Ինն ամսում քննված քրգործերով վերականգնվել է մոտ 1.2 մլրդ դրամի պատճառված վնաս. ՔԿ նախագահ

212

2018 թվականի ինն ամիսներին ՀՀ քննչական կոմիտեն գործել է գերծանրաբեռնված. քննիչների վարույթում քննվել է 19.520 քրեական գործ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է 4.104-ով կամ 26,6 %-ով: Ընդ որում՝ քննված քրեական գործերի 41%-ը քննվել է 2018թ. հուլիսի 10-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտարարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ ելույթը ունենալով Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավորի նիստում:


Նրա խոսքով, մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 46 քրեական գործ: Դա ամենաբարձր ցուցանիշն է ԱՊՀ բոլոր երկրներում։ Բացի այդ՝ Քննչական կոմիտեի շուրջ երեք տասնյակ քննիչ գործուղվել է քննչական այլ մարմիններ՝ Հատուկ քննչական ծառայություն, Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն, և խմբերի կազմում ներգրավվել նրանց վարույթներում գտնվող քրեական գործերի քննությանը։


«Պետք է փաստեմ, որ քրեական գործերի աննախադեպ աճի համատեքստում արտադրողականության բարձր մակարդակը ոչ միայն պահպանվել է, այլ նաև աճել. ավարտված գործերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 2347-ով. 9 ամիսների ընթացքում նախաքննությունն ավարտվել է 6390 քրեական գործով, որոնցից միայն 2176-ը, այսինքն՝ 34,1 %-ն ավարտվել է երրորդ եռամսյակում: Այս վիճակագրական տվյալները վկայում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները ջանք ու եռանդ չեն խնայել հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտել նախաքննությունը՝ դրանով իսկ անհարկի անհարմարություններ չպատճառելով քաղաքացիներին:


Ընդ որում՝ ուզում եմ ընդգծել, որ ՀՀ քննչական կոմիտեի արտադրողականությունը որոշելու չափանիշների մեջ հաշվառված չէ կասեցված քրեական գործերի քանակը։ Քրեական գործի վարույթի կասեցումը մենք չենք դիտարկում որպես քննչական աշխատանքի դրական ցուցանիշ, քանի որ դա վկայում է, որ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված քայլերը չեն տվել ցանկալի արդյունքը, հանցագործությունը չի բացահայտվել, մեղադրյալի ինքնությունը չի պարզվել, չի հայտնաբերվել։ Ավելին՝ հանձնարարություն եմ տվել ուսումնասիրել նախորդ տարիներին առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված և վարույթը կասեցված քրեական գործերի նյութերը ու ժամանակակից քրեագիտական, փորձագիտական հնարավորություններն օգտագործելով՝ ակտիվացնել քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը դրանք բացահայտելու ուղղությամբ։


Նախաքննության համակողմանիության ապահովումը Քննչական կոմիտեի կարևոր մարտահրավերներից է։ Օրենսդրությունը շատ հստակ պահանջ է ամրագրել և պարտավորեցրել վարույթն իրականացնող մարմնին յուրաքանչյուր գործով ապահովել քրեական գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը։ Դրա հետ մեկտեղ դեռևս պահպանված է խորհրդային ժամանակներից մնացած մտայնությունը, թե քննիչը քրեական հետապնդում իրականացնող մարմին է, մեղադրանքի կողմ։


Հետևողական քայլեր ենք ձեռնարկում՝ ձերբազատվելու այս մտայնությունից, որը պետք է նաև օրենսդրորեն լուծում ստանա։ Նախաքննությունը պետք է ուղղված լինի օբյեկտիվ իրականության բացահայտմանը և չպետք է կաշկանդվի մեղադրական բնույթի ապացույցներով։ Մինչդատական վարույթը Արդարադատության իրականացման կարևոր փուլերից է։ Գաղտնիք չէ, որ քրեական գործերով ապացույցները հիմնականում ձևավորվում են քննիչի կողմից, ուստի քննիչը պետք է անկաշկանդ ու անաչառ լինի քննությունն իրականացնելիս՝ պարզելու օբյեկտիվ իրականությունը։ Միայն այս դեպքում կկարողանանք ամրացնել իրավական պետության հիմքերը, որտեղ քաղաքացին իրեն օրենքով պաշտպանված կզգա, որտեղ հիրավի բոլորը հավասար կլինեն օրենքի առաջ՝ ապահովելով պատժի անխուսափելիությունը։


