28.03.2024
Արմեն Սարգսյանը չստորագրեց ԱԺ ընդունած աղմկահարույց օրենքը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մամուլ. Բա որ Նիկոլ Փաշինյանն այսօր ընտրվի՞

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեսփոխաններից շատերը, հատկապես առաջին «սռոկ» պատգամավոր դարձածները, երեկ ոգևորված էին այն հեռանկարից, որ այսօր խորհրդարանում կարող է վարչապետի պաշտոնում վերընտրվել Նիկոլ Փաշինյանը, ինչը կնշանակի, որ ԱԺ լուծարումը կհետաձգվի մոտ մեկ տարով։ «Մի տարի ավել պատգամավոր կլինենք»,- մասնավոր զրույցներում կատակում էին նրանք: Եթե այսօր վարչապետի պաշտոնում վերընտրվի Փաշինյանը, ապա ԱԺ-ն չի լուծարվի, և խորհրդարանն էլ միայն մեկ տարի հետո կարող է վարչապետին անվստահության նախագիծ ներկայացնել և լուծարման գնալ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունում տեսակետ կա, որ ԸՕ-ի տապալումը տեղի ունեցավ, քանի որ իրենք զբաղված էին վարչապետի թեկնածու առաջադրել-չառաջադրելու, ԱԺ արտահերթ նիստ հրավիրել-չհրավիրելու, քվորումի խնդիրներով։ Վարչապետի թեկնածու առաջադրելու նիստը տեղի է ունենալու այսօր՝ իրավունքի ուժով, ու քանի որ այսօր նաև կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի օրն է, նիստը կլինի երեկոյան՝ ժամը 18-ից հետո։ Իսկ ԸՕ նախագիծը կառավարության նախաձեռնությամբ ԱԺ կարող է ներկայացվել բազմակի անգամ։ «Մենք ունենք ժամկետի խնդիր․ եթե նախագիծն ԱԺ չբերվի այս հինգշաբթի կամ ուրբաթ, ապա ընտրությունների օրը ևս՝ Փաշինյանի արձանագրած դեկտեմբերի 9-ից կտեղափոխվի այլ օր։ Բայց մենք պատրաստ ենք նաև հին ԸՕ-ով ընտրությունների գնալ»,- ասաց ՔՊ ներկայացուցիչը։ ՀՀԿ-ն տրամադրված է դեմ քվեարկել նաև երկրորդ անգամ։ «Իսկ եթե որոշեն կրկին ժողովրդին պառլամենտի մոտ հավաքել, ապա դա ընտրությունների լեգիտիմության խնդիրը կառաջացնի, մանավանդ որ ԸՕ-ի շուրջ չկա նաև Վենետիկի պահանջած լայն կոնսենսուսը»։ Բայց նոր օրենսգիրքն անցկացնելու համար ընդամենը 7 ձայն է պակասում, ինչը, կարծում ենք, երկուշաբթի հրավիրվելիք նիստին կապահովեն։ Թեև դա ևս քաղաքական կոնսենսուսի խնդիրը չի լուծի»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրապետական խմբակցության ներսում իրավիճակ է փոխվել: Եվ եթե նախկինում նրանք ամեն կերպ փորձում էին չխոչընդոտել Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատանքը եւ կողմ էին քվեարկում վերջիններիս ներկայացրած նախագծերին, ապա այժմ ճիշտ հակառակն են անում: Ընդ որում, ՀՀԿ խմբակցության անդամները հենց կառավարություն-ԱԺ համահունչ աշխատանքն էին օրինակ բերում` որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունները հապշտապ չանցկացնելու պատճառ: «Աժ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չենք տեսնում: Մենք հայտարարել ենք, որ որևէ խոչընդոտ չենք լինելու ներկայիս կառավարությանը: Պետք է օժանդակենք այն ծրագրերի ներկայացմանը, որոնք միտված կլինեն երկրի զարգացմանն ու անվտանգությանը: Չգիտեմ՝ ի՞նչն է դրդապատճառը, որ ցանկանում են գնալ արտահերթ ընտրությունների», – դեռ մայիսի 25-ին հայտարարել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ապա տարբեր առիթներով վերահաստատել դա: Սակայն նախօրեին, ըստ էության, ՀՀԿ-ն ուղղակի բոյկոտեց ԱԺ արտահերթ նիստը, չմասնակցեց Ընտրական օրենսգրքի քվեարկությանը, երեկ բոյկոտեց ՍԴ դատավորի քվեարկությանը