Մամուլ. Ամեն ինչ կախված է Արմեն Սարգսյանից. այս անգա՞մ էլ Փաշինյանի թելադրանքով կգործի

471

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր լրանում է հոկտեմբերի 2-ին ԱԺ երեք ուժերի «դավադրությամբ» «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագծի ընդունման 21-րդ օրը։ Հիշեցնենք, որ խոսքը նիստը կայացած-չկայացած համարվելուն է վերաբերում, այսինքն՝ ժողովրդի պարտադրանքով տապալված նիստերը չկայացած համարելուն, ինչը հնարավորություն կտար պատգամավորներին չքվեարկել իշխանության կամքով։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր կա՛մ պետք է ստորագրի ԱԺ ընդունած օրենքը, կա՛մ դրա սահմանադրականությունը վիճարկի ՍԴ-ում։ Իսկ եթե ո՛չ մեկն անի, ո՛չ մյուսը, օրենքն իրավունքի ուժով կյանքի կկոչվի։ Թե որ ճանապարհը կընտրի Արմեն Սարգսյանը, երեկ մեզ չհաջողվեց պարզել․ նրա մամուլի պատասխանատուն անհասանելի էր, իսկ պաշտոնական տեղեկատվություն չեղավ։ Սակայն, դատելով Արմեն Սարգսյանի վերջին շրջանի պահվածքից, կարելի է պնդել, որ նա կգործի ըստ վարչապետի թելադրանքի։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 11-ին հանրայնացված ՀՔԾ պետի եւ ԱԱԾ տնօրենի գաղտնալսման մեջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այսպիսի միտք է հայտնել. «Բա Սեյրանին էլ ենք բերելու, որովհետեւ Սեյրանը մի հատ ուրիշ այլանդակություն ա արել, Սեյրանի մեղքը գիտե՞ս ինչքան հիմնավոր ա, ինքն էդ օրը` գիշերը, որ հելնում, ասում ա` մենք` զորքը, եթե դուք քաղաքացիներով հավաքվեք, էնտեղ բան անեք, զորքն ադեկվատ պատասխան կտա, շատ կոշտ… այսինքն` ինքը սպառնում ա ժողովրդին, ընգեր…»: Այս խոսքերի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը պարզաբանում խնդրեց նախկին ՊՆ Սեյրան Օհանյանից: «Ուրեմն Զինված ուժերը այդ գործընթացում ներգրավված են եղել արտակարգ դրության որոշում ընդունելուց հետո եւ գործել են բոլոր իրավական նորմերին համաձայն, պահպանել են մեր երկրի հույժ կարեւոր օբյեկտները…»: Այսինքն` Ձեր մյուս գործընկերների նման փախուստի ճանապարհը չե՞ք բռնի. «Ժողովուրդ»-ի այս ճշտող հարցին Օհանյանն արձագանքեց. «Ես փախուստի երբեւիցե չեմ դիմել, կյանքում չեմ էլ մտածի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները խորասուզված աշխատում են ոչ միայն իրենց համամասնական ցուցակի եւ ապագա ԱԺ կոնֆիգուրացիաների վրա, այլեւ նախապատրաստում են ապագա կառավարության կառուցվածքային փոփոխությունները։ Ըստ կառավարության մեր աղբյուրների՝ որոշել են կրճատել նախարարությունների թիվը, ինչը մտմտում էր դեռ նախորդ իշխանությունը, օպտիմիզացնել այն գերատեսչությունները, որոնց գործառույթները կրկնվում են կամ շատ մոտ են միմյանց։ Խոսքը է գնում սոցապ եւ առողջապահության նախարարությունների, սպորտի-երիտասարդության եւ մշակույթի նախարարությունների միավորման, սփյուռքի նախարարությունն ԱԳՆ-ի «մասնաճյուղ» դարձնելու մասին։ Լուրջ քննարկման թեմա են նաեւ նախարարների թեկնածությունները։ Տեղաշարժեր են լինելու նաեւ ուժային բլոկներում։ Խոսվում է 18-ից ընդհուպ մինչեւ 8 կամ 10 նախարարություն թողնելու մասին»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն մտադիր է սուպերհեղափոխական ցուցակ ներկայացնել։ Երկու օր առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իրենց ցուցակում մեծ փոփոխություններ են լինելու։ Տեղեկություններ կան, որ հնարավոր է նույնիսկ ԲՀԿ-ի ծանր հրետանին՝ Նաիրա Զոհրաբյանը եւ Միքայել Մելքումյանը, չընդգրկվեն ցուցակում, եւ այն ձեւավորված լինի հնարավորինս կառավարելի, քաղաքական ինտրիգներում չթրծված երիտասարդներից։ «Ես որեւէ տեղեկություն չունեմ, ես որեւէ քննարկման ծանոթ չեմ»,- ցուցակում չընդգրկվելու մասին մեր հարցին պատասխանեց Զոհրաբյանը։ Ըստ որոշ լուրերի, ԲՀԿ ցուցակի կազմման հարցում կարեւոր դերակատարում ունի Խաչատուր Սուքիասյանը։ Ի դեպ, հնարավոր է, որ ցուցակում չլինի նաեւ Գագիկ Ծառուկյանի անունը։


