Անցումային կառավարությունը տապալել է իր այդ հանձնառությունը. Ավինյանի օգնականը հեռանում է

508

Տիգրան Ավինյանի օգնականի պաշտոնում ընդամենը մի քանի ամիս աշխատած Միքայել Նահապետյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին հայտնել է ինքը՝ գրելով.


«Հեղափոխության հարթակից և եթերներից հայտարարվել էր, որ մինչև բուն ընտրությունները պետք է փոփոխվի ընտրական օրենսգիրքը, բացառվի բիզնեսի ներկայացվածությունը խորհրդարանում: Եվ դրա համար էր հրապարակը հարկ համարել մինչև ընտրությունները ունենալ ժամանակավոր կառավարություն: Տապալված ընտրական օրենսգիրքը հռչակված այդ ծրագրի առանցքային կետն էր: Եվ այդ մասին հայտարարվել է հեղափոխության հարթակից, այդ մասին հայտարարվել է Աժ ամբիոնից, դա է արձանագրված անցումային կառավարության ծրագրի առաջին իսկ էջում:


Անցումային կառավարությունը տապալել է իր այդ հանձնառությունը:


Առկա իրավիճակում պատասխանատվությունը հանրության առաջ չափազանց կարևոր է: Եվ, քանի որ այլևս որևէ հնարավորություն չկա կատարելու ստանձնած պարտավորությունը, ինձ այլ բան չի մնում քան պաշտոնը թողնելը, որպես մեր հռչակած սկզբունքներին լուրջ վերաբերված մարդկանց առաջ պատասխանատվության վերջին միջոց, որպես իմ այդ կառավարությունում գտնվելու առանցքային նպատակի տապալման գնահատական:


Շնորհակալություն»:


Ավելի վաղ հայտնել ենք, որ Հեղափոխությունից հետո մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ որոշել են ստեղծել նոր՝ սոցիալ-դեմոկրատական կուսակցության՝ «Քաղաքացու որոշում» նախնական անվամբ: Կուսակցության հիմնադիր ժողովը տեղի է ունենալու սույն թվականի նոյեմբերի երեքին:


Միքայել Նահապետյանը կուսակցության նախաձեռնող խմբի անդամ է: «Քաղաքացու որոշում» նախաձեռնությունը նպատակ ունի մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...