Բաքուն Վաշինգտոնին բողոքի նոտա է հղել` Բիլզերյանի Արցախ կատարած այցի հետ կապված

280

Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել երկրում ԱՄՆ գործերի հավատարմատարը` կապված ամերիկահայ Դեն Բիլզերյանի` Արցախ կատարած այցի հետ. հայտնում է haqqin.az-ը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:


Նրա խոսքով` դիվանագետին ԱՄՆ պետդեպարտամենտին հասցեագրված բողոքի նոտա է փոխանցվել, որում ասվում է, որ Դեն Բիլզերյանը, գտնվելով «օկուպացված տարածքներում», անօրինական գործողությունների է դիմել և կրակել զենքից: Բողոքի նոտայում ցանկություն են հայտնել, որպեսզի ԱՄՆ կառավրությունը հնարավորն անի, որպեսզի հետագայում ԱՄՆ քաղաքացիները զերծ մնան «օրենքի», «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» խախտումներից:


Նախօրեին հայտնի դարձավ, որ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել հայտնի ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանի Արցախ այցելելու վերաբերյալ եւ միջազգային հետախուզում հայտարարվել: Բաքուն այն համարում է «ապօրինի»: Նշվում է, որ Արցախում նա «ապօրինաբար ձեռք է բերել նռնակներ, հրացան և այլ հրազեն՝ ցուցադրաբար կրակ բացելով»: Բիլզերյանի դեմ քրգործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ 228.3 և 318.2 հոդվածներով:


People ամսագրին տված հարցազրույցում Բիլզերյանը նշել է, որ Արցախ է այցելել մի խումբ անձանց հետ, սակայն միայն իր նկատմամբ է հետախուզում հայտարարվել: Ադրբեջանը դիմել է նաեւ Ինտերպոլ՝ Բիլզերյանին միջազգային հետախուզում հայտարարելու համար: Նա կարծում է, պատճառը իր հանրային կերպար լինելն է: «Կարծում են պատճառն այն է, որ ես հանրային կերպար եմ, իսկ ադրբեջանցիները փորձում են ինձ որպես օրինակ օգտագործել»,- հայտարարել է Բիլզերյանը:


Միևնույն ժամանակ ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապ է հաստատել Ինտերպոլի հետ և կոչ արել մերժել Ադրբեջանի հարցումը, որպես քաղաքականապես մոտիվացված: Բիլզերյանն ասել է, որ մտադիր է դիմակայել մեղադրանքներին և հավելել է, որ այժմ կենտրոնացած է աշխատանքի վրա: «Ես մտադիր չեմ երբևէ այցելել Ադրբեջան»,- հավելել է նա:


Դեն Բիլզերյանը Հայաստան է ժամանել օգոստոսի 27-ի վաղ առավոտյան: Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել և հաշվառման կանգնել ՀՀ ԶՈւ-ում: Երևանից նա մեկնել է Արցախ: Արցախում նա հանդիպել է ուժայինների հետ և կրակել տարբեր զինատեսակներից, այդ թվում՝ նռնականետից: Բիլզերյանն Արցախ էր մեկնել հոր և եղբոր հետ: Նրանց հետ էր նաեւ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...