«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 20-ին, կայացել է Խաչատուր Սուքիասյանի որդու և Գագիկ Ծառուկյանի դստեր նշանադրությունը: Ալբերտ Սուքիասյանն ու Անահիտ Ծառուկյանն արդեն մի քանի տարի ընկերություն էին անում, և այս բարեկամությունը վաղուց էր պլանավորված, հիմա, փաստորեն, հասավ տրամաբանական վախճանին: Իսկ երիտասարդների ծնողները վաղուց էին մտերմացել և դեմ չէին այդ մտերմությունը նաև բարեկամական կապով ամրապնդելուն: Նշանադրությունը կայացել է նեղ, ընտանեկան միջավայրում, լուսանկարներ արարողությունից առայժմ համացանցում չեն հայտնվել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ընտրական օրենսգրքի քվեարկությունը «Ծառուկյան» դաշինքից բոյկոտեցին Նապոլեոն Ազիզյանը և Վարդան Ղուկասյանը: Նրանք առավոտյան ներկա էին եղել ԱԺ նիստին, գրանցվել էին, սակայն քվեարկության ժամանակ բացակայում էին նիստերի դահլիճից: Նրանց խորհրդարան վերադարձնելու փորձերը այդպես էլ արդյունք չտվեցին, ինչից կարելի է եզրակացնել, որ միացել էին ՀՀԿ-ականների՝ ԱԺ նիստը բոյկոտելու և օրենքը չանցկացնելու որոշմանը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի օֆշորային սկանդալի հետ կապված գործերը այնքան են վատացել, որ նա իր ընտանիքի անդամներին Հայաստանից հանել է։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդեն Դուբայում են հանգրվանել Գևորգյանի ծնողները: Ինչպես հայտնի է, Արմեն Գևորգյանը կարող է մեղադրվել հարկերը թաքցնելու և ապօրինի հարստացման հոդվածներով: Հայաստանում գտնվող, նրան և իր բիզնես գործընկերներին պատկանող ընկերությունները գրանցված են եղել օֆշորային գոտիներում, ինչը հնարավորություն է տվել այստեղ աշխատած գումարները փոխանցել օֆշորային հաշիվներին, չվճարել հարկեր՝ այդ ճանապարհով Հայաստանի բյուջեին հասցնելով բազմամիլիարդանոց վնասներ»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Արցախի պաշտպանության երբեմնի նախարար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ իշխանական սելեկտիվ արդարադատությունը չի գործել նաեւ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ քրոջորդու անդուլ ջանքերի շնորհիվ, որը փորձել է «մաքրել» քեռուն բոլոր կարգի «մեղադրանքներից»։ Հիշենք՝ Արցախի ՊՆ նախկին փոխնախարար Օգանովսկին մարտի 1-ի գործով կանչվել էր հարցաքննության եւ հարց էր տվել քննիչին, թե ինչու են իրեն կանչել հարցաքննության եւ ոչ պաշտպանության նախարար Մ. Հակոբյանին, որի հրամանի ներքո գործել է ինքը։ Մ. Հակոբյանը պաշտոնավարման օրերին «մեղադրվում» էր նաեւ լրջագույն բիզնես-հետաքրքրություններ ունենալու մեջ. ըստ մամուլի՝ «ՊՆ-ի գնումների մեծ մասը կատարում են 3-4 ընկերություններ, որոնք բոլորն էլ պատկանում են ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին»։ Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ հենց Մ. Հակոբյանն էր ժամանակին արտահոսքեր կազմակերպում մամուլում՝ պաշտպանության այն օրերի նախարար Վիգեն Սարգսյանի մասին։ Ասում են նաեւ, թե այսօր ռազմական տեսուչի ապահով պաշտոնում հանգրվանած զինվորականը ժամանակին իր քրոջորդուն՝ այսօրվա ԱԱԽ քարտուղարին, շատ ապահով պահել-պահպանել է Արցախի «զբոռնի պունկտում» (այնտեղ է անցել հայաստանյան անվտանգության ապագա սյուներից մեկի զինվորական ծառայությունը)»:


 


 


