Ադրբեջանին վստահել չարժե, բայց փորձել բանակցել անհրաժեշտ է. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանին վստահել չարժե, բայց միանշանակ է, որ պետք է խոսել, փորձել բանակցել և իրավիճակը ռազմականից բանակցություններ տեղափոխելու փորձեր անել: Այս մասին VERELQ-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

-Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարեց, որ շփման գծում աննախադեպ հանգիստ իրավիճակ է սահմանվել: Համաձա՞յն եք, որ դա իր ու Իլհամ Ալիևի պայմանավորվածության արդյունքն է:

-Մի փոքր բարդ է միանշանակ պատասխան տալ. եթե կան խորքային գործընթացներ և դա շոշափվել է նաև Փաշինյան-Ալիև կարճատև զրույցի ընթացքում, կարող է լինել որպես այդ պայմանավորվածության արդյունք: Մյուս կողմից, «աննախադեպ հանգիստ» ասվածը տարբեր ուղղություններից կարելի է դիտարկել: Մի կողմից, չկան դիվերսիաներ, դիպուկահարաների ակտիվություն, զոհեր ու վիրավորներ, մյուս կողմից՝ կա Ադրբեջանի կողմից ինժեներական ակտիվ աշխատանքներ: Լրիվ երրորդ դիտանկյունից` սա կարճ ժամանակահատված է ճշգրիտ գնահատականներ հնչեցնելու համար: Մի փոքր սպասենք:

-Ինչո՞վ կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև արդեն իսկ ստեղծված օպերատիվ կապը, որի մասին հայտարարեց Փաշինյանը և արդյոք Ադրբեջանի հետ պայմանավորվածություններին արժե վստահել:

-Այս հարցը ևս մի քանի մակարդակ ունի: Արժե՞ վստահել Ադրբեջանին՝ միանշանակ ոչ, արժե՞ խոսել, փորձել բանակցել, իրավիճակը ռազմականից բանակցություններ տեղափոխելու փորձեր անել՝ այո: Եվ ուրեմն, պետք է փորձել, ճիշտ է՝ նուրբ գործընթացներ են, բայց պետք է լավ աշխատել, միգուցե հնարավոր լինի Ադրբեջանին մի փոքր այլ դաշտ տեղափոխել:

-Ինչպե՞ս են գնահատել Ռիչարդ Միլսի հայտարարությունը Արցախում և ինչ նպատակ էր այն իրականում հետապնդում:

-Շատ վատ: Կարծում եմ՝ երկար-բարակ խոսելու, մեկնաբանելու կարիք էլ չկա, ամեն ինչ կարծես ասվեց:

- Այդուհանդերձ, ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր է: Այդ հայտարարությունը կարո՞ղ է այդ հարթակում երկրի կուրսի փոփոխության մասին խոսել:

-Չեմ կարծում, թե այս հարցում ԱՄՆ-ն կտրուկ փոփոխություններ է արել իր քաղաքականության մեջ:

-Պարոն Աբրահամյան, ի՞նչ պետք է ակնկալել առաջիկայում, երբ ողջ ուշադրությունը սևեռվելու է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սպասելի՞ են սադրանքներ շփմանգծում:

- Հայաստանի համար պատասխանատու, միաժամանակ շատ նուրբ ժամանակաշրջան է: Զինված ուժերը՝ անկախ Հայաստանում կամ Արցախում առկա իրավիճակից, գործում են և գործելու են վստահ՝ կանխելու հնարավոր բոլոր ռիսկերը, որոնք կարող են մեր անվտանգության համար խնդիրներ առաջացնել:


Հիշեցնենք, EVN Report-ին տված հարցազրույցում Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել էր, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»»:


Լիա Խոջոյան


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