«Ելք»-ից ելք կա. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը միայնակ կմասնակցի ընտրություններին

522

«Լուսավոր Հայաստան»կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի միայնակ, առանց դաշինքի: Այս մասին ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

«»Լուսավոր Հայաստան» կուսակցությունը իր կազմավորման հիմքում դրել է երկրում համակարգային, անշրջելի վերափոխումների առաքելությունը։ Կուսակցության խորհրդարանական առաջին ընտրություններում Ելք կուսակցությունների դաշինքով մասնակցությունը պատմական և ճակատագրական դարձավ ոչ միայն մեր ժողովրդի նորագույն պատմության, այլև Ելք դաշինքի յուրաքանչյուր կուսակցության համար առանձին-առանձին։

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը որակապես փոխել է երկրում քաղաքական առաջնայնությունները, առաջին անգամ քաղաքական գործընթացների մասնակից յուրաքանչյուր սուբյեկտին շնորհելով հավասար մասնակցային հնարավորություններ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, Հանրապետություն կուսակցության հետ երկար քննարկումների արդյունքում, որոշում է կայացրել Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով՝ սեփական տեսլականով և ծրագրերով։

Երևանի ավագանու ընտրություններից հետո բարձր գնահատելով «Հանրապետություն» կուսակցության հետ «Լույս» դաշինքով համատեղ անցած ճանապարհը, կուսակցությունները կշարունակեն համագործակցությունը Երևանի ավագանիում «Լույս» խմբակցության շրջանակներում:

Լուսավոր Հայաստան կուսակցությունը շնորհակալություն է հայտնում Ելք դաշինքի իր գործընկերներին՝ անգնահատելի և կարևոր համարելով երկու՝ Հանրապետություն և Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունների հետ երկամյա արտախորհրդարանական և խորհրդարանական բեղուն աշխատանքը։ Հավատում ենք, որ միասնական համատեղ աշխատանքի հզոր ներուժը սպառված չէ, ուստի նրանցից յուրաքանչյուրին մաղթում ենք հաջողություն առաջիկա ընտրություններում՝ ի շահ և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացու»,- ասված է հայտարարության մեջ։


Նշենք, որ «Հանրապետություն» կուսակցության անդամ Թեհմինա Վարդանյանը արձագանքել է այս հայտարարությանը` Facebook-ի իր էջում հետևյալ գրառում կատարելով.

«Հարգելի ընկերներ, համակիրներ, համախոհներ․․․
Վերջին երկու օրերին բազմաթիվ նամակներ եմ ստացել Ձեզանից՝ կապված «Լույս» դաշինքով ընտրությունների մասնակցության ձևաչափի հետ։

Երկարատև ու բազմակողմանի քննարկումների այունքում «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները որոշեցին առաջիկայում սպասվող Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցել միմյանցից առանձին։

Այս պահին և ներկուսակցական, և արտակուսակցական քննարկումներ են ընթանում՝ կապված սպասվող համապետական ընտրություններին «Հանրապետություն» կուսակցության մասնակցության ձևարափի հետ։ Մոտ օրերին ամեն ինչ կհստակեցվի և կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ»,- գրել է նա։


 


 

Տպել

Загрузка...