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի արձակումը օդիոզ ու ապահովված պատգամավորների, օլիգարխների համար եւս մեկ դարդ է առաջացրել․ այս օրերին նրանց մեծ մասը մտածում է՝ «իմա՛ստը», թե ինչու վերցրին ու այդքան շքեղ «ռեմոնտ» արեցին» իրենց սենյակները, կահավորեցին ընդամենը մեկ տարվա համար։ «Դե, կահույքը՝ հասկացանք, հետներս կտանենք, բա էդ մեր սարքած սենյակները… իրենք, մատները մատին չխփած, գալու-նստելու-վայելելու են»,- ասաց մեզ հետ զրուցող նախկին ՀՀԿ-ականը։ Ամենաշքեղ վերանորոգված սենյակն ո՞ւմն է։ «Քեթրինի Միհրանինը․ վարագույրներ է կախել, պատուհանները փոխել՝ թիվ մեկ բորտ սիրող ջահելներին շատ դուր կգա»։ Հաջորդ «կոմֆորտ» սենյակն Արայիկ Գրիգորյանինն է։ Մանվել Գրիգորյանի «երկսենյականոցն» ամենամեծն է։ Վերջերս իր սենյակները վերանորոգել էր նաեւ գեներալ Սեյրանը, կահույք գնել, սակայն այստեղ էլ փակել դռները՝ գնացել է։ «Կահույքը տարհանողներ կգտնվեն»,- ժպիտով ասաց մեր զրուցակիցը՝ մատնացույց անելով ԱԺ-ում այս պահին ընթացող հիմնարար վերանորոգման աշխատանքները։ «Սահմանադրությունը կարեցինք-ձեւեցինք, տվեցինք՝ հագան, պառլամենտը նորոգում ենք, տանք՝ հագնեն, իշխանությունն ու պառլամենտը խաղաղ փոխանցեցինք, ստեղծել ենք ստեղծագործելու բոլոր պայմանները, թող գան՝ «ստեղծագործեն», երկիրը զարգացնեն»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակում գտնվող Հայաստանում բանակից խուսափելը, թերեւս, ամենապարսավելի արարքներից է: Տարիներ շարունակ խոսվում է այն մասին, որ բանակում չծառայած տղաները պետք է պետական համակարգում աշխատելու հնարավորությունից ուղղակի զրկված լինեն: Բայց կյանքը ցույց է տվել, որ կոնկրետ երաշխավորությամբ որեւէ պաշտոնի նշանակված պաշտոնյաները, նրանց որդիները եւ իշխանությանը մոտ կանգնած մարդիկ, ընդ որում, կապ չունի, թե որ իշխանության, խախտում են այդ սկզբունքը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բանակում չի ծառայել նաեւ Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի որդին՝ Աշոտ Աբովյանը: Նա այսօր էլ աշխատում է մաքսային ծառայությունում: Հիշեցնենք, որ հայրը՝ Հովիկ Աբովյանը, 2007-2009 թթ. ՀՀ ԿԱ ՊԵԿ Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսակետի պետն է եղել, 2009-2014 թթ.` Գուգարքի մաքսատան պետը, որդուն էլ իր մոտ «գործի է տեղավորել»: Թե էլ ինչեր է արել, գուցե ժամանակի ընթացքում պարզվի»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր երեկոյան լրանում է խորհրդարանական ուժերի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու ժամկետը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ԱԺ քարտուղարությունից տեղեկացավ, որ մինչեւ այս պահը որեւէ թեկնածու չի առաջադրվել: Սակայն մինչ այժմ շարունակում են վեճերը, եւ գլխավոր հարցը մնում է նույնը` արդյոք ըստ Սահմանադրության պե՞տք է վարչապետի թեկնածու առաջադրել, թե՞ ոչ: Մասնավորապես, Սահմանադրության համաձայն՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու դեպքերում յոթնօրյա ժամկետում Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, եւ եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եվ այս առումով սահմանադրագետները վեճի մեջ են. ինչպես նշվում է Սահմանադրության մեջ, անհրաժեշտ է քվեարկություն, եւ հենց այստեղ է նրբությունը, պե՞տք է արդյոք թեկնածու լինի, որ քվեարկություն լինի, թե՞ ոչ: Մասնագիտական կարծիք կա, որ անկախ քվեարկություն լինել, չլինելուց, 14 օր անց խորհրդարանը պետք է լուծարվի: Նշենք, որ «Ելք» խմբակցությունում նույնպես դեռ չգիտեն՝ ի վերջո վարչապետի թեկնածու առաջադրելո՞ւ են, թե՞ ոչ: «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը երեկ, մեր հարցին ի պատասխան, նշեց, թե որոշում կայացնելու համար մինչեւ այսօր դեռ ժամանակ ունեն: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջիններս վախենում են հնարավոր դավադրություններից` անհանգստանալով, թե միգուցե Փաշինյանն առաջադրվի՝ չընտրվելու ծրագրով, հանկարծ ՀՀԿ-ականները «Դաշնակցության» հետ նրան կրկին վարչապետ ընտրեն, եւ դեկտեմբերյան արտահերթը էլի լուծարվի:


