղ պետք է շատ ճկուն, նուրբ դիվանագիտություն վարենք, որ կարողանանք մեր շահերը պաշտպանենք: Այնպես որ նմանատիպ լուրերը ոչ այլ ինչ են, քան փորձ մեկ կրակոցով հարվածի տակ առնել թե՛ հայ-ռուսական, թե՛ հայ-իրանական բարեկամությունը»,- շեշտեց Թևան Պողոսյանը:

Նա հորդորեց հիմնվել ՀՀ ներկայիս իշխանությունների ասելիքի վրա, որոնք պաշտպանում են թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, ինչպես նաև հիմնավորումները, թե ինչու են անում այս կամ այն քայլը: Հակառակ գործողությունները, ըստ նրա, մեզ գցում են ուրիշների օրակարգ, ինչը վնասակար կարող է լինել հայաստանյան օրակարգի և բարեկամ երկրների հետ հարաբերությունների համար: Պողոսյանը նաև հիշեցրեց սրանից մեկ օր առաջ ռուսական ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկատվությունը, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը և որ այդ հարցը որոշված է, թեպետ Բելառուսից պաշտոնապես հերքեցին նման տեղեկությունը.

«Ասել է թե՝ չմոռանանք, որ Հայաստանը տեղեկատվական պատերազմի մեջ է, մամուլը կարող է դրա ակտիվ գործոնը հանդիսանալ, բայց Հայաստանը չպետք է ներքաշվի ուրիշների օրակարգ` այդպիսով պաշտպանելով հայ-ռուսական, հայ-իրանական և հայ-բելառուսական հարաբերությունները»,- հավելեց Թևան Պողոսյանը:


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...