Ոչ միայն Հենրիխ Մխիթարյանը. քանի՞ դիվանագիտական անձնագիր է չեղարկել ԱԳՆ-ն

1375

«Արսենալի» ու Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու լուրը մեծ աղմուկ է բարձրացրել ՀՀ-ում: Այդ լուրը տարածեց «Հրապարակ» օրաթերթը: Թեմային անդրադարձել են Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը եւ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:


ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու լուրն անվանել է հիասթափեցնող ու առանց ծանրութեթև անելու կայացված այս որոշումն:


Մեծ հիասթափությամբ այսօրվա մամուլից տեղեկացա, որ Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: «Այս մասին չէի արտահայտվի, եթե այն լուրը չտարածվեր մամուլում և չլիներ մեկ էական հանգամանք. Հենոյին դիվանագիտական անձնագիր տալու գաղափարի հեղինակը,նախաձեռնողը և «լոբբիստը» եղել եմ ես:


Պատճառն էլ ոչ թե եղել է այն, որ դիվանագիտական անձնագիրը «առանձնաշնորհ» է կամ «զարդ» (ինչպես կարող է թվացած լինել այն չեղարկելու որոշման հեղինակներին), ինչի կարիքը ով-ով, բայց Հենոն հաստատ չունի, այլ այն պարզ հանգամանքը, որ միջպետական ու միջազգային համաձայնագրերով ՀՀ դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիները ազատված են շատ երկրներ մուտքի թույլտվություն` վիզա ստանալու անհրաժեշտությունից:


Հանդես գալով միջազգային գրանդ ակումբում, մասնակցելով միջազգային տարբեր մրցաշարերի, իր ակումբի հետ ուսումնամարզական հավաքների մեկնելով տարբեր երկրներ՝ Հենրիխ Մխիթարյանը ոչ թե ստիպված կլիներ ամեն անգամ իր սովորական անձնագիրը հատուկ փոստով ուղարկել Երևան կամ այլ քաղաքներ և անցնելով տևական գործընթաց այդ երկրների վիզա ստանար(ակումբակիցները նման անհրաժեշտություն չունեն, որովհետև ներկայացնում են ԵՄ կամ այլ երկրներ, որոնց քաղաքացիներն ազատված են շատ երկրների վիզա ստանալու պահանջից), այլ ամբողջությամբ կենտրոնանա իր խաղի ու արդյունքի վրա:


Իմ պատկերացմամբ՝ սա էլ մեր երկրի հնարավոր փոքրիկ տեխնիկական աջակցությունն էր մի հայի, ով Հայաստանն ու հայ ժողովրդին շատ ավելի ճանաչելի է դարձրել ու շարունակում է դարձնել աշխարհում, քան մի քանի տասնյակ դիվանագետներ ու պաշտոնյաներ միասին վերցրած”:


ԱԺ-կառավարություն առաջիկա հարցուպատասխանի ժամանակ Ֆարմանյանն այս հարց-ամոթանքն ուղղելու է ՀՀ կառավարությանը, հույսով, որ առանց ծանրութեթև անելու կայացված այս մի որոշումն արագ կվերանայեն և կգտնեն ձևը ներողություն խնդրելու մեր ֆուտբոլային հանճարից ու նրան վերադարձնելու իր դիվանագիտական անձնագիրը»,-գրել է Սամվել Ֆարմանյանը:


Մինչ Ֆարմանյանը պատրաստվում է այդ հարց-ամոնթանքն ուղղել կառավարությանը, խնդրին արդեն անդրադարձել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: ԱԳՆ-ում այսօր կայացած ասուլիսի ժամանակ նա նախ տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ չեղարկվել է 254 քաղաքացու դիվանագիտական անձնագիր:


Միեւնույն ժամանակ Տիգրան Բալայանն անձամբ Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ հստակ պատասխան չտվեց, նշելով, որ դա օրենքով պաշտպանված անձնական տվյալ է:


«Բայց ընդհանրապես, ինչ վերաբերում է դիվանագիտական անձնագրերի այս կամ այն անձին տրվելու, չեղակրելու կամ հետ վերադարձնելու հարցին, ապա կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ չեղարկվել է 254 դիվանագիտական անձնագիր, որոնք մեր կոչերից ու հորդորներից հետո չեն վերադարձվել:Չեմ կարող անուններ հրապարակել, թե կոնկրետ ում մոտ են եղել դիվանագիտական անձնագրեր, քանի որ դա կարծեմ, պաշտպանված է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով»,-ասաց Տիգրան Բալայանը:


Նա նաև հայտնեց, որ բացի 254 չեղարկված դիվանագիտական անձնագրերից, 100-ից ավելի անձնագրեր հետ են վերադարձվել:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԳՆ-ն սկսել է նախկին պաշտոնյաների կողմից դիվանագիտական անձնագրեր կրելու իրավասության վերանայման գործընթաց։ ՀՀ օրենսդրության համաձայն պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը պետքէ հանձնեն ՀՀ արտաքին գործերի նախարարություն։


«Մենք այդ մասին տեղեկացրել ենք համապատասխան պետական մարմիններին և շահագրգիռ անձանց։ Հաշվի առնելով, որ ոչ բոլորն են հանձնել իրենց անձնագրերը, հորդորում ենք այդ գործընթացնիրականացնել մինչև ս․թ․ հուլիսի 31-ը՝ որից հետո չհանձնված, ինչպես նաև կորած դիվանագիտական անձնագրերը կհայտարարվեն անվավեր», - ասված էր ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Տպել

Թեմայի այլ նորություններ