«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին շրջանում կադրային քաղաքականությունը դարձել է այն եզակի ուղղություններից մեկը, որտեղ առկա է քննադատություն նոր իշխանությունների հասցեին: Վերջերս հրապարակված մի սոցհարցման տվյալներով էլ հենց կադրային քաղաքականությունն ու առանձին նշանակումներն էին ամենաշատը մտահոգում քաղաքացիներին, չնայած վերջիններս ակնհայտորեն շարունակում են անվերապահ վստահել անձամբ Փաշինյանին: Մեծ հաշվով, սակայն, խնդրահարույց է ոչ թե այս կամ այն նշանակումը, այլ այդ նշանակումների բացատրությունը: Խոսքը ոչ թե ստերիլ բացատրությունների մասին է, այլ խորքային հաշվետվության, հաշվետվություն, որ պետք է հստակ սահմանի ոչ թե նշանակման բարոյական ֆոնը, այլ պրակտիկ նշանակությունը և պատասխանի կոնկրետ հարցերի՝ ի՞նչ խնդիր է դրվել կոնկրետ պաշտոնյայի առաջ, ինչպիսի՞ն ենք մենք պատկերացնում տվ յալ ոլորտն ու տվյալ պաշտոնից բխող գործողությունները, ի՞նչպիսի միջնաժամկետ ու երկարաժամկետ արդյունքներ ենք ակնկալում: Հասկանալի է, որ իշխանությունն ու անձամբ Փաշինյանն ունեն ահռելի վարկանիշ, և այդ վարկանիշն օգնում է նրանց համոզիչ թվալ ցանկացած նշանակման ու դրա հիմնավորման դեպքում: Բայց պետք է հասկանալ, որ նախ՝ վարկանիշն անսպառ ռեսուրս չէ, այն բավական տատանվող դինամիկա ունի: Երկրորդ՝ հեղափոխությունը սահմանել է քաղաքական հաղորդակցության բոլորովին այլ, որակապես ուրիշ չափանիշներ, ինչը ենթադրում է հասարակության, հատկապես դրա ակտիվ ու մտահոգ հատվածի հետ ազնիվ, բաց և անկեղծ երկխոսություն: Երրորդ՝ հաճախ հնչում են հիմնավորումներ, թե այս կամ այն պաշտոնի նշանակված մարդը խիստ բարոյական է, մտավորական է, որևէ սկանդալի կամ կոռուպցիոն գործարքի մեջ ներքաշված չի եղել: Հիանալի է, իհարկե, որ պաշտոնյաներն ունեն կամ ունենան անբիծ կենսագրություն, բայց հարց է, թե որքանով է դա բավարար նրանց մասնագիտական գործունեության համար:


Որպեսզի այս բոլոր հարցերը չտրվեն պոստֆակտում, այն ժամանակ, երբ ռուբիկոնն անցած կլինի, այդ հարցերը պետք է տալ ու դրանց պատասխանել հիմա: Եվ այդ գործով պետք է զբաղվի երկրի քաղաքական ղեկավարությունը, որովհետև, ուզած, թե չուզած, որևէ՝ վատ կամ լավ նշանակովի պաշտոնյայից հասարակությունը «հարցում» չի անելու, այդ հարցումն արվելու է բարձրագույն ղեկավարությունից:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 21-ին Տավուշի մարզի Լուսահովիտ համայնքում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ: Ի սկզբանե 3 անկուսակցական թեկնածուներ էին՝ Հունան Անանյանը, Լիպարիտ Թիրաբյանը, Գրիգոր Սարհատյանը: Սեպտեմբերի 27-ին Հ. Անանյանն ինքնաբացարկ հայտնեց: Ընտրացուցակում ներառված 264 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 175-ը: 4 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, Սարհատյանը ստացել է 97, իսկ Թիրաբյանը՝ 74 քվե: Նշենք, որ Սարհատյանը Լուսահովտի նախկին գյուղապետ, հանգուցյալ Վոլոդյա Սարհատյանի որդին է: Բայց ուշագրավն այն է, որ նորընտիր համայնքապետը 2 տարի առաջ դատապարտվել է անասնագողության համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 1984թ. ծնված, ութամյա կրթությամբ Գ. Սարհատյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղի «Կարմրուտ» հանդամասից գաղտնի հափշտակել է Խաշթառակ գյուղի բնակիչ Գրետա Թիրաբյանի ընտանիքին պատկանող, 1 միլիոն 500 հազար դրամ ընդհանուր արժեքով 7 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