Շուտով համաձայնեցված կհայտարարվի այդ մասին. Մնացականյանը հանդիպելու է Մամեդյարովի հետ

220

Ղարաբաղյան հիմնախնդիրը մեզ՝ Հայաստանի համար, Արցախի համար վերաբերում է մարդուն, վերաբերում է Արցախի հարյուր հիսուն հազար բնակիչներին՝ մեր հայրենակիցներին, ում անվտանգության և գոյության համար առկա է հստակ սպառնալիք: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ «Հանրային» հեռուստաընկերության «Իրականում» հաղորդմանը տված հարցազրույցում:


Նրա խոսքով, այն պայմաններում, երբ “մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ շարունակվում է այլատյացության, ատելության սերմանումը, չենք պատկերացնում, թե ինչպես է հնարավոր խոսել իրավունքի մասին”:


Նախարարը խոսել է նաեւ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը փոխելու Բաքվի փորձերի մասին: “Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը եղել և մնում է ամենագործնական, ամենաարդյունավետ ձևաչափը, որի շրջանակներում տեղի է ունենում բանակցային գործընթացը: Ձևաչափի որևէ փոփոխություն որևէ արդյունք չի ունենալու: Մենք բնականաբար դեմ ենք լինելու դրան”, - ասել է նա:


Զոհրաբ Մնացականյանը նաեւ անդրադարձել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորություններն ընդլայնելու հարցին, որը քննարկվում էր դեռ ութ ամիս առաջ: Նա նշել է, որ դժբախտաբար Ադրբեջանը շարունակում է արգելափակել այս հարցը:


“Բայց ես ավելի կընդհանրացնեի այս հարցը, քանի որ այն ոչ միայն դրան է վերաբերում, այլև ընդհանրապես խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը, զինադադարի ռեժիմի ամրապնդմանը, վերացնելուն բոլոր վտանգները, որոնք կարող են բերել լարվածության աճին: Սա ավելի համապարփակ հարց է, իր մեջ պարունակում է բազմաթիվ ենթահարցեր, որոնցից մեկն է անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման հարցը: Մենք շարունակելու ենք այս հարցի շուրջ աշխատել”, - ասել է նա:


Խոսելով բանակցային գործընթացին Արցախի ուղղակի մասնակցությա մասին, որը պնդում է հայկական կողմը, նախարարը նշել է, որ Արցախն արտահայտվել է այդ հարցի վերաբերյալ: “Սա նորություն չէ: Իրականում այն, որ Արցախն ունի որոշիչ ձայն այս գործընթացում, արտահայտվել է բազմիցս, և դա իրողություն է: Արցախի որոշիչ ձայնի կիրառելիությունն ապահովելու համար մենք շարունակելու ենք աշխատել այս հարցի շուրջ: Հստակ է, որ առանց Արցախի որոշումների որևէ տևական կայուն լուծում ենթադրելն ու պատկերացնելն անհնար է”, - ընդգծել է նա՝ նշելով, որ չի կարելի ենթադրել, որ քանի դեռ Արցախի մասնակցության հարցը հստակ չէ, բանակցությունները կանգ են առնում։


“Ոչ, չի կարելի այդպես ասել, որովհետև մենք շարունակում ենք մնալ կառուցողական: Հայաստանը շարունակելու է կառուցողական աշխատել խաղաղ բանակցությունների գործընթացի շրջանակներում, և աշխատել բոլոր այս հարցերի շուրջ, որովհետև բանակցությունների միջոցով է, որ մենք կարող ենք լուծումներ տալ”, - ասել է նախարարը՝ հավելելով, որ մոտ ժամանակներս հնարավոր է հանդիպում տեղի ունենա Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ՄԱԿ-ում։


“Մոտ ժամանակներս մենք համաձայնեցված ձևով կհայտարարենք այդ մասին”, - ասել է նա՝ հստակ չնշելով հանդիպման ժամկետը: “Ես փորձում եմ կոռեկտ լինել, մենք ունենք հայտարարելու համաձայնեցված պահը և շուտով այդ մասին կհայտարարենք”, - նշել է Մնացականյանը:

Տպել

Թեմայի այլ նորություններ