եւ փաստացի արդեն իսկ սկսել են խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատանքին: Ստացվում է` արդեն նույնիսկ ՀՀԿ-ի տրամաբանությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը հասունացել է»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ՀՀԿ-ն, մասնավորապես պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, «նոն-ստոպ» հանդիպումների մեջ է ՀՀԿ տարածքային ակտիվի, որոշ անհատների եւ երիտթեւերի հետ։ Քննարկվում է «ինչպես, ումով ընտրությունների գնալ» առաջարկը փաթեթով ԳՄ-ին, Սերժ Սարգսյանին ներկայացնելու համար։ ՀՀԿ կորիզն ուզում է, որ ցուցակը ղեկավարի Վիգեն Սարգսյանը, սակայն այլ տարբերակներ էլ են քննարկում, օրինակ՝ եթե Կարեն Կարապետյանը (Տաշիրի) համաձայնի, սակայն Կարապետյանները հակված չեն մասնակցելու։ Հարցին՝ իմաստ ունե՞ր բոյկոտել նոր Ընտրական օրենսգիրքը, երբ այն նախատեսում է 4 քաղաքական ուժի ներկայություն ԱԺ-ում, 4-րդ ուժի համար 2 տոկոսի բոնուս, հին օրենքով դուք պետք է հավաքեք 7 տոկոս (որպես դաշինք), նորով՝ 5։ Ռեյտինգայինի մասով էլ գաղտնիք չէ, որ ձեր ռեյտինգայիններն այլեւս «ՔՊ»-ի օգտին են աշխատելու, եւ տեսակետ կա, որ ՀՀԿ-ն առհասարակ պառլամենտ մտնելու խնդիր է ունենալու։ ՀՀԿ մեր աղբյուրը պատասխանեց․ «Խնդիրը 5 կամ 7 տոկոս նվազագույն շեմը հաղթահարելը չէ։ Եթե որոշենք մասնակցել ընտրություններին, ապա կդնենք ավելի բարձր շեմ, ընդ որում՝ մենք ոչ թե շեմի կամ տոկոսի համար ենք մտնելու պայքարի մեջ, այլ փորձելու ենք դառնալ ընդդիմադիր կենտրոն, ինչը, հավատացեք, մեզ մոտ կստացվի»։


«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է նախորդ օրը ԸՕ քվեարկությանը չմասնակցած «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամներ Նապոլեոն Ազիզյանի և Վարդան Ղուկասյանի հետ: Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունը, որ հաջորդ երկուշաբթի օրը կայանալիք ԱԺ արտահերթ նիստում Ազիզյանը և Ղուկասյանը կողմ են քվեարկելու նախագծին, թույլ է տալիս ենթադրել, որ Ծառուկյանը իր ղեկավարած խմբակցության անդամներին հորդորել է հետևել իր օրինակին և կողմ քվեարկել նախագծին: Թե որքանով Ծառուկյանի հորդորը կազդի պատգամավորների վրա, դժվար է ասել, բայց փաստ է, որ ռեյտինգային ընտրակարգով խորհրդարան եկած պատգամավորները դեմ են ԸՕ փոփոխությանը, որովհետև հասկանում են, որ դրա ընդունվելու դեպքում իրենք պատգամավոր չեն կարող ընտրվել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրներին իրավապահները ասել են` գնացեք տուն եւ որեւէ բան չխոսեք: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին դեռեւս անհայտ քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն բերման էր ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրներին` Մուրադ, Զարզանդ, Սահակ եւ Լյովա Մովսիսյաններին: Նրանք վկայի կարգավիճակով էին հարցաքննվել, որը տեւել է մինչեւ ուշ գիշեր, ինչից հետո նախաքննական մարմինը Մովսիսյան եղբայրներին զգուշացրել է որեւէ բան չխոսել քրեական գործով, եւ նրանք ազատ են, կարող են գնալ տուն: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Առաքել Մովսիսյանի 4 եղբայրներին անգամ մեղադրանք չի առաջադրվել: Կառաջադրվի՞, թե՞ ոչ, դեռեւս հայտնի չէ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Երդվյալ ազատամարտիկների միության» 6-րդ համագումարը, որի ղեկավարը ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանն է: Այդ օրը տեղի ունեցած համագումարին մասնակցել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով հայտարարել է, թե Ռուբեն Գեւորգյանը իրենց ցուցակում չի լինի: Ընդ որում, Ռուբեն Գեւորգյանը, ով 10 տարի եղել է ԲՀԿ անդամ եւ մշտապես հայտարարել, թե ՀՀԿ գաղափարախոսությունն իր համար հոգեհարազատ է, դուրս էր եկել այդ կուսակցությունից 2017 թվականից, երբ ԲՀԿ-ն որոշել էր դաշինքով մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Եվ սա այն դեպքում, երբ Ռուբեն Գեւորգյանը ժամանակին հայտարարում էր. «ԲՀԿ-ից դուրս չեմ գա, քանի որ կյանքումս ինձ հանդիպած անգամ կործանվող վագոններից վերջինն իջնողի արտոնագիրը իմն է միշտ եղել եւ այդպես էլ կլինի»: Սակայն Գեւորգյանը չպահեց խոստումը, բայց մեկ տարի անց վերադարձավ Ծառուկյանի գիրկը: Հետաքրքիր է` ի վերջո քանի իրական կերպարով է քաղաքականության մեջ հանդես գալիս Ռուբեն Գեւորգյանը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փաստաբան Վահե Գրիգորյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցեց Մարտի 1-ին տեղի ունեցած 10 սպանությունների մասին: Հիշեցնենք՝ Գրիգորյանը տուժողների իրավահաջորդների ՄԻԵԴ ներկայացուցիչն է: Մեր հարցին՝ Դուք մարտիմեկյան սպանդի գործով սպանվածների իրավահաջորդների ՄԻԵԴ-ի ներկայացուցիչն եք, ի վերջո սպանվածների մասով կա՞ն կոնկրետ ապացույցներ` ով, որտեղ, ինչ հանգամանքներում եւ ում կողմից է սպանվել, քանի որ մինչ օրս որեւէ ապացույց չի ներկայացվել եւ առհասարակ որեւէ գործ դատարան անգամ չի գնացել վերջին 5 ամիսների ընթացում: «Դրան վերաբերող փաստական տվյալներ նախաքննության մարմնի կողմից ձեռք են բերվել: Ես ինքս ծանոթ չեմ, եթե ծանոթանամ, նոր կկարողանամ կարծիք հայտնել այդ մասին»: Խոսքը ոստիկանության զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի գործի մասին է: Այսպիսով, մնացած 9 զոհերի մասով դեռեւս որեւէ նորություն չկա»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի իրադարձություններին մասնակցություն ունենալու մասով հարցաքննվել է նաև Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Ղահրամանյանը ևս մարդկանց է հավաքագրել և ուղարկել Երևան, ովքեր մասնակցել են խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունների գործադրմանը: Հենց դրանով էր պայմանավորված, որ 10 տարի շարունակ գեներալ-նահանգապետը վայելում էր իր իսկ ձևավորած իշխանության բարիքները՝ անարգել թալանելով ու կողոպտելով մի ամբողջ մարզ»:


««Ժողովուրդ» թերթը զրուցել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ՝ նրանից հետաքրքրվելով, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո Հայաստանում արտաքին քաղաքականություն է փոխվել: «Այո, ես հանդիպել եմ նրան: Չեմ կարող ասել, որ հաճախ, սակայն ոչ մեկ անգամ, եւ ուրախ եմ, որ այդպիսի հնարավորություն ունեմ,- պատասխանեց դեսպանը՝ հավելելով,- Ես կարող եմ ասել, որ նա բավականին լավ հարաբերություններ է հաստատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Դուք գիտեք, որ նրանք արդեն մի քանի անգամ հանդիպել են, եւ ես կարծում եմ, որ դա շատ կարեւոր է եւ վկայում է այն մասին, որ մեր հարաբերությունները շարունակում են զարգանալ»: Ճշտող հարցին` այսինքն` Դուք կարծում եք, որ երկու երկրների հարաբերություններից զատ նաեւ երկու երկրների ղեկավարների՞ մոտ կան հարաբերություններ, դեսպանը պատասխանեց. «Ես փաստում եմ, որ իսկապես նրանց միջեւ երկխոսությունը հաստատված է, եւ դա շատ կարեւոր է»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Ազատ Գևորգյանի եկամուտների հանրագումարը 2017թ. կազմել է 5 350 961 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017թ. տարեկան հայտարարագրից, որը ներկայացրել է այս տարվա մարտին: Ըստ ներկայացված փաստաթղթի՝ Ա. Գևորգյանը անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել: Նրա դրամական միջոցները 2017թ. սկզբին կազմել են 23 մլն ՀՀ դրամ, 20 000 ԱՄՆ դոլար և 7000 եվրո: 2017թ. վերջում նշված դրամական միջոցների չափը նույնն է մնացել՝ ո՛չ նվազել է, ո՛չ ավելացել: Իսկ 5 350 961 ՀՀ դրամ եկամուտը գոյացել է աշխատավարձից: Նշենք, որ ըստ ավելի վաղ ներկայացրած հայտարարագրի, Ազատ Գևորգյանը պաշտոնը ստանձնելու ժամանակ ունեցել է նաև բնակարան: Պաշտոնը ստանձնել է 2017թ. հուլիսի 1–ին: Ի տարբերություն տարեկան հայտարարագրում նշված դրամական միջոցների, պաշտոնը ստանձնելու հայտարարագրում դրամական միջոցներն ավելի քիչ են եղել: Պաշտոնը ստանձնելու ժամանակ դրամական միջոցները կազմել են 22 մլն ՀՀ դրամ, 18 000 ԱՄՆ դոլար և 7000 եվրո:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկվանից Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարչական շրջանների ղեկավարներ է նշանակում։ Նախօրեին նշանակվել են Կենտրոնի, Էրեբունու եւ Նուբարաշենի ղեկավարները։ Կենտրոնում՝ Վիկտոր Մնացականյանը՝ գորգերի թանգարանի հիմնադիրը, նախկին սոցապնախարար Մխիթար Մնացականյանի եղբորորդին։ Նրա հորն է պատկանում «Երեւանյան գիշերներ» ռեստորանը։ Էրեբունու ղեկավար է նշանակվել Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի որդին։ Ինքը՝ Սուրեն Աբրահամյանը, իսկական թատրոն խաղաց․ երբ նշանակման հրամանն արձակվելուց հետո՝ մինչ հրապարակվելը, զանգահարեցինք նրան՝ ճշտելու, ձեւացրեց, թե անտեղյակ է, եւ անգամ «մաղարիչ» խոստացավ, «եթե դա ճիշտ է»։ Նրա որդին՝ Արման Աբրահամյանը, երկար տարիներ աշխատել է Անվտանգության ծառայությունում, նախկին իշխանությունների օրոք՝ 2008-ի մարտի 1-ից հետո ազատվել է աշխատանքից, ապա 2018-ի ապրիլյան հեղափոխությունից հետո վերականգնվել, իսկ հիմա՝ 4 ամիս անց էլ, նոր թռիչք կատարեց՝ նշանակվելով Էրեբունի վարչական շրջանի ղեկավար։ Նուբարաշենի ղեկավար է նշանակվել Թելման Թադեւոսյանը։ Այսօր-վաղը կլինեն Մալաթիա-Սեբաստիա եւ Արաբկիր վարչական շրջանների ղեկավարների հրամանները։ Երեկ փոխքաղաքապետն ասել էր, որ 5 ղեկավար է փոխվելու։ Ըստ լուրերի՝ Մալաթիայում կնշանակվի Դավիթ Կարապետյանը, իսկ Արաբկիրում՝ 42-ամյա Արշակ Օրդուխանյանը՝ «Քաղպայմանագրի» Արաբկիրի կառույցի ղեկավարը, ով կազմակերպել է քաղաքապետի ընտրությունները։ Նրա մասին շատ սուղ տեղեկատվություն կա․ երկար ժամանակ ապրել է արտերկրում՝ Իսպանիայում եւ Հունաստանում, Իսպանիայում ինչ-որ մութ քրեական պատմությունների մեջ է ներգրավված եղել։ 2014 թվականին նրան մեծ տարածք են տրամադրել՝ 5 հազար քմ-ից ավելի՝ Երեւանյան լճի մերձակայքում հանգստյան գոտի կառուցելու համար։ Սակայն, ըստ ամենայնի, պրոյեկտը գլուխ չի եկել։

Համաներման նածագիծը ԱԺ-ում է. պատժից կազատվեն նաև «Սասնա ծռեր»-ի անդամները
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար