Մամուլ. Հերթը հասավ Արմեն Գևորգյանի՞ն. ո՞ր քրեական գործով և ինչու է նրա անունը շոշափվում

932

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 9-ին ՀՔԾ միջնորդության հիման վրա դատարանը կալանավորեց գործարար Սամվել Մայրապետյանին. նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու հատկանիշներով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս քրեական գործով շրջանառվում է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին օգնական Արմեն Գեւորգյանի անունը: Իրավապահ մարմինները քննում են մի վարկած, ըստ որի` գործարար Սիլվա Համբարձումյանը գումար պետք է փոխանցեր Սամվել Մայրապետյանին, իսկ Մայրապետյանը այդ գումարը պետք է փոխանցեր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգնական Արմեն Գեւորգյանին, որն էլ, ենթադրվում էր, թե այն պետք է տար Ռոբերտ Քոչարյանին: Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում որեւէ մանրամասն չհայտնեց. «Չեմ կարող բացահայտել նախաքննության որեւէ տեղեկություն, այդ թվում նաեւ անունների հետ կապված, քանի որ դա օրենքի պահանջն է»,- նշեց նա»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո Հայաստանի ուժային կառույցներն անցնելու են ուժեղացված ռեժիմով ծառայության: Դեռևս վտանգ կա, որ նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ, օգտագործելով բանակում ու ուժային կառույցների միջին օղակներում ունեցած իրենց ազդեցությունը և կոռուպցիայի դեմ պայքարի հարցում առաջացած դժգոհությունը, կարող են ըմբոստության ալիք բարձրացնել: Չնայած այս սցենարը քիչ հավանական է հաջողության որևէ շանս չունենալու պատճառով, սակայն իշխանությունները հասկանում են, որ ավելորդ զգոնությունը չի խանգարի»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի անվերապահ աջակցությունը Նիկոլ Փաշինյանին շատ ՀՀԿ-ականների շոկի մեջ է գցել: Շատերից կարելի էր սպասել նման կտրուկ ճամբարափոխություն, սակայն ոչ իրեն խիստ սկզբունքային դիրքավորած Կոստանյանից: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում Կոստանյանը մեկնելու է արտերկիր մասնավոր ընկերությունում բարձր վարձատրվող աշխատանքի։ Այդ է պատճառը, որ չունենալով որևէ իշխանական աշխատանքի ակնկալիք Հայաստանում, Կոստանյանի հասցրած անդառնալի հարվածը Հանրապետական կուսակցությանը որևէ բացատրություն չի գտնում իր ընկերների շրջանում»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 21-ին Հայաստանի մի շարք մարզերում սպասվում են ՏԻՄ ընտրություններ։ Այս ՏԻՄ ընտրություններն առանձնանում են նրանով, որ ՀՀԿ-ական թեկնածու գրեթե չկա։ Բացառություն է Արմավիրի մարզի Ծաղկունք համայնքը, որտեղ ինքնաառաջադրվել է գործող ՀՀԿ-ական համայնքապետ Դավիթ Կարապետյանը։ Մնացած համայնքներում առաջադրված թեկնածուների հիմնական մասը անկուսակցական են, այնուհետև գերակշռում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները։ Երկու համայնքում առաջադրված թեկնածուները ԲՀԿ-ական են։ Երկու համայնքում էլ՝ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն և Շիրակի մարզի Հովտաշեն համայնքներում ՀՅԴ-ն է թեկնածու առաջադրել։ Մեկ թեկնածու էլ՝ Սերգեյ Սարգսյանը, Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։ Ուշագրավ է, որ առաջադրված անկուսակցական թեկնածուների մեծ մասը նույն համայնքի ղեկավարներն են, ովքեր նախկին բոլոր ՏԻՄ ընտրություններին առաջադրվում էին ՀՀԿ-ից։ Ամենամրցակցային ընտրություններն են թերևս սպասվում Էջմիածին քաղաքում, որտեղ առաջադրվել է 14 թեկնածու։ Նրանցից երկուսը հետ են վերցրել փաստաթղթերը։ Թեկնածուներից տասը անկուսակցական են։ Մեկը՝ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ՔՊ-ից է, իսկ Սերգեյ Սարգսյանը՝ ԼՀԿ-ից»։


«Հրապարակ» թերթը գրում է. ««Դվին» հյուրանոցի շինարարությունը լայն թափով շարունակվում է։ Հյուրանոցը մասնավորեցման ցանկում հայտնված՝ պետական գույք հանդիսացող 47 անուն կազմակերպություններից է, որի վերաբերյալ նախագիծն այս տարի հունիսին ընդունվեց ԱԺ-ում։ Տարիներ շարունակ այն ո՛չ գործում էր, ո՛չ կառուցվում։ Հիմա նախատեսում են հյուրանոցը ռեբրենդինգի ենթարկել, անունը փոխել՝ «Դավիթ Բեկ»: Վերակառուցումից հետո այն կլինի Հայաստանում և տարածաշրջանում նմանը չունեցող լյուքս դասի հյուրանոց, որի տանիքին անգամ ուղղաթիռներ կկայանեն: Այս պահին որպես «Դվինի» սեփականատեր է հանդես գալիս Ղրիմում ՀՀ պատվավոր հյուպատոս, գործարար Արտակ Թովմասյանը․ նախկինում այլ անուններ էին շրջանառվում, մինչև անգամ Իոսիֆ Կոբզոնի անունը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ լրացավ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի ապօրինի գաղտնալսման փաստի առթիվ հարուցված քրեական գործի մեկ ամիսը: Սակայն ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, դեռեւս որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ: Ինչպես հայտնի է, այս գործով նախաքննական մարմինը խուզարկություն էր իրականացրել 6 տարբեր հասցեներում: Վերոնշյալ հասցեներից միայն հայտնի դարձավ Yerevan.today լրատվական կայքի գրասենյակը: Իսկ ահա մյուս 5 հասցեները տարբեր բնակարաններ են եղել, որոնցից մեկը, ըստ իրավապահ համակարգում տարածված լուրերի, եղել է ԱԱԾ-ականի բնակարան: ԱԱԾ-ականը ներկայի՞ս աշխատող է, թե՞ նախկին աշխատակից, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Մեկ փաստ էլ. հարցաքննվել են ե՛ւ ԱԱԾ պետ Վանեցյանը, ե՛ւ ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարած դատավոր Վաչե Մարգարյանը, նրանք երկուսն էլ հերքել են իրար հետ հեռախոսազրույց ունենալու փաստը, նաեւ ստուգվել է նրանց հեռախոսների ելքային ու մուտքային զանգերն ու կրկին որեւէ համընկնում չի հայտնաբերվել»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ նախարարների թափուր պաշտոնների առաջնահերթ թեկնածուները փոխնախարարներն են։ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ավագ Ավանեսյանին՝ նախկին կառավարությունների անդամ Վահրամ Ավանեսյանի որդուն, հարցրինք՝ ինչպե՞ս եք զգում Ձեզ այս պաշտոնում։ «Նորմալ, քաղաքական հարցերի չեմ պատասխանում»։ Ձեզ համար անսպասելի՞ էր նախարարի հեռանալը։ «Ինձ թվում է՝ բոլորիս համար անսպասելի էր․ ես անկուսակցական եմ, այդ իսկ պատճառով քաղաքական մտքեր չեմ հայտնի»։ Ակնկալիքներ չունե՞ք նախարար դառնալու առումով։ «Ո՛չ»։ Բա եղա՞վ․ ի՜նչ զինվոր, որ չի ուզում գեներալ դառնալ, համ էլ կադրային խնդիրներ ունեն իրենք։ «Ովքե՞ր՝ իրենք»։ «Սպիտակները»՝ նոր իշխանությունները։ «Եկեք ձեւակերպենք այսպես՝ յուրաքանչյուր պաշտոն պետք է զբաղեցնի դրան համապատասխանող մարդը»։ Դուք համապատասխա՞ն չեք։ «Ես չգիտեմ։ Ես ունեմ կարողություններ, ուրիշներն էլ ունեն կարողություններ․ քաղաքական ուժն է որոշում, թե ով կլինի նախարար»։ Եթե դառնաք նախարար, Ամուլսարի խնդիրն ինչպե՞ս կլուծեք։ ««Եթե»-ներով չխոսենք, համ էլ Դուք մտնում եք քաղաքական դաշտ․ ես այդ դաշտում չկամ»։ Ի դեպ, նախարարության կայքում Ավագ Ավանեսյանը ոչ թե ԺՊ է, այլ՝ տեղակալ, նախարարի նկար չկա, սակայն դատարկ նկարի կողքին գրված է՝ պաշտոնն ստանձնել է 3 հոկտեմբերի 2018թ․։ Նույն վիճակն է նաեւ սպորտի եւ երիտասարդության նախարարության կայքում․ Գաբրիել Ղազարյանը դեռ տեղակալ է, բայց աննկար նախարարը «պաշտոնն ստանձնել է հոկտեմբերի 3-ին», չնայած հրամանագիրը 2 օր առաջ է արձակվել։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրը տեղի է ունեցել արդարադատության նախկին նախարար, Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանի դստեր եւ Քուվեյթում Հայաստանի նախկին դեսպան Մանվել Բադեյանի եղբորորդու հարսանիքը, որը նշվել է «Օջախ» ռեստորանում։ Փեսացուն, որ վերջերս է վերադարձել Չինաստանից, որտեղ կրթություն է ստացել, գործունեություն է ծավալում մասնավոր ոլորտում։ Հրավիրյալների շարքում են եղել նախկին պաշտոնյաներ, հոգեւորականներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ Հարսանիքը ծաղկեցրել են ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան աստղիկները։ Հարսի պարը երգչուհի Արփիի կատարմամբ «Մախմուր աղջիկ» երգի ներքո է եղել»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի անունը մի քանի օր է` չի իջնում ԱԱԾ հաղորդագրություններից: Ու ճակատագրի հեգնանքով Ավետիսյանը մի քանի օրում տուժողից հայտնվեց մեղադրյալի կարգավիճակում, իհարկե, տարբեր քրեական գործերով: Օրեր առաջ ԱԱԾ-ն հայտնեց, որ բացահայտվել է 2009թ. Արմեն Ավետիսյանի նկատմամբ մահափորձի պատվիրատուն, ըստ այդմ` մեղադրանք է առաջադրվել ու հետախուզում հայտարարվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի` Ալրաղացի Լյովիկի նկատմամբ: Իսկ երեկ պարզ դարձավ, որ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ։ Գործն առնչվում է «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցմանը: Լինելով բարձրաստիճան պաշտոնյա` Ավետիսյանն անձամբ ֆինանսավորել է հյուրանոցի շինարարությունը, սակայն ներկայացվել է, թե կառուցողը Կիպրոսի օֆշորային գոտում գրանցված «Ռիվերհիլ Հոլդինգս» ընկերությունն է, որ ներդրումներ է անում ՀՀ-ում: Ակնհայտ է, որ այս քրեական գործով սլաքներն ուղղվում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ. ԱԱԾ տեսանյութում հյուրանոցի բացման արարողության արխիվային կադրերն են, որտեղ Քոչարյանը խոսում էր օտարերկրյա ներդրումների մասին: Հատկանշական է նաեւ այն փաստը, որ Ավետիսյանը տեւական ժամանակ աշխատել է Սերժ Սարգսյանի ենթակայության ներքո: Երբ Սերժ Սարգսյանը ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարն էր, Արմեն Ավետիսյանը 1997-99թթ. աշխատել է որպես ՆԳՆ ԿՀԴՊ ԳՎ-ի` 6-րդ վարչության բաժնի պետ։ Արդեն 1999-2001թթ. աշխատել է ՀՀ ԱԱՄ վարչության պետ, այն ժամանակ Սարգսյանն ԱԱ նախարարն էր, հետո ՊՆախարարը: Սակայն 2001թ. էլ Ավետիսյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախագահ, եւ այդ պաշտոնից նրան հեռացրեց Սերժ Սարգսյանը նախագահ դառնալուց հետո։ Միայն թե Սարգսյանի նախագահության ժամանակ Ավետիսյանը շատ ակտիվորեն զբաղվել է բիզնեսով: Ընդ որում, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, հենց Սերժ Սարգսյանի հորդորով է նա արդեն Ծաղկաձորում կառուցել եւս մեկ «Գոլդեն Փելես» հյուրանոց ներդրումներ ցույց տալու համար»:

Տպել

Թեմայի այլ նորություններ