25.04.2024
Վրաստանն ու Ադրբեջանը սերտ համագործակցում են պաշտպանության և անվտանգության ոլորտներում
prev Նախորդ նորություն

Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կառաջադրի Վաղարշակ Հարությունյանին

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի համար առաջադրելու է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը: Այս մասին հայտնել է «Արմենպրես»-ի իրազեկ աղբյուրը:


«Քաղաքական որոշումն այս հարցի շուրջ արդեն կայացված է՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ ղեկավարությունը պետք է ստանձնի մինչև 2020 թվականը»,- ասաց մեր աղբյուրը:


Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից նոյեմբերի 2-ին: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա:


Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը քննարկման փուլում է: Այս մասին հայտարարել էր ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ի պատասխան «Կոմերսանտ»-ի հրապարակման:


Հիշեցնենք, նախօրեին ռուսական առաջատար լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ ՀԱՊԿ-ում արդեն որոշել են, թե ով է փոխարինելու Յուրի Խաչատուրովին, ով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվեց նոյեմբերի 2-ին: Ըստ Կոմերսանտի՝ Հայաստանը կորցրել է այս պաշտոնը և այն կանցնի Բելառուսին՝Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասին:


Աննա Նաղդալյանի խոսքով, ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը գտնվում է խորհրդատվությունների փուլում: Ըստ նրա, այդ քննարկումները փակ են և հրապարակային դաշտից դուրս են.


«Հարգելով այդ սկզբունքը՝ հավելյալ տեղեկություն չեմ կարող տրամադրել, որպեսզի չվնասենք այդ քննարկումները: Հայաստանի համար առաջնային կարևորություն ունի քարտուղարության արդյունավետ գործունեությունը և հենց դրան են ուղղված մեր ջանքերը», - հավելել էին ԱԳՆ ներկայացուցիչը:


 

Պաղեստինը կիսում է Ադրբեջանի դիրքորոշումը. ԱԳՆ
Հաջորդ նորություն next