29.03.2024
ՀՀ-ում քաղաքական փոփոխությունները չեն ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա. ՌԴ ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Սակագների պատերազմը հեռու չէ. ՀԷՑ-ի, Գազպրոմի ու իշխանության շահերի բախում է հասունանում

Գազի եւ հոսանքի մատակարարման եւ սակագնային կարգավորման ոլորտները ներառում են նորանկախ Հայաստանի բոլոր կամ գրեթե բոլոր ողբերգությունները: Այս կարծիքին է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:


Նրա խոսքով, գազի եւ հոսանքի մատակարարման եւ սակագնային կարգավորման ոլորտներին առնչվող ողբերգություններն են արտագաղթը, տնտեսության գլխապտույտ անկումը եւ դեգրադացիան, ծայրահեղ անմրցունակությունը, ահռելի պետական պարտքի կուտակումը, բնակչության սարսափելի աղքատացումը եւ ծայրահեղ ունեցվածքային բեւեռացումը, բազում այլ խնդիրներ հենց պայմանավորված են էներգետիկ ոլորտում տասնամյակներ տեւած կոռուպցիայով եւ թալանով:


«Այդ մասին, թերեւս, ամենից շատ է գրվել եւ խոսվել, բայց իրավիճակը էապես չի փոխվել, քանի որ խնդրի լուծման բանալիները քաղաքական եւ աշխարհաքաղաքական ոլորտում են։ Հիմա առաջին անգամ հնարավորություն է ստեղծվել դրանց համակարգային լուծում տալ՝ ամբողջական քաղաքական փոփոխություններից հետո, երբ կձեւավորվի լեգիտիմ ու պատասխանատու իշխանություն՝ իր բոլոր թեւերով, կբացահայտվեն բոլոր խեղումներն ու անարդյունավետությունները»,- Facebook-յան իր էջում նշում է նա ու անդրադառնում վերջերս աղմուկ հանած գազի սակագինը 10 տոկոսով եւ էլեկտրական հոսանքի սակագինը՝ 10 դրամով իջեցման հնարավորության մասին հայտարարությանը։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջով ստեղծված աշխատանքային խմբի անդամ, էներգետիկ ոլորտի փորձագետ Էդվարդ Արզումանյան հայտարարել էր, որ այս պահի դրությամբ ՀՀ-ում հնարավոր է գազի սակագինը նվազեցնել 10 տոկոսով եւ էլեկտրական հոսանքի սակագինը՝ 10 դրամով:


Նրան հակադարձել եւ այդ հայտարարությունը մանիպուլատիվ էր որակել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Էլեկտրական հոսանքի սակագինը 10 դրամով նվազեցնելու հնարավորությունը հերքել էր նաեւ ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ը:


Մարգարյանի խոսքով, ապշել կարելի է Հայաստանի գազամատակար Գազպրոմ-Արմենիայի, ՀԷՑ-ի եւ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաԺողովի համերաշխ միասնականության ու օպերատիվության վրա, որով նրանք, ըստ էության համաձայնեցված ու կոորդինացված ձեւով, հարձակվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների ուսումնասիրության աշխատանքային խմբի անդամ Էդուարդ Արզումանյանի վրա։


«Բավական էր վերջինս լրատվամիջոցներով հոկտեմբերի 4-ին հայտարարեր արդեն այս պահին գազի սակագնի 10 տոկոսով եւ էլեկտրական հոսանքի սակագնի՝ 10 դրամով իջեցման հնարավորության մասին, որպեսզի սկզբում գազամատակարար մոնոպոլիստը, այնուհետ «Տաշիր գրուպ»-ին պատկանող ՀԷՑ-ը խոսքները մեկ արած՝ գրեթե միաժամանակ, հերքեին էներգետիկ ոլորտի բազմափորձ մասնագետի հիմնավորումները, հասկանալի է՝ իրենց շահերի զանգակատնից»,- նշում է նա։


Սակայն, այս պատմության մեջ, տնտեսագետի համար, առավել տարօրինակը եւ արտառոցը Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ավելի քան տենդենցիոզ, ու անշրջահայաց արձագանքն է։


«Այն տպավորությունն է, որ ՀԾԿՀ-ն շաբաթ օրվա (նկատենք՝ ոչ աշխատանքային) իր հայտարարության մեջ վարչապետի ստեղծած աշխատանքային խմբի անդամին «ինչ-որ փորձագետ» որակելով ու նրա հայտարարությունները իբրեւ «հիմքից զուրկ ապատեղեկատվություն» գնահատելով, իրեն ի սկզբանե դնում է նշված ընկերությունների շահերի սպասարկուի կարգավիճակում։ Սա, ըստ էության, քաղաքական հայտարարություն է մի հանձնաժողովի կողմից, որը համաձայն իր կարգավիճակի՝ պետք է սակագների միջոցով հավասարակշռի բոլոր կողմերի շահերը՝ ե՛ւ վաճառողի, ե՛ւ գնորդի, ե՛ւ պետության»,- ընդգծում է Մարգարյանը։


Նրա խոսքով, առաջիկայում սակագների թեման դառնալու է երկրի թե՛ տնտեսական եւ թե՛ քաղաքական օրակարգի գլխավոր թեմաներից մեկը։ «Ու այդտեղ անհնար է լինելու խուսափել շահերի մեծագույն բախումից եւ ուղղակի խայտառակ բացահայտումներից։ Ստացվում է՝ թավշյա հեղափոխությունը մտնում է նաեւ բնական մենաշնորհների ոլորտ»,- եզրափակում է նա։

Ջոն Բոլթոնը կժամանի Հայաստան. Սուրեն Սարգսյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար