28.03.2024
Ճիշտ լուծում գտնելու համար. ՀՅԴ-ն հանդիպում է ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մամուլ. Թոշակ-աշխատավարձ չի բարձրանա` ընտրություններ են, բյուջեն էլ դեռ հեռու է երազածից

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հնարավո՞ր է պառլամենտի լուծարումը, նոր ընտրությունները պայմանավորված են նաեւ 2018-ի բյուջեի «խղճուկությամբ»․ այնտեղ արտահայտված չէ տնտեսական «թռիչքաձեւ զարգացման» բումը, ավելանալու է արտաքին պարտքը, ինչի դեմ ժամանակին խոսում էր ընդդիմադիր Փաշինյանը, փորձում եք խիստ սահուն թոշակ-աշխատավարձերի բարձրացման բացակայությունը քողարկել արտահերթ ընտրությունների հանգամանքո՞վ՝ հարցրինք ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։ «Ոչ, չենք փորձում։ Կարծում եմ նաեւ՝ «խղճուկ» բառն էլ տեղին չէ մեր բյուջեի համար օգտագործելը։ Ճիշտ է, մեր բերած բյուջեն դեռեւս հեռու է մեր երազանքների բյուջեն լինելուց, բայց նաեւ շատ հեռու է անցած տասնամյակների ներկայացրած բյուջեներից»։ Եթե մենք դեկտեմբերին գնում ենք ընտրությունների, ապա այն հսկա ծախս է եւ մեծ բեռ բյուջեի վրա․ որտե՞ղ է տրամաբանությունը՝ նոր բեռ վերցնելու։ Նկատենք, որ ընտրությունների գնալու մոտիվացիան Փաշինյանը բացատրում է այն հանգամանքով, որ տնտեսական վիճակը լավ չէ, ներդրումներ չկան։ «Նախ ասեմ, որ Ձեր պատկերացրածի չափ «հսկա» չէ ընտրությունների ծախսը, եւ ապա՝ պետք էլ չէ ընտրությունները կապել միայն ծախսի հետ, Դուք մի կողմ եք թողնում ամենակարեւորը՝ դրանց բովանդակությունը»։ Ո՞ր բովանդակությունը։ «Ժողովրդի, հասարակության պահանջը՝ ընտրություններ անցկացնելու․ այն պետք է դոմինանտ լինի մեր բոլոր գործողությունների նկատմամբ, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նեղ-անձնային շահերը ստորադասվեն գլխավոր պահանջներին»։ Այդ թվում եւ թոշակ-աշխատավարձերի բարձրացմա՞նը։ «Այդ թվում՝ եթե լուծվում են երկրի համար առավել գլոբալ խնդիրներ»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրը ԲՀԿ ակտիվը, պատգամավորները, Երեւանի տարածքային կառույցների ներկայացուցիչները, ընտրական հանձնաժողովների անդամները հավաքվել են «Փարավոնում»։ Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն է հայտնել թիմին լավ աշխատանքի համար, ապա Երեւանի ավագանու անդամների մանդատներն է հանձնել, սակայն ոչինչ չի ասել ապագա քայլերի մասին։ Այդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն արդյունք չի տվել, որոշել են հանդիպումը շարունակել հաջորդ օրը։ Երկուշաբթի օրը կողմերը համաձայնության եկան եւ հուշագիր ստորագրեցին, որով ամրագրեցին դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը, Ծառուկյանն էլ խոստացավ Փաշինյանի հրաժարականի դեպքում այլ թեկնածու չառաջադրել եւ այլ թեկնածուի չպաշտպանել։


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Բելառուսում գտնվող Գագիկ Ծառուկյանն ահավոր զայրացել է, երբ զանգահարել ու տեղյակ են պահել, որ փողոցում՝ հենց միտինգի ժամանակ, առանց իրեն տեղյակ պահելու, Նիկոլն աշխատանքից ազատել է ԲՀԿ նախարարներին ու մարզպետներին, այն դեպքում, երբ մարզպետներին ոչ թե վարչապետը, այլ կառավարությունն է իրավասու աշխատանքից ազատելու։ Ի դեպ, հինգ ամսում Ծառուկյանն ու Փաշինյանը ոչ մի անգամ միմյանց չեն հանդիպել, չեն խոսել ոչ մի հարցի առնչությամբ։ Խորհրդարանը շրջափակելու գիշերը, երբ Փաշինյանը Բաբլոյանի աշխատասենյակում հանդիպել է ՀՅԴ-ԲՀԿ-ՀՀԿ ֆրակցիաների հետ, Նիկոլն այդ ժամանակ ԲՀԿ-ին ասել է՝ առաջիկա օրերին վերջապես կհանդիպի Ծառուկյանի հետ, ինչն էլ նախօրեին արել է։ Ինչ վերաբերում է ԲՀԿ-ական փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, Ծառուկյանը Բելառուսից ասել է՝ իր գործն է, եթե ցանկանում է մնալ, թող մնա, բայց դա դավաճանություն է թիմի նկատմամբ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգը նոր զոհեր է տալու: Մեր տեղեկություններով՝ հերթում են Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ Սամոն և Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը: Նրանց գործած ծանր հանցագործությունները հովանավորել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Այս գործերով առաջիկայում «օրենքով գողերն» ու քրեական հեղինակությունները մեծ հաշվեհարդար են տեսնելու, և եթե նախկինում այդ գործերը Սերժ Սարգսյանն անձամբ իր հովանավորությամբ էր լուծում, այսուհետ նա ոչ մի կերպ չի խառնվում։ Արդյունքում ամեն ինչ դուրս է եկել վերահսկողությունից, և սկսել են կրակել օրինական զենքերը»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում ՀՀԿ-ին զանգվածային ուրացման շքերթներ են սպասվում։ Երեկ առաջին ծիծեռնակները երեւացին՝ ի դեմս նախկին գլխավոր դատախազ, իշխանությունների հիմնասյուներից Գեւորգ Կոստանյանի, գործարար պատգամավոր Արման Սահակյանի, որոնք հայտարարեցին դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտադրությանն իրենց աջակցությունը։ Լուրեր կան, որ Ալիկ Սարգսյանը նույնպես կհետեւի նրանց, սակայն Սերգեյիչը հայտնեց, որ դեռ վերջնական որոշում չունի, 10 օր է՝ խորհրդարան չի գնում եւ առաջիկայում էլ կշարունակի բոյկոտը։ Թե ինչու՝ խոստացավ պարզաբանել հայտարարությամբ։ Ի դեպ, երեկ լուրեր կային, որ Կոստանյանի այս պահվածքը «լուրջ» հիմք ունի՝ նախօրեին կայացել է Արարատ Միրզոյան-Կոստանյան հանդիպումը»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԱԾ-ն երեկ հայտարարություն տարածեց` տեղեկացնելով, որ բացահայտվել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ 2008թ. հոկտեմբերին իրականացված մահափորձը: Ըստ այդմ, պատվիրատուն ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանն է` Ալրաղացի Լյովիկը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Հատկանշական է, որ Լ. Սարգսյանը մշտապես գործել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, նույնիսկ իր որդու անունը Սերժ է դրել՝ ի նշան հավատարմության: Եւ այս մահափորձից հետո նա աննկատ հեռացավ քաղաքական ասպարեզից, բայց պահպանեց անձեռնմխելիությունը: Դեռ 2017թ. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Լ. Սարգսյանը հեռացել է ՀՀ-ից, բնակվում է Մոսկվայում` ընկերներից մեկի բնակարանում: Իսկ հեռացել է մեծ պարտքեր կուտակելու պատճառով. նա նախկին իշխանության երաշխավորությամբ բանկերից խոշոր վարկեր է վերցրել եւ «ընկել վարկի տակ», սննկացել: Երբեմնի օլիգարխի համարում ունեցող Լ. Սարգսյանն այսօր Երեւանում ունի մեկ սեփական բնակարան եւ վերջ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ում ուսումնասիրվում է բջջային հեռախոսների շուկայում 2006-2012թթ. ստեղծված արհեստական մենաշնորհի հարցը: Խոսքը, մասնավորապես, «Նոկիա» ապրանքանիշի հեռախոսների ներմուծման մասին է, որն անմիջականորեն կապվում էր Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի հետ: Դեռևս այդ տարիներին էր մամուլը գրում, որ Ֆինլանդիա պաշտոնական այցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը այդ երկրի իշխանություններից խնդրել էր որդու համար «Նոկիա» ապրանքանիշի հեռախոսների մենաշնորհ հաստատել: ԱԱԾ-ում քննվում են այն գործարարների դիմումները, ովքեր սնանկացել են այդ շուկայում հաստատված մենաշնորհի և իրենց նկատմամբ կիրառված պատժիչ գործողությունների արդյունքում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին երեկ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ Կարո Կարապետյանի եւ Հարություն Ղարագյոզյանի մասնակցությամբ միջադեպից: Մեզ հասած տեղեկություններով` վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ Կարապետյանը սկսել է հայհոյանքներով խոսել եւ պահանջել 4 մլն դոլար պարտքը: Խոսակցությունը վերածվել է քաշքշուկի, որից հետո Ղարագյոզյանը հանել է ատրճանակը, հնչել է կրակոց: Տեսնելով արյունաքամ Կարապետյանին՝ Ղարագյոզյանը ցանկացել է տեղում ինքնասպան լինել, սակայն ներկաներից մեկ այլ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը չի թողել: Ղարագյոզյանը հեռացել է: Երբ իրավապահները հասել են դեպքի վայր եւ իմացել են, թե ով է կրակողը, եւ անգամ ցանկացել է հենց ռեստորանում ինքնասպան լինել, անմիջապես գործի են անցել եւ փնտրել Հ. Ղարագյոզյանին: Նախ գնացել են նրա տուն, հնարավոր բոլոր վայրերը, որտեղ նա կարող էր տեսականորեն լինել, սակայն չեն գտել նրան: Միայն հաջորդ օրը` առավոտյան, նա գտնվեց իրեն պատկանող քարի արտադրամասում՝ ինքնասպան եղած:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական դաշտում երեկ իրար հաջորդած անսպասելի զարգացումներից հետեւությունը մեկն է. Հայաստանում մինչեւ տարեվերջ կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրություններ: ՀՀԿ-ն, որ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարին ամեն կերպ դիմադրում էր, պարզապես քանդվում է: ՀՀԿ խմբակցության պատգամավորներից մի քանիսը հայտարարեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին սատարելու եւ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին: Ընդ որում, Փաշինյանին սատարելու մասին խոսել է նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը, որ ոչ վաղ անցյալում վարչապետի ամենակոշտ քննադատներից մեկն էր: Մինչդեռ երեկ Գեւորգ Կոստանյանն ասել է. «Միշտ կկանգնեմ Նիկոլ Փաշինյանի կողքին: Նա ազնիվ է իր նպատակների, ցանկությունների մեջ»: Առաջիկա օրերին ՀՀԿ խմբակցության մի շարք այլ պատգամավորներ եւս հանդես կգան նման հայտարարություններով: Նրանց թվում շոշափվում է Տաճատ Վարդապետյանի, Արսեն Միխայլովի, Կնյազ Հասանովի եւ այլոց անունները: Սա պատահական չէ. ՀՀԿ խմբակցության պատգամավորներից շատերի հետ կառավարության ներկայացուցիչները սկսել են հանդիպում-բանակցությունների շարքը, այդ գործը վստահված է փոխվարչապետներ Արարատ Միրզոյանին ու Տիգրան Ավինյանին: Երեկ Փաշինյանը կոչ է արել այդ պատգամավորներին ոչ թե մեղադրել, այլ քաջալերել, քանի որ նրանք ընդունում են ժողովրդի կամքը: Միաժամանակ, դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելուն համաձայնել է ԲՀԿ-ն, որի ներկայացուցիչները դեռ մինչեւ վերջերս հակառակն էին պնդում, նույնիսկ ԱԺ-ում հայտնի սկանդալի կիզակետում հայտնվեցին: Սակայն երեկ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, որից հետո նրանք ստորագրել են համատեղ հուշագիր: Իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ երեկ հանդիպել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանին. ՀՅԴ-ում եւս սառույցը կոտրվում է, նրանք եւս շուտով կհամաձայնեն ԱԺ արտահերթ ընտրություններին: Ու պետք է նկատենք, որ քաղաքական գործընթացները կարծես ընթանում են անցնցում, հանգիստ եղանակով: Քաղաքական ուժերը փորձում են հասունություն դրսեւորել. հավանաբար նրանք դաս են քաղել հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում աղմկահարույց օրինագծի ընդունումից ու այդ ամենին ժողովրդի հակազդեցությունից:

Հայ ժողովուրդը նավարկում է Հայաստանի պատմության կարևոր ժամանակաշրջանում. Միլս
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար