Իմ նկատմամբ հայտարարված հետախուզումն «ապօրինի» է, մեղադրանքը՝ «շինծու». Հարությունյան

215

«Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված՝ գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը հայտարարել է, որ իր նկատմամբ հայտարարված հետախուզումն է ապօրինի, թե՛ առաջադրված մեղադրանքն է ապօրինի և շինծու, հայտնում է «Ազատությունը»։


«Ոչ միայն հետախուզումը, էդ մեղադրանքը, էդ ամբողջը որ ասեմ ապօրինի՝ երևի թե ոչ մի բան չեմ ասի», - ասաց Հարությունյանը՝ շարունակելով․ - «Էդ մեղադրանքը՝ անհիմն, ապօրինի, շինծու և, չգիտեմ, երևակայություն, շատ մեծ երևակայություն է պետք ունենալ՝ նման եզրահանգումներ անելու: Չեմ մտածում, ես համոզված եմ, տեսնում եմ որովհետև, կարդում եմ, ես չգիտե՞մ, ո՞նց կարա տենց բան լինի»:


«Ես մեղադրանքին չեմ ուզում․․․ կանդրադառնամ, ես նաև Ձեզ վստահեցնում եմ, և հանրությանը, որ կարճ ժամանակ հետո, երբ որ հնարավորություն կունենանք իրապես մեղադրանքի որոշմանը ծանոթանալու, ես չգիտեմ՝ մամուլում ինչ ծավալով է այն տեղադրված՝ ամբողջությա՞մբ, թե՞ չէ, և դրա հիմքում ինչեր կան, այսինքն՝ էն թույլատրելի փաստաթղթերը, որոնք մեզ կտրամադրվեն, ինչը հիմք է տվել նախաքննական մարմնին նման հիվանդագին ենթադրություններ անելու, էդ բոլորին ծանոթանալուց հետո առավել փաստարկված կներկայացվի, և բոլորդ կհամոզվեք, որ էդ մեղադրանքը ուղղակի ոչ թե չկա՝ չի էլ կարող լինել», - ասաց «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը:


Հատուկ քննչական ծառայությունը երեկ հաղորդեց, որ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» համար, նրա, ինչպես նաև Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն, պարզվել է, որ Հարությունյանը, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՔԾ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, կազմակերպել է ապացույցների կեղծումը, մասնավորապես՝ նպատակ ունենալով թաքցնել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ «ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները»:


Հարությունյանը վստահեցրեց, որ հանձնարարություն չի տվել ոստիկանության փորձագետին, քննիչներին․ - «Իհարկե ոչ: Քրեական գործի քննության ընթացքում, որը եղել է իմ վարույթում երկար ժամանակ, չեն եղել ապացույցներ Զինված ուժերի կողմից որևէ հակաօրինական գործողություն կատարելու, կամ էնտեղ պարկուճներ հայտնաբերելու և այլն: Ես հիմա չեմ հիշում, հազարից ավել՝ 1600 թե 1800, թվերը լավ չեմ հիշում, պարկուճ էր մենակ դեպքի վայրից հայտնաբերվել, էնտեղ բազմաթիվ պարկուճներ կային, որոնց պատկանելիությունը, կարծեմ մի քանի հարյուր, եթե չեմ սխալվում, կարող է սխալվեմ, որոնց կրակած զենքերը չեն հայտնաբերվել»:


Վահագն Հարությունյանը նաև պնդել է, որ նախաքննական մարմինը տեղյակ է իր գտնվելու վայրի մասին, տեղեկացված է, որ առողջական խնդիրների պատճառով է բացակայում Հայաստանից, բայց դա հաշվի չառնելով՝ հետախուզում է հայտարարել։


Նա, զավերշ է որակել այն լուրերը, որ Հայաստանը լքել է՝ վախնելաով, որ կարող է ներգրավվել որպես մեղադրյալ Մարտի 1-ի գործով: «Դա զավեշտ է, ես մայիսին ոչ թե լքել եմ, այլ վերադարձել եմ: Ես գտնվում էի արտերկրում, կրկին անձնական խնդիրներով, դեռևս, մի ամսից ավել, ամեն դեպքում, ու մայիսին, ընդհակառակը, ես վերադարձել եմ և դեռևս այդ ժամանակ ես ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը դեռ զբաղեցնում էի, և մեր մամուլի ծառայությունը տարածեց համապատասխան հաղորդագրություն իմ ուղևորությունների վերաբերյալ, այսինքն, ես կարծում եմ՝ էդտեղ հարցեր ուղղակի լինել չէին կարող» - ասել է նա:


Հարությունյանը հավաստիացրել է, որ հեղափոխությունը կապ չուներ իր աշխատանքից հեռանալու հետ․ - «Իհարկե չուներ, բացարձակ չուներ, ուղղակի աշխատանքից հեռանալը ոնց որ եղավ հնարավոր առիթ՝ ազատ դրանով զբաղվելու: Ու կարծում եմ, թե մարդու ազատ տեղաշարժվելու և իր գտնվելու վայրը որոշելու իրավունքը դեռևս չի փոխվել, չի վերացել և որևէ կերպ չի սահմանափակվում»:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...