Այդ փաստարկները, մեղմ ասած, ծիծաղելի են. Փաշինյանը գոհ է երևանցիների մասնակցության թվից

291

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է այն հայտարարություններին, թե Երևանի ավագանու ընտրություններում քաղաքացիների մասնակցությունը ցածր է եղել:

Ըստ վարչապետի, փաստարկները, որոնք բերվում են այս առնչությամբ, ուղղակի ծիծաղելի են.

«Այդ փաստարկները, մեղմ ասած, ծիծաղելի են, քանի որ Երևանի ավագանու վերջին ընտրություններին, երբ մարդիկ գազելներով ու ավտոբուսներով, վարչական լծակներով ու ընտրակաշառքով էին հարկադրաբար բերվում ընտրատեղամասեր, ըստ էության, ավելի քիչ մարդ էր մասնակցել: Մեր ընտրական ցուցակները չեն արտացոլում իրական պատկերը, որը գոյություն ունի: Այսինքն, նրանք ցուցակներում են, բայց Հայաստանում չեն»,- ասաց նա՝ նկատելով, որ ընտրացուցակները բարելավելու կարիք կա:

Մեկ այլ հանգամանք, որ նա բերեց, այն է, որ նախորդ ընտրակաշառքային ընտրություններում տարիքով քաղաքացիներին ստիպողաբար բերում էին տեղամասեր հավելյալ ձայներ ստանալու համար, իսկ այս անգամ տարեց քաղաքացիները որոշել են չգնալ, որոշներն էլ պարտադրված կամ որևէ մեկի առաջ պարտավորված չեն եղել ինչ-որ ձևով հասնել ընտրատեղամասեր:

«Այս ընտրություններին քաղաքացիների կողմից տված վստահության մանդատը որևէ կասկածի ենթարկվել չի կարող»,- շեշտեց նա:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ուժերին՝ ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, Լույս դաշինքին և մյուսներին, նրանց մասնակցության ու նաև հաղթող «Իմ քայլը» դաշինքին շնորհավորելու համար:

Վարչապետն անդրադարձավ նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու խնդրին՝ նշելով, որ անցած ընտրությունների արդյունքները նաև ազդանշան են, որ այդ հարցում հապաղել պետք չէ.

«Ես խնդրել էի քաղաքացիներին նաև քվեարկել ԱԺ արտահերթ ընտրություններին հասնելու մանդատ տալու համար, որպեսզի ես խորհրդարանական և ոչ խորհրդարանական ուժերի հետ բանակցություններ սկսեմ՝ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ: Երևան վերադառնալուց հետո ես կհրավիրեմ խորհրդակցություններ, որպեսզի տեսնենք, թե ինչ ժամկետներում ենք հասնում դրան: Քաղաքական զարգացումները ցույց տվեցին, որ շատ արագ դրանք պետք է անցկացվեն: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ այս խորհրդարանը չունի գործելու մանդատ, քանի որ խորհրդարանական ուժերը, միասին վերցրած, շատ քիչ ձայն հավաքեցին»,- ասաց Փաշինյանը:


Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում նախնական տվյալներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է 81,06 տոկոս, ԲՀԿ-ն՝ 6,95 տոկոս, «Լույս» դաշինքը՝ 4,99 տոկոս:


 


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