Կոռուպցիայի դեմ պայքար. ՀՀ քննչական կոմիտեն վերջին հարյուր օրերին իր ակտիվ ներդրումն է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Իմ կողմից հանձնարարվել է, որ կոռուպցիոն բնույթի գործերով ամփոփումներ իրականացվեն շաբաթական կտրվածքով՝ ըստ բնագավառների: Եթե համառոտ ամփոփենք կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նախաքննության 2018 թվականի ինն ամիսների արդյունքները, ապա կարող ենք ասել, որ կոռուպցիոն դրսևորումներ են բացահայտվել պետական կառավարման ամենատարբեր ոլորտներում։ Մասնավորապես՝ հարյուրավոր քրեական գործեր են հարուցվել դպրոցների, նախադպրոցական հաստատությունների, ԲՈՒՀ-երի, բժշկական կենտրոնների, սոցիալական ծառայության և հայփոստի, ավտոմեքենաների տեխնիկական զննություն իրականացնող ընկերությունների, բնապահպանության ծառայողների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների, ղեկավարների և պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումների դեպքերի առթիվ։


Նշված քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրվել դպրոցների տնօրենների, բուժաշխատողների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների, սոցիալական աջակցության տարածքային գործակալության, «Հայփոստ» ՓԲ ընկերության, Բնապահպանության նախարարության ծառայողների, «Հայանտառ» ՊՈԱԿ պաշտոնատար անձանց, անտառապահների և այլն։


Քրեական գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ չարաշահումները կրել են զանգվածային բնույթ, որոնցով պետությանը պատճառվել են առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, և դրանք վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը մշտապես գտնվում են քննության ուշադրության կենտրոնում:


Հանցագործությամբ պատճառված գույքային վնասի հատուցում. 2018թ-ի 9 ամիսներում քննված քրեական գործերով վերականգնվել է 1.215.883.750 ՀՀ դրամի պատճառված վնաս, որից 49%-ը՝ 573.302.915 ՀՀ դրամ գումարը, միայն վերջին ամիսներին՝ 2018թ. հուլիսի 10-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում:


Համեմատության համար ասեմ, որ 2017թ.-ի ամբողջ տարվա ընթացքում քննված քրեական գործերով վերականգնվել է 537.869.999 ՀՀ դրամ գումար: Այսինքն, 2018թ.-ի 9 ամիսների ընթացքում վերականգնվել է մոտ 2,5 անգամ ավել գումար:


Ներկայացվող ժամանակահատվածում տարբեր քրեական գործերով քննիչները կատարել են 845 խուզարկություն, ձերբակալել 172 անձի, 1335-ը ներգրավվել է որպես մեղադրյալ, որից 101-ը՝ պաշտոնատար անձ: Վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա՝ 147 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 35 պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվել է դատավարական հարկադրանքի այլ միջոց՝ պաշտոնավարության ժամանակավոր դադարեցում, հանցագործությունների նախականխման, դրանց հանգամանքները վերացնելու ուղղությամբ համապատասխան մարմիններին ներկայացվել է 94 միջնորդագիր, ձեռնարկված բացատրական աշխատանքների արդյունքում՝ քննչական բաժիններ են ներկայացել հետախուզման մեջ գտնվող 194 մեղադրյալ, ընդ որում՝ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու համար մեղադրվող 124 անձինք զորակոչվել են ՀՀ զինված ուժեր»,- ասել է նա։


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...