ԼՂ հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»

172

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»: Այս մասին EVN Report-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:


Նրա խոսքով, Հայաստանի ժողովուրդը պետք է որոշումներ կայացնի այն մասին, թե ինչն ընդունելի իր համար: «Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին»,- ասել է նա:


Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչեւ Ադրբեջանը պատրաստ չլինի փոխզիջումային տարբերակով ԼՂ հիմնախնդիր կարգավորմանը, Հայաստանում անիմաստ է ծավալել նման քննարկումներ:


«Եթե խոսքը Մադրիդյան սկզբունքների մասին է, ապա դրա հիմքում դրված է երեք հիմնարար սկզբունք` ուժի և ուժի սպառնալիքի բացառում, ազգերի ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Այսինքն, որևէ կարգավորում պետք է հիմնված լինի այս երեք սկզբունքների վրա: Հիմա Ադրբեջանն այս երեք սկզբունքներից երկուսն ակնհայտ արհամարհում է, անընդհատ հանդես է գալիս ուժի կիրառման սպառնալիքով, հստակ ասում է, որ իրենք երբեք չեն ճանաչելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այս պայմաններում խոսել փոխզիջման մասին, ավելորդ է, որովհետև Ադրբեջանը որևէ զիջման պատրաստ չէ գնալ»,- ընդգծեց Փաշինյանը:


Միլսը նշել է, որ այն ինչ ինքն է ասում փոքր-ինչ անհանգստացնող է, քանի որ թվում է, որ մենք հետքայլ ենք կատարել:


«Երբ նոր էի Հայաստան ժամանել, հայտնաբերեցի, որ իմ հանդիպած հայերի մեծ մասը միանշանակ դեմ էին գրավյալ տարածքների վերադարձին՝ բանակցային կարգավորման շրջանակում: Իմ կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին՝ հետագայում «հող՝ խաղաղության դիմաց» բանաձեւում օգտագործվելու համար: Իսկապես շատ զարմացած էի հայտնաբերել, որ այդ տարբերակն այլեւս որեւէ աջակցություն չունի»,- ասել է Ռիչարդ Միլսը:


Նա նշել է, որ հասկանում է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմն էլ ավելի է սրել հայերի ընկալումները: «Սակայն դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ»,- ասել է ԱՄՆ դեսպանը:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